ԱՄՈՒՐ ԿԱՌՉԱԾ ՀՈՂԻՆ
Զինվորական երդման հանդիսավոր արարողություն է գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Հարազատ-բարեկամ երկար ճանապարհ են կտրել, որ մասնակցեն իրենց զավակների երդման արարողությանը. նրանց զորակոչվելուց հետո անհամբեր սպասել էին այս օրվան, օրերը հաշվել մոտալուտ հանդիպման:
Զորամասում նորակոչիկները վերջին շտկումներն են անում, որ կատարյալ տեսք ունենան, ուղղում են համազգեստը, ձգում գոտին, փայլեցնում կոշիկները: Ամեն ինչ անթերի պետք է լինի՝ զինվորականին վայել:
Անդրեյ Վարդանյանը երդման տեքստն է մի վերջին անգամ կրկնում: Պյատիգորսկից է եկել.
-Երդման բառերը ռուսերեն եմ գրել ու անգիր արել, բայց իմ մայրենի լեզվի տառերը անպայման պետք է սովորեմ: Վստահեցնում եմ՝ մինչև զորացրվելս մայրենիով գրել-կարդալ կկարողանամ, տղերքն էլ կօգնեն՝ շուտ սովորեմ:
Վրեժ Սարյանը Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքից է: Նա էլ հայերեն հասկանում է, բայց դժվարանում է պարզ արտահայտվել.
-Հայկական միջավայրը կնպաստի, որ արագ սովորեմ,- ասում է ռուսերեն,- եկել եմ հայրենիքիս ծառայելու, չէի կարող չգալ: Ավագ եղբայրս էլ է «Եղնիկներում» ծառայել: Ես էլ նրա պես պատվով կծառայեմ:
Երդման արարողությունը սկսվում է Տերունական աղոթքով, այնուհետեւ զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների տակ հրապարակ են բերում զորամասի մարտական դրոշը: Հայրենիքի պաշտպաններն ամուր ու ձիգ կանգնած են շարքում:
Զորամասի հրամանատարը` Արցախյան պատերազմի թոհուբոհն անցած, Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից Կարեն Ջալավյանը, ողջունում է ներկաներին, ապա դիմում նորակոչիկներին. «Այսօր ձեզ է վստահված պահպանելու-պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները, սահմաններ, որ գծվել են բազում քաջորդիների՝ ձեր պապերի, ձեր հայրերի, ձեզ հասակակից զինվոր տղաների արյան գնով: Մենք՝ ապրողներս, պետք է շարունակենք մեր զոհված ընկերների կիսատ թողած գործն ու հասցնենք հաղթական ավարտի:
Անցյալ դարավերջին, երբ արցախյան խաղաղ պահանջը՝ վերամիավորվել մայր Հայաստանին, խաղաղ ճանապարհով լուծել չհաջողվեց, թևակոխեց ռազմական փուլ, մեր ավագ սերունդը՝ ձեր պապերը, ձեր հայրերը հակառակորդին մարտի դաշտում ստիպեցին ծնկի գալ և զինադադար խնդրել: Դա այն սերունդն էր, որը թեև չուներ կանոնավոր բանակ, որսորդական հրացաններով էր զինված, բայց կարողացավ ձախողել հակառակորդի բոլոր պլանները:
Այսօր արդեն կանոնավոր բանակ ունենք, ռազմական կրթություն ստացած զինվորականներ:
Եթե թշնամին մեկ անգամ ևս հանդգնի ոտնձգություն կատարել, ինչպես 2016թ. ապրիլյան գործողության ժամանակ, արժանին կհատուցեք նրան, ինչպես մեր ժամկետայինների անձնակազմը արժանի հարված հասցրեց հակառակորդին՝ կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստ պատճառելով: Ապրիլյանին հենց ձեր սերունդն էր, որ առանց երկնչելու, առանց վարանելու, սառնասրտորեն դիմակայեց թշնամու հատուկ ջոկատայիններին և արժանի հարված տալով` ծնկի բերեց: Ապրիլյան դասերը հակառակորդին զգաստացրին, հասկացրին, որ գործ ունեն իրենց հողը, իրենց եկեղեցիները, իրենց նախնյաց գերեզմանները պաշտպանող, իրենց հողին ամուր կառչած զինվորների հետ: Սիրելի՛ զինվորներ, այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք լինել միասնական, միակուռ, լինել ուժեղ, որովհետև ուժեղի հետ է միայն աշխարհը հաշվի նստում:
Ինչպես այսօր միասնական երդում տվեցիք, նույն միասնականությամբ էլ ծառայեք»:
Ներկաներին շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ասացին նաեւ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Մարկոսյանը, գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Բարխուդարյանը, Նարեկ սարկավագ Բաղդասարյանը:
Շարքային Հակոբյանը իր եւ ծառայակից ընկերների անունից վստահեցրեց, որ պատվով կկատարեն հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը, ամուր և անառիկ կպահեն հայրենի եզերքի ամեն մի թիզը. «Պատվաբեր է ծառայել փառավոր հաղթանակներ կերտած այս զորամասում»:
Երդվում են «Եղնիկների» առյուծ տղերքը, ու արտասանվող ամեն բառի հետ հավատդ է՛լ ավելի է ամրանում՝ հայրենիքը հուսալի պաշտպաններ ունի:
-Միակ որդիս է,- հպարտությունը չի թաքցնում սպիտակ մազերով տարեց մի տղամարդ,- ասում են՝ «Եղնիկներում» ծառայում են ամպերից վեր….
-Իմ երկրորդ որդին էլ այստեղ եկավ ծառայության,- զրույցին միանում է Արտաշատի Դիմիտրով գյուղից Լուսինեն: -Ավագ որդիս՝ Սուրիկը, այստեղ է ծառայում, նախարարին դիմում գրեցի, որ մյուս որդիս՝ Անդրանիկն էլ «Եղնիկներում» ծառայի:
♦♦♦
Զինվորական հանդիսավոր արարողությունն ավարտվում է, ամենահուզառատ պահն է. զինվորները ամուր-ամուր գրկում են կարոտած ծնողներին, այդպես ամուր-ամուր էլ հայրենիքն են պահելու…
Մինչև ժամը 18.00 զինվոր զավակները ծնողների, հարազատների հետ կանցկացնեն, ժամը վեցից հետո կսկսվի նրանց զինվորական կյանքը….
Ով նկատի-չնկատի, մայրերը հաստատ կնկատեն՝ բանակային կյանքի կտրուկ ազդեցությունը որդիների կեցվածքի, քայլվածքի, մտածելակերպի, անգամ բառապաշարի վրա:
-Դժվա՞ր է, տղա՛ս:
-Ոչ մի կերպ, մա՛մ ջան…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում