ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕԿՐՈՒԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է, որ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը հետայսու նման հարցերում առավել զգույշ և հետևողական է լինելու։
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102-րդ ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ առողջ հարաբերությունների ձևավորմանը։
Խորագիր՝ Նորություններ