Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԲԵՐԸ՝ ԲԱՐԵԽՈՍ



Ի ՞նչ է սրբերի բարեխոսությունը

Բարեխոսություն նշանակում է բարեխոսել, միջնորդել մեկի համար։ Մարդկանց համար Աստծո առաջ բարեխոսում են Յիսուս Քրիստոսը եւ սրբերը։ Սրբերի բարեխոսությունն էլ երկու տեսակ է լինում. ննջեցյալ սրբերի բարեխոսությունը եւ կենդանի հավատացյալների բարեխոսությունը։ Պատճառը հետեւյալն է: Եկեղեցին, ինչպես գիտենք, Հիսուս Քրիստոսի վարդապետությունը եւ Ս.Երրորդության դավանանքն ընդունող հավատացյալների ժողովն է, բազմությունը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, որը բաղկացած է երկու մասից՝ Հաղթական եկեղեցի եւ Զինվորյալ եկեղեցի։ Հաղթական եկեղեցին ննջեցյալ հավատացյալների բազմությունն է, որոնք Հիսուսին հավատարիմ եւ հնազանդ կյանք ապրելով՝ կռվեցին աշխարհի անհավատության, մոլության, անիրավության, մեղքի դեմ եւ հաղթական մահվամբ փոխվեցին առ Աստված (Եբր., ԺԱ, 33-38)։ Հաղթական եկեղեցին անվանվում է նաեւ Անդրանկաց եկեղեցի։ Զինվորյալ եկեղեցին Հիսուսի անունը դավանող հավատացյալների կենդանի բազմությունն է, ժողովուրդը, որ ապրում է այս աշխարհում՝ պայքարելով մեղքի, անիրավության եւ Սատանայի չար զորության դեմ՝ որպես հրամանատար ու թագավոր ունենալով Հիսուս Քրիստոսին։ Զինվորյալ եկեղեցին հաճախ անվանում են նաեւ Մարտնչող։ Զինվորյալ եկեղեցու հավատացյալները, զինված Աստծո սպառազինությամբ, պայքարում են այս կյանքում՝ դավանելով Հիսուսին, վկայելով եւ քարոզելով Ավետարանի փրկարար վարդապետությունը։ Հավատն է միավորում եկեղեցու անդամներին, եւ հավատով են նրանք մոտենում Քրիստոսին։ Քրիստոս անհատի մեջ բնակվելով՝ նրան դարձնում է Իր Եկեղեցու անդամ։ Հավատով է անհատը դառնում Աստծու զավակ, որոնք իրար միանալով՝ կազմում են Աստծո տաճար, որ սկիզբ է առնում երկրից եւ բարձրանում երկինք։ Ս. Վարդան Մամիկոնյանն իր հայտնի ճառում ասում է. «Թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված» (Եղիշե)։ Հետեւաբար, Հաղթական եւ Զինվորյալ եկեղեցիները չի կարելի բաժանել միմյանցից, քանի որ այդ դեպքում խախտվում է Եկեղեցու միությունը։ Հաղթական Եկեղեցին բաժանված է Զինվորյալից միմիայն մարմնապես, ըստ որում՝ նրանք կապված են անքակտելի միությամբ։ Ուրեմն, ճշմարիտ եկեղեցին գոյություն չունի ո՛չ առանց Հաղթականի եւ ո՛չ էլ առանց Զինվորյալի։ Հաղթական եկեղեցին Զինվորյալի հաղթության երաշխիքն է, իսկ Զինվորյալը՝ Հաղթականի հանդեսը։
«Բարեխոսության» սկզբունքը Եկեղեցու միության, ընդհանրականության արդյունքն է։ Երկնային եւ երկրավոր Եկեղեցիները (Հաղթական եւ Զինվորյալ), իբրեւ մի Եկեղեցի, մի Մարմնի տարբեր անդամներ, կապված են միմյանց. Հաղթական Եկեղեցին՝ իր բարեխոսությամբ եւ Զինվորյալը՝ իր աղոթքով, քանի որ Եկեղեցու անդամները միմյանց աղոթքի կարոտ են։
Ամեն կիրակի հայ եկեղեցում պատարագի ժամանակ քահանան հիշատակում է սրբերին, այդպիսով խորհրդավորաբար հաստատելով Եկեղեցու միությունը: Պատարագի այդ մասում սարկավագները անցնում են սեղանի աջ կողմը եւ ձեռնամած կանգնում՝ սրբերին հիշատակելու համար: Աջ կողմն են կանգնում, որովհետեւ սրբերը արդեն արժանացել են աջակողմյան դասին՝ Հիսուսի հետ (Սբ. Սեղանը Աստծու ներկայությունն է): Քահանան հիշատակում է գլխավոր սրբերին, իսկ սարկավագները՝ մյուս սրբերին: Այդ պահին ժողովուրդը՝ զինվորյալները, միանում են սրբերին (Հաղթական Եկեղեցում) եւ իրենց միասնական աղոթքով, որպես մի եկեղեցի, մի մարմին, մեկ հոգի փառաբանում են Աստծուն:

Ինչո՞վ է հիմնավորվում սրբերի բարեխոսությունը

– Որեւէ սկզբունք, որ ընդունում է եկեղեցին, պետք է բավարարի նվազագույնը երկու պայմանի.
ա. համաձայն լինի Ս. Գրքի սկզբունքներին,
բ. հաստատված եւ ընդունված լինի հայրերի կողմից։
Ինչպես տեսանք, «Սրբոց բարեխոսության» սկզբունքը բավարարում է այդ պայմանները։ «Յիշատակ յաւիտենից եղիցի արդար», – ասում է Դավիթը (Սաղմոս ՃԺԱ, 6) կամ ինչպես Սողոմոնն է ասում՝ «Յիշատակ արդարոց հանդերձ գովութեամբ» (Առակ. Ժ, 7)։ Եկեղեցու հայրերն էլ միշտ նշել են ննջեցյալներին հիշատակելու անհրաժեշտության մասին. Պողոս առաքյալի աշակերտ Ս. Դիոնեսիոսն ասում էր. «Տոնեցեք, պատարագ մատուցեք նրանց հիշատակի համար, որոնք իրենք պատարագվեցին (զոհվեցին) Աստծու համար», իսկ Ոսկեբերանն ասում էր. «Մի՛ հապաղեք հիշատակել ննջեցյալներին, աղոթք մատուցելով նրանց համար, քանի որ բոլորս մի մարմին ենք Քրիստոսի մեջ եւ նրա անդամները»։
Ս. Գրքում (թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում) նկարագրված մի քանի պատմություններում առկա են ոչ միայն սրբերի աջակցությունը ապրողների կյանքում, այլեւ նրանց մասունքների միջոցով կատարված հրաշագործությունները։ Այսպես, Եղիսե մարգարեի ոսկորներին դիպչելուց հետո մեռած մի մարդ է կենդանանում (Դ Թագ., ԺԳ, 21), իսկ Պողոսի թաշկինակով շատերն էին բժշկվում (Գործք ԺԹ, 12)։ Հետեւաբար, եթե ննջեցյալ սրբերի մասունքները կարող են հրաշքներ գործել, ապա որքան առավել են նրանց կենդանի աղոթքները (բարեխոսությունը)։ «Ուստի վկաների այսքան բազմություն ունենալով մեզ շրջապատած»՝ մենք պարտավոր ենք հիշել նրանց վարքը, նվիրումը, հավատը, որպես օրինակ ունենալով մեր կյանքի դժվարությունների ու փորձությունների ժամանակ։ Հայ եկեղեցու Տոնացույցի մեջ ընդգրկված հիշատակելի սրբերը, իհարկե չեն կարող ընդգրկել այդ բազմությունն ամբողջովին։ Այդ առումով էլ, Հայ եկեղեցու հայրերը սահմանել են մի ընդհանուր տոն բոլոր սրբերի համար՝ «Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից»։ Սրբերի այս ցանկը սկսվում է, բայց չի ավարտվում. այն ընդգրկում է մինչ հիմա եղած բոլոր սրբերին, վկաներին, Հիսուսի եւ Ավետարանի համար զոհվածներին՝ ընդգրկելով նաեւ ապագայի վկաներին ու սրբերին։

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #44 (859) 10.11.2010 – 17.11.2010, Հոգևոր-մշակութային


10/12/2010