Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթի փակման և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Իր խոսքում նախարարը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հնարավոր ամեն ինչ` միջոցառումը հետաքրքիր, բովանդակալից ու հիշվող դարձնելու համար:

-Հայաստանում մրցույթն առաջին անգամ է անցկացվել, որի շնորհիվ ընդլայնվել է նախագծի աշխարհագրությունը: Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին Հայաստանում, և հույս ունեմ, որ նրանց հաջողվել է մոտիկից ծանոթանալ մեր ժողովրդի պատմությանն ու ավանդույթներին:

Ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտելու յուրահատուկ խորհրդանիշ: Այսօր չունենք պարտվողներ, դուք բոլորդ հաղթողներ եք, հաղթողների ժառանգներ եք, ձեր հերոսական նախնիների հաղթական ավանդույթների շարունակողներն եք,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Ռազմական վարպետության մրցույթի մասնակիցներին ողջունեց նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:

-«Ընկերակցության մարտիկ» մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում: Մրցախաղին, որն այս տարի անցկացվում է 7 պետության տարածքում, մասնակցում են 32 պետությունների 168 թիմերի ներկայացուցիչներ: Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկը» մրցախաղի 28 մրցույթներից մեկն է: Այս շատ կարևոր ու գեղեցիկ միջոցառումը համագործակցության, ընկերության և եղբայրության դպրոց է բոլորիս համար: Շնորհակալ եմ հայկական կողմին հիանալի կազմակերպման և ավանդական հայկական ջերմ հյուրընկալության համար,- նշեց գեներալ-գնդապետը:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՄրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով «Ընկերակցության մարտիկ» մրցույթում թիմային հաշվարկով երրորդ մրցանակային տեղն զբաղեցրեց ՀՀ զինված ուժերի թիմը, երկրորդ տեղը՝ Բելառուսի զինված ուժերի թիմը, իսկ մրցույթի հաղթող է ճանաչվել Ղազախստանի զինված ուժերի հավաքական թիմը:

Անհատական մրցաձևերում լավագույն արդյունքներ ցուցաբերած տարբեր թիմերի զինծառայողները պարգևատրվեցին: «Ընկերակցության մարտիկ» պատվավոր անվանակարգում կանանց մեջ առաջին տեղը գրավեց ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Արմինե Գրիգորյանը: Տղամարդկանց մրցույթում հաղթողը Ղազախստանի ԶՈՒ ներկայացուցիչ Սեյթկարիմ Նուրսեյթկոժան էր:

Հուլիսի 28-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸՄասնակից պետությունների թիմերը ուժերը չափել են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած էր նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո Դավիթ Տոնոյանը առանձնազրույց է ունեցել  ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական հարցեր:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #6 (1253) 8.08.2018 - 14.08.2018, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


09/08/2018