Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԱՀՈՒՆ ՀՅՈՒՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԱՀՈՒՆ ՀՅՈՒՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ ամեն տարի Հայաստան են ժամանում սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆից, Գերմանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից և մի շարք այլ երկրներիցՀիմնադրամի առաքելությունը հայրենիքսփյուռք կապերն ամրապնդելն է, սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելը: Մեր եղբայրներին և քույրերին հնարավորություն է տրվում կամավորական աշխատանքի միջոցով ներդրում ունենալու հայրենիքի բարգավաճման գործումՅուրաքանչյուրի համար ընտրվում է իր մասնագիտությանը համապատասխան գործ: Օրական վեց ժամ աշխատելուց հետո, ամեն շաբաթ օր երիտասարդներն այցելում են Հայաստանի տարբեր անկյուններ՝ ամենահայտնի վայրերից մինչեւ ամենախուլ գյուղեր: Կամավորները հայրենիքում բնակվում են հյուրընկալ ընտանիքներումինչն էլ օգնում է ավելի արագ հարմարվելու նոր միջավայրին:

 

Պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում սփյուռքահայ երիտասարդներն այցելում են նաեւ ՀՀ ԶՈՒ զորամասեր, «Եռաբլուր» զինվորական պանթեոն, «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Բայց մինչ այդ հուլիսի 20-ին  եկել էին պաշտպանության նախարարություն՝ Դավիթ Տոնոյանի հետ  հանդիպելու: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարեւորեց  Հայաստանի սահմաններից դուրս ապրող երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման եւ հզորացման գործում: Դավիթ Տոնոյանը ներկայացրեց հայկական բանակի կենսագործունեության եւ զարգացման առաջնահերթությունները: Զինված ուժերի ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես՝ այնպիսի զինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի նկատմամբ:  Նախարարը խոսեց նաեւ բարեփոխումների մասին. ներկայացրեց առաջնագծի արդիականացմանը, ինժեներական նոր լուծումների ներդրմանը,  զինծառայողների կրթության շարունակականությանը,   սոցիալական պաշտպանությանը,   բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերը: Պաշտպանության նախարարը անդրադարձավ միջազգային համագործակցությանը` նշելով, որ մեր շահերը բազմազան են ու բազմաբովանդակ: Ինչ վերաբերում է  սահմանին տիրող իրավիճակին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ նախիջեւանյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի «քաջության» փորձերը խիստ պատժվել են:

Սփյուռքահայ երիտասարդները նաեւ հանձնարարություն ստացան Դավիթ Տոնոյանից՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մշտական բնակություն հաստատել հայրենիքում, աշխատել, հասնել հաջողությունների, ընտանիք կազմել եւ շատ  երեխաներ ունենալ:

 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԱՀՈՒՆ ՀՅՈՒՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԱՄԵՆ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐԻ

Արթուրը շուտով Մոսկվայից Երեւան կտեղափոխվի. որոշումը վերջնական է. «Երեք անգամ որպես զբոսաշրջիկ եմ այցելել Հայաստան, այս անգամ եկա որպես կամավոր, որովհետեւ ուզում էի  ավելի մոտիկից զգալ հայրենիքի շունչը, կյանքը, խնդիրները, առօրյան: Մի քանի ամիս ապրեցի Գյումրիում, աշխատեցի տեղի պատկերասրահում՝ էքսկուրսիաներ էի վարում: Նույնիսկ հնագիտական պեղումների մասնակցեցի: Պեղավայրում հինգ հազար տարեկան քարե գործիք հայտնաբերեցի: Այդ գտածոն ինձ այնքան ոգեւորեց՝ ասես հողից հայթայթել էի իմ արմատները:  Հիմա ապրում եւ աշխատում եմ  Վանաձորում. իմ հայրական քաղաքն է: Հայաստանում ամեն ինչ այնքան հարազատ է՝ մարդիկ, կյանքի ռիթմը, բնությունը, նույնիսկ կիզիչ արեւը: Ամեն օր ավելի եմ համոզվում՝ որոշումս ճիշտ է: Հայը պետք է իր հայրենիքում ապրի, պետք է իր ուժն ու կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները հայրենիքի բարօրությանը ծառայեցնի: Ի վերջո, նա, ով հայրենիքում է ապրում՝ մի մեծ առավելություն արդեն ունի:

 

 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԱՀՈՒՆ ՀՅՈՒՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՄ ԱՄՈՒՐ ՀԱՆԳՈՒՅՑԸ

Սանկտ Պետերբուրգում ծնված ու մեծացած Անահիտը շատ էր մտահոգվում՝ հայերեն ոչ մի բառ չգիտեր: Դիմեց «Դեպի Հայք» հիմնադրամին՝ բացթողումը պիտի շտկեր. «Հայրս ծնունդով Գետաշենից է: Երբ գյուղը բռնազավթվեց, նա 14 տարեկան էր: Ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Մայրս էլ Վրաստանում է մեծացել, արմատներով Էրզրումից է: Հայրս Արցախի բարբառով էր խոսում, մայրս՝ Էրգրի: …Երբ առաջին անգամ եկա Հայաստան, որոշեցի Ծիծեռնակաբերդ բարձրանալ: Մոլորվեցի: Մի տարեց տատիկ, որը ռուսերեն ոչ մի բառ չգիտեր, փորձեց ինձ ժեստերով բացատրել, թե ինչպես տեղ հասնեմ: Ապարդյուն: Եվ նա բռնեց ձեռքս ու ինձ ուղեկցեց անմար կրակի մոտ:  Հասկացա՝ իմ կյանքում ինչ-որ բան սխալ է:

…Երեք ամիս է՝ Հայաստանում եմ: Մի քանի տասնյակ բառ արդեն գիտեմ: Աշխատում եմ «Մեգերյան կարպետ» ընկերության մարքեթինգի բաժնում: Երջանիկ եմ, որ  պատմությունը, ավանդույթները գնահատող մարդկանց շրջապատում եմ:  Ժամերով հետեւում եմ, թե ինչպես են գորգագործները մատների վարժ շարժումներով գունավոր թելերից կրկնակի հանգույցներ կապում՝ վերակենդանացնելով ազգային նախշերը: Ուզում եմ մի օր այդպես սահուն հյուսել իմ հայերեն նախադասությունները եւ ամուր հանգուցվել Հայաստանին:

 

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍԱՀՈՒՆ ՀՅՈՒՍԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՍ  ՎԵՐՋԱՊԵՍ ՏԱՆՆ ԵՄ

Երբ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը, Անահիտի ծնողները, թողնելով տուն եւ ունեցվածք, հանգրվանեցին Ռուսաստանում: Հետո արդեն տեղափոխվեցին ԱՄՆ. «Այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, հայերը քիչ են: Իսկ ես շատ էի ուզում ծանոթանալ մեր մշակույթին, ավանդույթներին: Ծնողներս, իհարկե, միշտ պատմում էին հայերի ու Հայաստանի մասին, բայց ինքս պիտի բացահայտեի իմ հայրենիքը: «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ երեք ամիս առաջ հաստատվեցի Վանաձորում:  Երեք ամիս ամեն օր ավելի երջանիկ եմ արթնանում: Շտապում եմ մանկապատանեկան դպրոց, որտեղ անգլերեն եմ դասավանդում երեխաներին: Պարում, երգում, ուրախանում եմ նրանց հետ:  Այնպիսի զգացողություն ունեմ՝ ասես վերջնապես տանն եմ: Այս ընթացքում ինքս էլ շատ եմ փոխվել. ավելի ինքնավստահ եմ դարձել և չեմ վախենում պատասխանատվությունից: Շուտով կմեկնեմ Արցախ եւ այնտեղ կշարունակեմ կամավորական գործունեությունս: Կարծում եմ՝ առանց Արցախն ու արցախցուն ճանաչելու հնարավոր չէ ամբողջապես ճանաչել հայրենիքը:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Բանակ և հասարակություն


26/07/2018