ԸՆԴԳԾՎԵԼ Է ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է և իրականացվում է մի քանի ձևաչափերով` փոխադարձության սկզբունքով փորձի փոխանակման տարեկան 15-20 միջոցառումներ, համագործակցություն ռազմական կրթության բնագավառում և այլն, Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության անկյունաքարը համատեղ մասնակցությունն է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:
Դեսպան Քիսլերն ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը Գերմանիայի համար և նշել, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակելու քննարկումները համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր` ներառյալ արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը:
Խորագիր՝ Նորություններ