Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ



ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍՏղան վատ էր զգում, որ նման ուշադրության էր արժանացել. բոլորը վեր էին կենում,  իր կենացն էին խմում, ասում էին բաներ, որ իրեն երբեք չէին ասել, որ իր հետ առնչություն չէին ունեցել: Բայց մայրը բոլորին  լսում, հավանաբար նաև հավատում էր: Մերթընդմերթ էլ, իբր խավարտի ափսեները թարմացնելու համար, գնում էր խոհանոց, սրբում էր արցունքները, վերադառնում: Փորձում էր ժպտալ ու շատ դժվար էր ժպտում: Հայրը, հայտնի չէ , մո՞րը, թե՞ ինքն իրեն գոտեպնդում էր:

-Հայրենիքը սրբություն է,- կարկամում  էր,-Հայրենիքին ծառայելը սրբություն սրբոց է,-կարկամում, բայց  լրացնում էր:

Գիշերվա, ո՞վ գիտե, որ ժամն էր՝ հյուրերը հիշեցին, որ առավոտ վաղ է զարթնելու, վեր կացան: Կենացները  ամփոփեց պատկից հարևանը՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ ընկեր Վարդանյանը, որ վաղուց արդեն թոշակի էր անցել, բայց ամբողջ շենքի համար ընկեր Վարդանյան էր մնացել: Նա ասում էր, որ հայոց պետականությունը հզոր է իր բանակով, որ ազգային բանակը իրականացրել է ժողովրդի նվիրական երազանքը՝ ազատագրել է Արցախը, նորակոչիկ զինվորների  հայրենանվիրումով իրականացնելու է նաև մյուս երազանքները, ազատագրելու է Նախիջևանը, Արևմտահայաստանը, Կիլիկիան, այսինքն՝ վերականգնելու է պատմական արդարությունը:

Ութերորդ հարկի Հարություն պապը, որ հազար տարի Երևանում էր ապրում, բայց էլի արևմտահայերեն էր խոսում, տեղից ելավ, արցունքոտ աչքերը ճպճպացնելով տղային մոտեցավ, ճակատը համբուրեց:

-Ցավդ տանեմ,- ասաց,- ես արդեն հարյուրն անց եմ,  խնդրում եմ, նախ  Կիլիկիան ազատագրեք, բնօրրանս տեսնեմ, ձեզ օրհնելով՝ մեռնեմ:

Հենց հյուրերը գնացին, գրպանի պարկուճը շոշափեց, ոտքի ելավ:

-Մա՛մ,- իբր նոր հիշեց,- վռազ  տեղ եմ գնում:

Չասաց՝ ո՞ւր է գնում, բայց մայրը, իհարկե, գիտեր: Ձևացրեց, թե չգիտի.

-Շուտ կգա՞ս:

-Կես ժամ չի քաշի:

Գիշերային հերթապահ  տաքսին իր տեղում՝ խաչմերուկի մայթեզրին էր: Տղան քշել տվեց մինչև այն շենքը, որն իրեն պետք էր, վարորդին խնդրեց սպասել, դուրս եկավ, գրպանից պարկուճը հանեց, սիրած աղջկա ընտանեկան ավտոտնակին փչվող տողերով գրեց. «Ես քեզ սիրում եմ: Կսպասես: Որ սպասես՝ շուտ կգամ: Ողջ-առողջ կգամ»:

Վարորդը, քունը հաղթահարելու համար,  տաքսու դուռը բաց  էր թողել, երևի գրածը կարդացել էր: Հենց վերադարձավ, հարցրեց.

-Վաղը բանա՞կ ես գնում:

-Այո՛,- ասաց տղան:

-Չգնա՛ս,- ասաց վարորդը:

-Ինչի՞,- զարմացավ տղան:

-Ես կգամ, քեզ կտանեմ:

Առավոտ վաղ, իրոք, շքամուտքի մոտ սպասում էր: Տղային, ազգական-բարեկամ շատ ուներ,  մեքենաների քարավան էր ուղեկցում: Բայց տաքսու վարորդը ճանապարհը շեղեց ու հավաքակայան գնալու փոխարեն, տղային նախ սիրած աղջկա շենքը տարավ, ավտոտնակի մոտ ընթացքը դիտմամբ դանդաղեցրեց: Տղան զարմանքով տեսավ, որ գրածի տակ լուսադեմին ինչ-որ մեկն ավելացրել էր. «Կսպասեմ: Միայն՝ շուտ արի: Ողջ-առողջ արի»: Տղան զարմացած էր, որովհետև սիրած աղջիկը չէր կարող այդքան վաղ զարթնած լինել, նման ծուռտիկ-մուռտիկ տառեր գրել: Նայեց վարորդին: Վարորդը լուսացույցին էր նայում: Կանաչ  լույսի էր սպասում…

Իսկ մի քանի ժամ անց այդ ամենը հեռավոր անցյալ  էր: Տղան զորամաս հասավ, առաջին անգամ զինվորական համազգեստ հագավ ու համոզվեց՝ իր կյանքում ճակատագրական իրադարձություն տեղի ունեցավ: Համազգեստին դրոշմված էր ազգային պետականության խորհրդանիշը, ու այդ պահից ինքն էր պաշտպանելու մորը, հորը, սիրած աղջկան, տաքսու վարորդին: Ամբողջ Արարատյան Հայաստանը:

Հետո նրան զենք տվեցին, հրամանատարն առաջին անգամ դիրք տարավ:  Մինչ այդ, տղան Արցախում չէր եղել:  Նախիջևանի, Արևմտահայաստանի, Կիլիկիայի մասին, իհարկե, լսել էր, բայց որոշակի պատկերացում չուներ: Հենակետի բարձունքից նա տեսավ ազատագրված Արցախը:  Տեսավ Նախիջևանը, Արևմտահայաստանը, Կիլիկիան: Զենքի ծանրությունը ճնշում էր ուսը, բայց չէր նեղվում, հավատում էր, որ այդ զենքով է քայլելու այն ճանապարհով, որով քայլել էին Արցախն ազատագրողները, ու ի՛նքը, ի՛նքն է վերականգնելու պատմական արդարությունը:

Բայց ո՞վ է այդ տղան, հեղինակն ինչո՞ւ անունը չի գրում: Չի գրում, որովհետև այդ տղան դո՛ւ ես, դո՛ւ, որ այսօր զորակոչվել ես ազգային բանակ: Որ զորակոչվելու ես վաղը, տասը, հարյուր տարի հետո:  Այդ տղան դուք բոլորդ եք, հա՛յ զինվորներ, դուք բոլորդ մեր հույսն եք ու հպարտությունը:

Իսկ աղջիկնե՞րը: Մի՛ տագնապեք, աղջիկները կսպասեն:

Նրանք ձեզ սիրում են:

 

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #3 (1250) 18.07.2018 - 24.07.2018, Բանակ և հասարակություն


19/07/2018