ԱՊԱԳԱ ՍՊԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոգեբանական պատրաստությունը կուրսանտների՝ զինվորական ծառայության նկատմամբ դրական հուզական վերաբերմունքի, դժվարությունների հաղթահարման ներքին պատրաստակամության, հուզակամային կայունության ձևավորմանն ուղղված նպատակային, կազմակերպված գործընթաց է: Հոգեբանական պատրաստությունը իրականանում է ապագա սպաների ուսուցման և դաստիարակության գործընթացների համատեքստում, բացի այդ, նաև հատուկ ուսումնադաստիարակչական աշխատանք է ենթադրում:
Զինվորական մասնագետի պատրաստման ընթացքում ուսուցման և դաստիարակության միջոցով մեծ թվով մասնագիտական անհրաժեշտ որակներ են ձևավորվում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս որակներից բոլորը չեն, որ դրսևորվում են զինծառայողի գործունեության պայմանների փոփոխման դեպքում (եղանակի, տեղանքի ռելիեֆի, տեսողության վրա կրակային ազդեցության), ու հատկապես` մարտական իրավիճակում:
Հոգեբանական պատրաստվածության վերաբերյալ դիպուկ դիտարկում է արել ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը: Նրա կարծիքով` խնդիրը ոչ թե տվյալ պահին անձի հոգեկանի վրա ազդող գործոնների ուժի, այլ՝ նորույթի մեջ է:
Հոգեբանական պատրաստության խնդիրն այն է, որ դեռևս խաղաղ ժամանակ ուսուցման և դաստիարակության ընթացքում ուսուցանվողը դրվի այնպիսի պայմանների մեջ, որ նրա մոտ մշակվեն մարտական խնդիրների կատարամանն անհրաժեշտ հոգեբանական որակներ:
Տագնապ կամ ուժեղ վախ, որպես կանոն, ապրում են դեռևս անփորձ զինծառայողները: Փորձառության հետ՝ մարտական լարված պայմաններում մարտիկի մեջ վախը կարող է թույլ դրսևորվել, երբեմն նույնիսկ առհասարակ անհետանալ: Սակայն այն կարող է ի հայտ գալ, սրվել, երբ վտանգն առաջանում է անսպասելի, երբ հակառակորդը նոր զենք է կիրառում և այլն: Այս դեպքում վախը «կատարում է» հարմարվողական գործառույթ` մարդուն ստիպելով վտանգից պաշտպանվելու միջոցներ որոնել: Զինվորականի մեջ որքան մեծ լինի ապագա մարտական իրավիճակին առավելագույնս համապատասխանող, ձևավորված հոգեբանական «պատկերների» քանակը, այնքան ավելի քիչ կլինի անորոշության վիճակի մեջ ընկնելու հավանականությունը, որը, որպես կանոն, մարդու մեջ առաջ է բերում պասիվ-պաշտպանական ռեֆլեքս, ուրեմն և` անարդյունավետ գործողություններ կատարելու միտում:
Հետագա գործունեության համար կարևոր նշանակություն ունեն դրդապատճառները և պահանջմունքները: Պետք է հաշվի առնել, որ այս կամ այն գործողության կատարման համար վճռական է ոչ միայն դրա առարկայական բովանդակությունը (ուր, ինչպես, ում հետ գնալ, ինչ վերցնել հետը), այլ նաև դրա նշանակալի լինելը զինվորականի համար (հանուն ինչի՞ պետք է գնալ, անհրաժե՞շտ է դա, թե՞ ոչ): Հետևաբար, հոգեբանական պատրաստությունը պետք է սկսել զինծառայողի մեջ համապատասխան դիրքորոշումների ակտիվացումից, տրված խնդիրների լուծման կարևորության և անհրաժեշտության համոզմունքի մշակումից, համապատասխան դրդապատճառների ձևավորումից, մարտական պայմանների մասին որոշակի պատկերացումներից:
Այս առումով վերադաս հրամանատարների խոսքային ազդեցությունը ուսուցանվողների ներաշխարհի վրա` համոզման, ներշնչման եղանակով, առաջնային կարևորություն է ձեռք բերում: Սակայն, անհրաժեշտ է նաև, որ ուսուցանվողը զգայականորեն ըմբռնի, օրինակ, մարտական գործողությունների հոգեբանական պատկերի մոդելը: Սա իրականանում է մարզանքների, զորավարժությունների, կրակային պարապմունքների և այլ պրակտիկ գործողությունների ժամանակ:
Հոգեբանական պատրաստության մեջ առանձնանում են ընդհանուր, հատուկ և նպատակային պատրաստության ձևերը: Ընդհանուր հոգեբանական պատրաստության ժամանակ, որն իրականանում է ուսուցման և դաստիարակության գործընթացում, սպաների մեջ ձևավորվում են մարտի համար անհրաժեշտ մասնագիտական որակներ, ընդ որում` ոչ միայն զենքին և տեխնիկային տիրապետելու հոգեշարժիչ /հոգեմոտոր/ հմտություններ, այլ նաև, առաջին հերթին, այնպիսի հոգեբանական գործընթացներ, որոնց շնորհիվ մշակվում են որոշում կայացնելու կարևորագույն գործառույթները` խոսքային ակտիվությունը, մարտական խնդիրների ամբողջ համակարգը մտապահելու և դրա հնարավոր զարգացումներն ու ելքերը կանխագուշակելու ընդունակությունը, ուշադրությունը և այլն: Այս շատ կարևոր աշխատանքի ընթացքում ապագա հրամանատարը, սպան սովորում է ազդել զինվորական կոլեկտիվի բարոյահոգեբանական վիճակի, ակտիվության վրա` ներշնչելով հաղթանակի վստահություն, մշակելով մարտական ոգի:
Այս առումով կարևոր օրինակ են արցախյան պատերազմի ընթացքում գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի՝ ստորաբաժանման սպաներ «պատրաստելու» գործընթացի կազմակերպման մասին մեզ հասած վկայությունները: Խորապես գիտակցելով մարտի դաշտում արագ կողմնորոշման, փոփոխվող իրավիճակներին արագ հարմարվելու ընդունակության կարևորությունը` նա ստիպում էր փոփոխել պայմանները` նոր խնդիրներ առաջադրելով: Զորախաղի ժամանակ, ճեղքելով պայմանական հակառակորդի պաշտպանությունը և գրավելով բարձունքը, ու այսպիսով դրված նախնական խնդիրները լուծելուց հետո, երբ գեներալ Իվանյանին զեկուցում էին առաջադրանքի հաջող կատարման մասին, նա անմիջապես փոփոխում էր մարտի իրադրությունը, օրինակ` նշելով, որ թշնամին օգնական ուժերի տեղ հասնելուց հետո նոր հարձակում է ձեռնարկել և… պետք է նահանջել: Հրամանատարներին հանձնարարում էր նահանջ կազմակերպել: Իսկ երբ ստորաբաժանման հրամանատարը գալիս ու զեկուցում էր, որ խնդիրը հաջողությամբ իրականացված է, բարկանում էր: Գումարտակի հրամանատարի հիշողություններից. «Բարկացած վեր թռավ տեղից, թե` «Պարո՛ն կապիտան, զինվորների հոգում այս ի՞նչ եք ներարկում, ո՞վ է նահանջով զորախաղ ավարտում, զինվորը պետք է սովորի հարձակվել ու գրավել հակառակորդի ցանկացած բնագիծ, իսկ դուք նրանց հոգեբանորեն նահանջի՞ եք նախապատրաստում»: …Եվ հեռախոսով սկսեց կարգադրել, թե հրետանային ու զրահատանկային ինչպիսի լրացուցիչ ուժեր օգնության գան հակահարձակման նախապատրաստվող մեր գումարտակին: Առարկեցինք` պատճառաբանելով, որ զինվորները հոգնել են, զարմացավ, թե` այդ ի՞նչ են արել, որ արդեն հոգնել են, ու խորհուրդ տվեց. «Դուք զինվորին լա՛վ բացատրեք, թե ինչ ու ինչպես պիտի անի, կտեսնեք, որ ոչ ոք չի հոգնել»:
Գլխիկոր վերադարձանք, շուտով տագնապով ոտքի հանված լրացուցիչ ուժերն էլ տեղ հասան, գեներալ Իվանյանն էլ եկավ, և նրա աչալուրջ հայացքի ներքո, գաղափարական ու բացատրական աշխատանքից և համապատասխան գործնական պարապմունքից հետո գումարտակը տարանք հակահարձակման:
Ստորաբաժանումները, մոռացած օրվա հոգնածությունը, ուրախ աղմուկով նետվելով առաջ` հաղթահարում էին բոլոր արգելքները, խոցում բոլոր թիրախներն ու դիրքավորվում «ազատագրված» բարձունքում»:
Շարունակելի
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Սոցիալ-իրավական