Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ 10 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ



Կիևի տնտեսական դատարանը հրաժարվեց բավարարել 2001 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի երկնքում ՀՕՊ զորախաղերի ժամանակ ենթադրաբար հրթիռով խոցված ռուսաստանյան ՏՈՒ-154 ինքնաթիռի առնչությամբ 2004 թվականին «Սիբիր» ավիաընկերության ներկայացրած 15,32 միլիոն ԱՄՆ դոլարի դատական հայցը: Ավիաընկերությունը հայտարարել է, որ կգանգատարկի դատարանի որոշումը:

Թել-Ավիվ-Նովոսիբիրսկ չվերթի բոլոր 66 ուղևորները և անձնակազմի 12 անդամները զոհվել էին: Ռուսական կողմը հայտարարել էր, որ հրթիռը պայթել է ինքնաթիռից 15 մետր հեռավորության վրա և ոչնչացրել այն, իսկ ուկրաինական կողմը, չսպասելով դատավարության ավարտին, զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին որպես բարոյական փոխհատուցում վճարել էր 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, սակայն չէր ընդունել իր մեղքը:

2011 թվականի հունվարին Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտը կրկնակի փորձաքննության ընթացքում հիմք ընդունելով «Գելենջիկ» ռադիոլոկացիոն կայանի գրանցած տվյալները, հայտարարել էր, որ ինքնաթիռից 49,9 կմ հեռվում պայթյունից 30 վայրկյան առաջ հայտնվել է չճանաչված օբյեկտ, սակայն, Ս-200-ի հրթիռը, համաձայն իր տեխնիկամարտավարական բնութագրերի, չէր կարող կես րոպեում հաղթահարել այդ տարածությունը: Միաժամանակ, անպատասխան էր մնացել այն հարցը, թե ի՟նչ օբյեկտի խոցող բեկորների հարվածի հետևանքով էր ոչնչացել մարդատար ինքնաթիռը:

Խորագիր՝ Նորություններ


07/09/2011