Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ «EaDaily»-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ



ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ «EaDaily»-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑՄեր կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել` թե իբր վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնելու պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը:

 

2016թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում՝ մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը:

 

Ռազմագիտության պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ նույնիսկ ամենափորձառու հրամանատարները և բանակները սխալներ են գործել հաջորդ պատերազմներին պատրաստվելիս` նախորդ ռազմական գործողությունների արդյունքների վրա հիմնվելով: Այսպիսով, մենք լայնորեն պատրաստվում ենք հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ դեպքերը:

 

Առանձնակի մտահոգության առիթ է Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ակտիվացումը, որտեղ նախկինում հարաբերական անդորր էր: Ցանկացած ռազմական սադրանք այս հատվածում հղի է մեծ ճգնաժամով, որից անմասն չեն մնա այլ տարածաշրջանային դերակատարները:

 

Մեզ անհանգստացնում են այդ սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները: Հայաստանի դաշնակից եւ գործընկեր պետությունները սպառազինություններ են վաճառում այն երկրին, որը տարածքային նկրտումներ ունի ոչ միայն մեր պետության առանձին հատվածների, այլեւ մայրաքաղաքի հանդեպ: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին հարձակողական սպառազինություններ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետք նախ խախտել կողմերի միջեւ գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո փորձել վերականգնել այն:

Ցանկացած զինտեխնիկայի համար կա հակահարված տալու միջոց, և այս հարցում հայկական կողմն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստում: Բայց մեզ մտահոգում են ներկայացված զինտեխնիկայի ձեռքբերման աղբյուրները: Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որն սպառնում է Հայաստանի գոյությանը:

 

Երկնքում գերիշխող դիրք ունենալը միշտ ռազմական գործողություններում ձեռքբերումներ ունենալու և արդյունքի հասնելու երաշխիք է: Եթե մինչ օրս ինչպես ունեցած ռեսուրսներով, այնպես էլ ռազմաօդային ուժերը գործարկելու տարբերակներով մենք երկնքում գերիշխող դիրք ունենալու հարցում նախապատվությունը տվել ենք հակաօդային պաշտպանությանը, ապա այժմ մենք նախատեսում ենք զարգացնել նաև մեր ռազմաօդային ներուժը: Մենք գնելու նպատակով ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում:

Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/07/2018