Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ



Նրանք  ընտրել են ռազմիկի մասնագիտությունը: Չորս տարում ձեռք են բերել  ենթականերին ուսուցանելու եւ դաստիարակելու հմտություններ,  հրամանատարական եւ կազմակերպչական ունակություններ, պատասխանատվություն, ամուր կամք, պատվախնդրություն եւ անսահման սեր գործի նկատմամբ: Հիմա պատրաստի մասնագետներ  են: Արդեն հավաքել են ճամպրուկները. կարճատեւ արձակուրդից հետո կմեկնեն ծառայավայր: Խոստանում են՝ կարդարացնեն սպասումները:

 

ՄԻ ՏՆԻՑ՝ ՄԻ ՏԱՆԿԻ ԱՆՁՆԱԿԱԶՄ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՆորընծա սպաներ Տիգրանն ու Վլադիմիրը հարազատ եղբայրներ են: Նույն կուրսում են սովորել, նույն մասնագիտությունն ունեն՝ տանկիստ են: Բայց սա դեռ ամենը չէ. զինվորական է նաեւ նրանց մյուս եղբայրը՝ պաշտպանության բանակի տանկային վաշտի հրամանատար, լեյտենանտ Սոկրատ Պողոսյանը: «Նա առաջինը համազգեստ հագավ՝ մեր մեծն է: Եվ նրա օրինակը վարակիչ դարձավ: Տանկի, զինծառայության հանդեպ նրա սերը ոգեւորեց, ներշնչեց մեզ,-ասում է Տիգրանը: -Ինձ ու Սոկրատին անվանակոչել են ի պատիվ մեր հոր հորեղբայրների: Նրանք մասնակցել են Հայրենական պատերազմին, լավ կռվողներ են եղել: Դեռ փոքրուց որոշել էինք. ավանդույթը չենք խախտելու, ընտրելու ենք մասնագիտություններից ամենահերոսականը: Ռազմական համալսարան միանգամից չընդունվեցի: Եվ քանի որ տասնութս արդեն լրացել էր, զորակոչվեցի բանակ: Մեկ տարի ծառայեցի Արցախում: Մարտական դրոշը, զինվորական համազգեստը, տարբերանշանները, զենքը, շփումը սպաների հետ,  միասնաբար նույն նպատակին ծառայելու բերկրանքը նորից ու նորից ոգեւորեցին ինձ՝ ես պիտի զինվորական դառնամ: Հաջորդ տարի կրկին դիմեցի ռազմական համալսարան եւ դարձա կուրսանտ: Չորս տարիների ընթացքում կոփվեց մարմինս, ընդարձակվեց մտահորիզոնս, դարձա ավելի ինքնուրույն: Հիմա պատրաստ եմ հաղթահարելու ցանկացած դժվարություն»:

Եղբոր խոսքը շարունակում է Վլադիմիրը. «Մենք տարբեր ենք. մեկը լուրջ է, մյուսը՝ խոհուն, ես էլ՝ կատակասեր: Բայց երեքս էլ գործին նվիրվել գիտենք, երեքս էլ սրտով ենք ընտրել սպայի մասնագիտությունը: Երբ առաջին անգամ մտա տանկի խցիկ, իմ հոգում ինչ-որ բան թրթռաց, ինչպես լինում է, օրինակ, օրհներգը լսելիս: Չէ՞ որ տարիներ շարունակ  փայփայել էի տանկ վարելու երազանքը… Երթուղում մի քանի պտույտ կատարեցի: Եվ հենց այդ պահին էլ զգացի իմ կարեւորությունը: Բոլորովին ուրիշ՝ հաղթողի զգացում էր: Վստահ եմ մեկնում զորքեր: Ծառայելու ենք պաշտպանության բանակում. մի տնից՝ մի տանկի անձնակազմ»:

 

ՃԻՇՏ ՄԵԿՆԱՐԿ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՄարիամ Վարդանյանը ռազմական համալսարանի բացառիկ կուրսանտներից է՝ ուսումնառությունը գերազանցության դիպլոմով է ավարտել:   Ժպիտով է հիշում իր զինվորական կենսագրության առաջին օրը. «Յոթ աղջիկ էինք: Դեռ հստակ որոշում չկար՝ կարանտինը համալսարանո՞ւմ ենք անցնելու, թե՞ ամեն օր պիտի գնանք ու գանք: Մի քիչ շփոթված էի, խնդրեցի թույլատրել ինձ վերադառնալ տուն: Երեւի նման բան համալսարանի պատմության մեջ երբեք չէր եղել:  Հետո քիչ առ քիչ ծառայությունս հունի մեջ ընկավ: Վեց ամիս սովորեցի  Անգլիայում, նաեւ վերապատրաստվեցի Գերմանիայում:  Երբ գիշերվա ժամը երեքին արտերկիր հասա, ինձ տեղեկացրին, որ  ընդամենը երկու ժամից կազմ ու պատրաստ լինեմ շարահրապարակում: Մտածեցի՝ բայց աղջիկ եմ, երկար ճանապարհ եմ անցել, գուցե ինձ հանգստի հավելյալ ժամեր տրամադրեն. ոչ մի զիջում: Այդ օրն էլ հասկացա՝ պարտավոր եմ զինվորականին վայել դիմացկունություն դրսեւորել` անկախ հանգամանքներից:

Ավարտական գործնական պարապմունքի ժամանակ ինձ վստահեցին մոտոհրաձգային ջոկի հրամանատարությունը: Եվ չնայած ջոկում բոլորը տղաներ էին, մեր անվանականչը «կարմիր կակաչներ» էր: Պիտի գրոհեինք հակառակորդի շինությունը: Հարձակման գործողությունը ղեկավարում էի ռադիոկապով: Ամենադժվարը  ներդաշնակությունը պահելն էր, քանի որ տեղանքը բարդ էր, լեռնային:  Սրտումս եւ վախ կար, եւ հուզմունք, բայց ամեն ինչ արեցի, որ  ձայնս հանկարծ չդողա, որ ստեղծված  իրադրությունում ճիշտ կողմնորոշվեմ, որ  հրամաններս հստակ լինեն: Շինությունը գրավեցինք: Կարծում եմ՝ համալսարանում ձեռք բերած փորձը, գիտելիքները զորքերում ինձ շատ կօգնեն: Ծառայությունս սկսում եմ պաշտպանության բանակից. ճիշտ մեկնարկ է: Ստանձնելու եմ ՀՄՄ դասակի հրամանատարությունը: Ի դեպ, բոլոր զենքերից շատ դիպուկ հենց ՀՄՄ-2-ից եմ կրակում:  Մարտական վերջին հրաձգության ժամանակ հանձնարարված յուրաքանչյուր թիրախ ոչնչացրել եմ մեկ արկով՝ տնտեսելով զինամթերքը»:

 

ԿԱՄՈՎԻՆ՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՌոբերտ Պետրոսյանը եւ Տիգրան Միկոյանը կամովին մեկնում են Արցախի մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր: Որոշումը կայացրել են առաջնագծում զորային ստաժավորման ժամանակ: Ռոբերտը պատմում է. «Ուսումնառության չորս տարիների ընթացքում հետաքրքիր ու հիշարժան դեպքեր շատ են եղել, սակայն մեկը փոխեց վերաբերմունքս սպայի մասնագիտության հանդեպ: Դիրքերում մարտական հերթապահության էի: Դիտարկում կատարելիս հակառակորդի փոքր հետախուզական խումբ նկատեցի. երկու հատուկջոկատայիններ դուրս էին եկել խրամատից եւ առաջանում էին: Մի փոքր լարվեցի, բայց ամենեւին չշփոթվեցի: Իմ պատրաստականությունը հիմա է, որ պետք է դրսեւորվեր: Զբաղեցրի իմ տեղը, հրահանգավորեցի զինվորներիս, անցանք շրջանաձեւ պաշտպանության:  Պատրաստ էինք կռվելու: Խումբը հասկանալով, որ հայտնաբերվել է,  վերադարձավ ելման դիրք: Հենց հակառակորդին սպասելիս էլ որոշեցի՝ պիտի դիրքերում ծառայեմ, պիտի  զինվորների կողքին լինեմ, պիտի սեփական օրինակով ոգեւորեմ նրանց եւ փոքր եղբորս՝ Ռուդիկին: Նա ընդունվել է ռազմական համալսարան»:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՏիգրանը չի մասնակցել վիճակահանությանը, կամովին մեկնում է «Եղնիկներ».  «Բայց ինչո՞ւ չգնամ: Սիրում եմ փորձել ուժերս, չեմ վախենում ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններից: Առույգ եմ, էներգիայով լի, այսինքն՝ ունեմ այն բոլոր որակները, որոնք անհրաժեշտ են առաջնագծում ծառայելու համար: Զորային ստաժավորումս սահմանի մեկ այլ բարդ հատվածում է անցել:  Ծանոթանում էինք գնդի հրամանատարի հետ,  երբ հերթապահը շնչակտուր ներս մտավ, թե՝ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Անսպասելի էր, սթափեցնող, հենց այդ պահին զգացի ծառայության ամբողջ լրջությունը:  Ինչ խոսք, մեր մասնագիտությունը վտանգավոր է: Բայց կանեմ հնարավորը՝ սահմանի ինձ վստահված հատվածը առանց կորուստների պաշտպանելու համար: Իմ կարգախոսն է. կարեւոր չէ՝ ինչպես կխփես ինքդ, շատ ավելի կարեւոր է, թե ինչ հարվածի կդիմանաս»:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/08/2018