Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»



«ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»Ռազմական բժիշկներն ու օդաչուները, կապավորներն ու հրետանավորները, հետախույզներն ու հրաձիգները, սակրավորներն ու տանկիստները կանգնած են կողք կողքի: Զինվորականի դժվարին մասնագիտությունը նրանք ընտրել են չորս տարի առաջ, իսկ րոպեներ անց կստանան սպայական վկայականներն ու անվանական դաշույնները: Արդեն գիտեն՝ որտեղ են ծառայելու, եւ պատրաստ են կյանքի նոր փուլին:

 

Նորավարտ սպաների, ինչպես նաեւ հայրենական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամները,  պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր, շրջանավարտների ծնողներ ու հարազատներ:

Պաշտպանության նախարարության վարչական համալիր ժամանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը զեկուցեց հանդիսավոր արարողության առթիվ անձնակազմի շարված լինելու մասին: Վարչապետը ողջունեց անձնակազմին եւ պատասխան ողջույնից հետո շնորհավորեց ավարտական արարողության կապակցությամբ: Հնչեց հանդիսավոր «հուռան», ապա՝ Հանրապետության օրհներգը:

Ամենասպասված պահն է՝ ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Լեյտենանտի կոչման արժանացած շրջանավարտները վստահեցնում են՝ կլինեն արժանի հերթափոխը նրանց, ովքեր բարձր են պահել հայ զորականի եւ սպայի պատիվը պատերազմի ու խաղաղության օրերին: Ապա միաձայն երդվում են անձնուրաց ծառայել հայրենիքին ու ժողովրդին:

-Այսուհետեւ ձեզանից պահանջվում է լինել ավելի զգոն ու պատասխանատու: Ռազմական կրթօջախներում ձեր ամբարած գիտելիքները սպայի մասնագիտական բարձունքին հասնելու միայն առաջին աստիճանն է: Բարձունքը հաղթահարելու համար պետք  է մշտապես ինքնակրթվել: Զորքերում ծառայությունը առաջադրելու է նորանոր խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար ձեզնից մեծ եռանդ ու ջանք կպահանջվի,- երիտասարդ սպաներին իր խոսքն ուղղեց  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը: Նա հիշեցրեց՝ օրը բազմաբովանդակ է. նշվում է նաեւ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 24-րդ տարեդարձը:

«ՁԵՐ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ»-Ռազմական համալսարանը զգալի ավանդ ունի հայկական բանակի կայացման գործում: Իր գոյության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում այն կրթել է 5000-ից ավելի սպաների, ինչպես նաեւ կադրերի որակավորման բարձրացման եւ ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնում տարբեր մասնագիտություններով վերապատրաստել շուրջ 2000 սպաների եւ պայմանագրային զինծառայողների: Գերժամանակակից ենթակառուցվածքներով ու սարքավորումներով հագեցած հրամանատարաշտաբային ֆակուլտետն էլ այս տարի ավարտել եւ ռազմական գիտության մագիստրոսի որակավորում են ստացել քսան ունկնդիրներ:

Վերջիններիս ավարտական փաստաթղթերն անձամբ վարչապետը հանձնեց, ապա դիմեց  2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին: Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ի՞նչ է նշանակում լինել Հայաստանի զինված ուժերի, հայոց բանակի սպա, ապա ինքն էլ պատասխանեց. «Դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին, դա նշանակում է նվիրվել հայրենակիցների խաղաղության պահպանման, հանգիստ քնի, հանդարտ ապրելու գործին: Բայց զինված ուժերի ներկայացուցիչները, սպաները, ուրիշների հանգիստ կյանքն ապահովելով, իրենք, ըստ էության, զոհաբերում են իրենց մայրերի, իրենց կանանց, իրենց հարազատների հանգստությունը: Նրանք շատ հաճախ հանուն հայրենիքի պաշտպանության զոհաբերում են այն ժամանակը, որ պետք է անցկացնեին իրենց ընտանիքների, երեխաների հետ, ընկերների միջավայրում: Եվ, ուրեմն, այս ամենի արդյունքում, հարց է ծագում՝ ի՞նչն է մարդուն ստիպում, մղում ստանձնելու այս պատվաբեր ուսադիրները, այս բարձր կոչումը: Ուզում եմ հավատալ, որ ձեզնից յուրաքանչյուրին դեպի սպայական կոչում և ծառայություն տանում է առաքելության զգացումը, առաքելության գիտակցումը»:

Վաղը հայոց բանակն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին երեկ էր՝ վստահ է վարչապետը. «Որովհետև վաղը հայոց բանակը ձեզնից շատերին՝ լեյտենանտներին, ունենալու է որպես ծառայող սպայի, հրամանատարի, մինչդեռ երեկ հայոց բանակը չուներ ձեզ որպես այդպիսին, այդ կարգավիճակում: Նաև վաղը բարձրաստիճան սպաները նոր նշանակումներ են ստանալու, ավելի բարձր կարգավիճակով, մինչդեռ երեկ իրավիճակը բանակում բոլորովին ուրիշ էր: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գիտակցում է՝ իր ներկայությամբ, իր գործունեությամբ, իր նոր կարգավիճակով ինչ-որ բան փոխելու է բանակում: Եվ շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը հստակ հասկանա, թե ինչն է փոխում բանակում և ինչ ուղղությամբ: Հույս ունեմ և հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծառայության է անցնում այն գիտակցությամբ, որ հայոց բանակի և հայրենիքի պաշտպանության ապագան կախված է հենց իրենից, հենց այդ մեկ սպայից, հենց այդ մեկ մարդուց:

Լինել հրամանատար նշանակում է ունենալ կամք և վճռականություն` ամենակարևոր պահին զոհվելու հրամաններ արձակելու: Եվ սա չափազանց ծանր պատասխանատվություն է, և սա չափազանց հզոր պատասխանատվություն է, և այս պատասխանատվությունը կարող են կրել իրապես ուժեղ, անկոտրում կամքի տեր մարդիկ: Եվ ես ձեր հայացքներում տեսնում եմ՝  դուք ունեք կամք հաղթանակ բերելու մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր հայրենիքին: Ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ մեր ապագա հաղթանակները, ես ձեր կեցվածքում տեսնում եմ մեր ապագա հաղթանակները և, ուրեմն, ձեզ մաղթում եմ փառավոր ծառայություն Հայաստանի զինված ուժերում, հայոց բանակում, որովհետև մեր նպատակը մեկն է, մեր ապագան մեկն է, մեր այս օրը մեկն է: Հայ ժողովուրդը հաղթել է պատերազմում, հայ ժողովուրդը հաղթել է պետականության կառուցման գործում, և հայ ժողովուրդը հաղթել է իր իշխանությունն իր երկրում հաստատելու գործում, և որևէ մեկը դրսից, թե ներսից չի կարող և չի համարձակվի այդ հաղթանակը խլել ժողովրդի ձեռքերից: Իսկ այդ հաղթանակի թիվ մեկ, ամենակարևոր պաշտպանները դուք եք: Եվ, ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ն Հայաստանի զինված ուժերը և հայոց փառապանծ զինվորներն ու սպաները»:

Իր խոսքում վարչապետը կարևորեց նաև, որ այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտների թվում կան աղջիկներ:

Միջոցառումն ամփոփվում է ուսումնական հաստատությունների դրոշներին հրաժեշտի արարողությամբ ու հանդիսավոր քայլերթով: Բարի երթ:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


02/08/2018