Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՊԵՍ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ



ՈՐՊԵՍ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՄարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքն էլ սահմանապահ-սահմանամերձ մեր մյուս բնակավայրերի նման իր  լուծված ու չլուծված բազում խնդիրներով ապրում-արարում է պատերազմի եւ խաղաղության սահմանագծին: Գյուղի սկզբնամասում առաջինը մեզ դիմավորում են պահակակետի զինվորները:

Անկրկնելի-անզուգական հմայք ունի Տոնաշենը: Շուրջբոլորը լեռներ ու անտառներ են, առատության եղջյուրն ասես կոտրվել է այստեղ. բնության բարիքների պակաս չկա,  ուրցի, դաղձի սուր  բուրմունքն աշխարհ է բռնել, ինչ միրգ ու հատապտուղ մտքովդ անցնի, այստեղ կհանդիպես: Ճանապարհների եզրերին մոշի կպչուն թփեր են, որ տաք արեւից էլ ավելի են հասունանում, քաղցրանում: Աչքդ ուր կտրի՝ բազմերանգ բնապատկերներ են:

Մինչ այժմյան գյուղի հիմնադրումը, այստեղ եղել է հին հայկական բնակավայր: Հին Տոնաշենի պատմությունը դարերի խորքից է գալիս, այդ են վկայում շրջակայքի բերդերն ու ամրությունները, եկեղեցիներն ու վանքերը, մամռոտած տապանաքարերը: Ըստ  ավանդույթի՝ գյուղը հիմնադրել է Վաչագան թագավորի տոհմակից  Տոնին(որոշ աղբյուրներում՝ Դոնին), որի պատվին էլ անվանակոչվել է…

1988-1994թթ. սահմանային բախումներից, ընդհարումներից Տոնաշենն անմասն  չմնաց,  ադրբեջանցիները այս տարածքն էլ են ոտնակոխ  արել, սակայն հայկական  ինքնապաշտպանական  ուժերը կարողացել են  ազատագրել հայրենի եզերքը: Այս փոքրիկ հողակտորի խաղաղության եւ ազատության համար իրենց կյանքն են նվիրաբերել շատ հայորդիներ, այդ թվում նաեւ Անկախության բանակի լեգենդար հրամանատար Լեոնիդ  Ազգալդյանը: Գյուղն ունեցել է  5 զոհ:

Տոնաշենի կենտրոնում վեր է խոյանում Երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան ազատամարտում զոհված տոնաշենցիների,  ինչպես նաեւ գյուղի պաշտպանության եւ ազատագրման համար մարտիրոսված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

1993 թ. մարտին, երբ ազատագրվեց  այս շենը, ամենուր թշնամու ձեռագիրն էր. ավերված-դատարկված,  այրված-մոխրացած տներ: Ժամանակի ընթացքում որոշ տներ նորոգվեցին կամ   բարեկարգվեցին, մի մասն էլ այդպես կիսաքանդ-կիսաավեր մնացին` որպես խոսուն վկա չլուծված հակամարտության…

Ներկայումս Տոնաշենում հովանավորների աջակցությամբ  շինարարական աշխատանքներ են ընթանում՝ նոր տներ են կառուցվում: Գյուղում վերջին ծնունդը մի ամիս առաջ էր, ամենափոքրիկ տոնաշենցու՝ Միքայել Հարությունյանի համար է նախատեսված նոր կառուցվող տներից մեկը: Միքայելի ծնողները՝  Անդրանիկն ու Ալեքսանդրան Ուկրաինայից վերադարձել են  հայրենի եզերքում ապրել-արարելու  վճռական որոշումով:  Հիմա համայնքի  ամենափոքրիկ բնակիչը  դեռեւս Երեւանում է,  սեպտեմբեր- հոկտեմբերին, երբ տունն արդեն վերջնական պատրաստ լինի, փոքրիկը կտեղափոխվի:

♦♦♦

ՈՐՊԵՍ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՇրջում ենք գյուղում, զրուցում տեղի բնակիչների հետ: Տոնաշենի ամենատարեց  բնակիչներից մեկը՝ Ժենյա տատը,  մեզ հազար տարվա հարազատի պես է ընդունում: Այգու վարդերի բույրն ըմբոշխնելով՝ ականջալուր ենք լինում  92-ամյա կնոջ կյանքի պատմությանը: Ապրել են Մինգեչաուրում,  հետո, երբ աշխարհը խառնվել է, ընտանիքով վերադարձել են հարազատ բնօրրան: Սրտում անթեղված մեծ վիշտ ունի Ժենյա տատը՝ որդին զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ:

– Առաջ գնացին ֆրոնտ, էնտեղ  մնացին, Հայրենականին  մենակ մեր գյուղից 90-ից ավելի մարդ է մասնակցել, 41-ը զոհվել, կեսն էլ հաշմանդամ-վիրավոր վերադարձել,  հետո Ղարաբաղի կռիվը եղավ, որդուս կորցրի,  հետո՝ ապրիլը… Էս աշխարհը երբ կխաղաղվի,- սրտի ցավն ու մորմոքը կիսում է տատը ու դառնացած շարունակում:- Մի կյանք է ամեն մեկիս բաժինը էս աշխարհում, բայց էդ էլ հազար դառնությունով ու տառապանքով  լիքն է…

Զրուցասեր են տոնաշենցիները, խոսում են տարբեր թեմաներից, խոսում են  պարզ ու անպաճույճ, հպարտանում  են իրենց շքեղ բնությամբ, պատմում  իրենց հոգսերից, բարձրաձայնում խնդիրները, իսկ  մտահոգիչ շատ բան կա՝ ճանապարհների անբարեկարգ վիճակը, ջուր կա, բայց չի ֆիլտրվում, հենց այդպես էլ օգտագործում են, բնակարանի խնդիր կա, երիտասարդների համար ազատ ժամանակի անցկացման համար ժամանցի կենտրոն  չկա… Տոնաշենցիները կարոտով  հիշում են  երբեմնի շեն ու ծաղկուն բնակավայրը, երբ կյանքը եռում էր…

Գյուղում ապրում են իսկական նվիրյալները, ապրում են հավատով, հաստատակամ, ամուր կառչած արմատներին: «Էս  մեր երկիրն է, ուր պիտի գնանք,- ասում էն:- Համ էլ՝ մեր կողքին մեր բանակն է, որ ամուր ու անառիկ է պահում մեր սահմանները: Բանակը մեզ ուժ է տալիս…»:

Սահմանամերձ գյուղի բնակիչները առանձնահատուկ սեր ու հարգանք ունեն զինվորի հանդեպ՝ զինվորն  իրենց խաղաղ կյանքի երաշխավորն է, իրենց անվտանգությունն ապահովողը:  Զինվոր-զինվորական  տեսնելիս էլ պարտադիր հյուրասիրում են իրենց այգու բարիքներից, տարեցներն էլ՝ օրհնանքի տուտն են բացում:

-Փառք Աստծո,  էս վերջերս կրակոցներ չկան,- ասում են,-  հետո վերհիշում են ապրիլյան օրերը, երբ շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել էր:  Երեխաներին, կանանց ու մեծահասակներին եղած մեքենաներով գիշերվա ուշ ժամին տարհանեցին, մնացին նրանք,  ովքեր  կարող էին զենք բռնել: Հետո, երբ քիչ թե շատ իրավիճակը  հանդարտվեց, վերադարձան, կյանքն ընկավ իր սովորական առօրյա հունի մեջ:

Ապրիլյան  դեպքերից հետո գյուղի բնակիչների թիվը   չնվազեց, հակառակը՝ մեկ ընտանիքով էլ ավելացել է:

ՈՐՊԵՍ ԾՆՆԴԱՎԱՅՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ-Թող բոլորը գան, վերադառնան, տեր կանգնեն հայրենի բնօրրանին: Մեկը կզբաղվի հողագործությամբ, մեկն  անասնապահությամբ,  տարածքում հէկեր  են կառուցվում, կաշխատեն, մոտերքում զորամաս կա,- ասում է համայնքի ղեկավար Մուշեղ Եդիգարյանը, որը 2007թ.  ղեկավարում է Տոնաշենը,- թող գան տեր կանգնեն իրենց հողին, օջախները ծխացնեն…

Համայնքապետի երեք տղաներն էլ  ուրիշ տեղ իրենց ապագան չեն պատկերացնում. «Ապրել ու ապրելու ենք այստեղ, սա մեր հայրենի եզերքն է,  որ ժառանգել ենք մեր նախնիներից՝ որպես ծննդավայր ու հայրենիք»:  Մուշեղի ավագ որդին՝ Անդրանիկը, Ապրիլյան քառօրյայի մասնակից է, մեդալներով է տուն վերադարձել, Դավիթ որդին  էլ Ջաբրայիլում է ծառայել: Կրտսեր որդին՝ Թադեւոսը,  դեռ չի ծառայել, 17 տարեկան է,  Ստեփանակերտի քոլեջում երաժշտական կրթություն է ստանում: Մի մեծ երազանք ունի Թադեւոսը՝ երազում է  իրենց համայնքում երաժշտական դպրոց բացել, որտեղ կլինեն նաեւ ազգային նվագարանների դասարաններ:  Ով գիտե, գուցե մի օր Թադեւոսի լուսավոր այս երազանքն իրականություն դառնա …

Համայնքում այսօր գործում է իննամյա դպրոց, որ Մատաղիսի կրթօջախի մասնաճյուղն է, յոթ աշակերտ է այստեղ ուսանում:  Հին խարխլված  դպրոցում  ամեն օր ոսկեղենիկ հայերենն է հնչում՝ աղոթքի պես մեղմ, զենքի պես հատու…

Իրիկնանում էր, երբ դուրս եկանք Տոնաշենից՝ արցախյան Դիլիջանից, այսպես եմ կնքել այս տարածքի անունը:  Մութը տիրական թեւերն էր փռում աշխարհի վրա: Գյուղի հատուկենտ  տներում մարում էին լույսերը:  Իսկ սահմանին արթուն  կանգնած են զինվորները, որ պահպանում են  մեր հողուջրի խաղաղությունը, որ հանգիստ  ապրենք-արարենք, որ երազենք ու մեր երազանքներն իրականություն դարձնենք հայրենի հողի վրա…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Բանակ և հասարակություն


26/07/2018