Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՄԱՐՈՂ ՀԱՎԱՏ



ՉՄԱՐՈՂ ՀԱՎԱՏՄեր բանակի երիտասարդ սպաներից է մայոր Մասիս Հակոբյանը: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ դրսեւորելով  զինվորականին հատուկ հմտություն եւ կարողություններ, նվիրված ծառայությունն էլ գնահատվել է բազմաթիվ պարգեւներով՝ Մարտական ծառայության մեդալ, «Դրաստամատ Կանայան» , «Ծովակալ Իսակով»…

25 տարին  դեռ չբոլորած՝ Մասիսն արդեն գումարտակի շտաբի պետ էր,  այժմ գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի  գումարտակներից մեկի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է:

 

Մասիսը ծնվել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում, 1988 թվականին, երբ Արցախյան շարժումը  նոր էր թափ ու ծավալներ ընդունում:

Կարաչինարի իրենց տանը միշտ երգ-երաժշտությունն  էր թեւածում, հայրը՝ Առուստամը, երաժիշտ էր, գուսան: Ժամանակին Մոսկվայում, Կրեմլի Միությունների տան հայտնի Սյունազարդ դահլիճում  մասնակցել էր գուսանական-աշուղական փառատոնի, խորհրդային մյուս երկրների մեջ առաջին տեղը գրավել:

Տանը  մշտապես ուրախ  մթնոլորտ էր, օջախից եռուզեռն անպակաս… Մանկության գունեղ հեքիաթն ընդհատվեց ամառային մի օր՝ հունիսի 13-ին… Այսօր, թեեւ քառորդ դարից էլ ավելի է անցել, այդ օրերի  պատկերներ-հիշողությունները տարիների հեռավորությունից գալիս,  տակնուվրա են անում երիտասարդ սպայի հոգին. 4-ամյա փոքրիկ մի տղա, մոր ձեռքն ամուր բռնած, գայթելով-ընկնելով, ոտքով անվերջ քայլում էր քարքարոտ արահետով,  թուփ ու մացառից կառչելով:  Շուրջբոլորն իրենց նման մարդիկ էին՝ տեղահան եղած, լաց ու կոծով գնում էին դեպի անորոշություն: Նրանք հաճախ էին կանգ առնում, կարոտով ու ցավով հետ նայում… Հեռվում մնաց իրենց երեքհարկանի տունը, որի երրորդ հարկը թշնամու հրետակոծություններից հիմնովին ավերակվել էր, հեռվում մնաց իրենց հաստ պատերով գինու մեծ նկուղը, որտեղ պապն ու տատը գինի էին պատրաստում: Իրենց այդ հսկա մառանը, կրակոցների տեղատարափի տակ կորցրել էր առաջնային նշանակությունը՝ վերածվելով ապաստարանի ամբողջ գյուղի համար:

Ամեն ինչ կորավ տեսադաշտից՝ Նապատ վանքն անցան, անցան  Գյուլիստանը, Հաթերքը, Մարտակերտը…  Հետո, ծուռումուռ, ոլորապտույտ ճանապարհներն իրենց ընտանիքին ուր ասես չտարան, բացի հարազատ բնօրրանից: Հասան Վայք, այստեղ ինքը դպրոց գնաց, հետո էլ ընտանիքը հանգրվանեց Արարատի մարզի Հայանիստ գյուղում:

Ու ամեն բացվող Աստծո օրը ծնողների խոսքի, զրույցի առանցքում կորսված հայրենի եզերքն էր, ամեն սեղան նստելիս ամենօրյա աղոթքի նման միշտ նույն բառերն էին հնչում ՝ վաղ թե ուշ կվերադառնանք մեր ծննդավայր:

Հայրն  անընդհատ ասում էր՝ մեր ժողովրդի պատմության որ էջն էլ թերթես, թուրքի արյունոտ հետքն է: Ուրեմն՝ ուժեղ պետք է լինենք, հզոր, որ հետ բերենք մեր ունեցածը. ուժեղինն է աշխարհն ու իրավունքը….

Մասիսն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, մոտոհրաձգային ֆակուլտետ: Եղբայրներից մեկն էլ՝ Հայկազը, հրետանային ֆակուլտետում ուսանեց: Որդիները  երբեք չեն մոռանա իրենց հոր  հուզմունքը, անսահման հպարտությունն ու հուսավառությունը, երբ զավակներին տեսավ զինվորական համազգեստով՝ աշխարհն  ասես իրեն էին տվել: Աշխարհը չէ, բայց հաստատապես  արդեն հավատաց, որ  վաղ թե ուշ հարազատ գյուղ տիրոջ իրավունքով նորից ոտք են դնելու…

Մասիս Հակոբյանը  ռազմական բուհը գերազանց գնահատականներով ավարտեց, նշանակում ստացավ հարավ-արեւելյան զորամասերից մեկում, բայց որոշ ժամանակ անց զեկուցագիր գրեց, որ ուզում է  ծառայությունը շարունակել առաջնագծում…

Ծառայավայրի դիրքերից ծննդավայրը երևում է, տունը չի երևում,  մանկության պատկերները համատեղելով- համադրելով՝  հազար անգամ փորձել է գտնել տան մոտավոր տեղը: Այսքան մոտիկ ու այսքան հեռու, քոնն է ու քոնը չէ…

– Մեզ՝ զինվորներիս, մայոր Հակոբյանը հաճախ է պատմում իր ծննդավայրից, իր ցավով պատումի մեջ ավելի շատ հայրենիքը սիրելու, հայրենատեր լինելու գաղափար կա, քան հազարավոր հայրենասիրական  պաթետիկ բառերի մեջ,- ասում է ապագա իրավաբան, շարքային Պողոս Ստամբուլյանը. -լինենք առավել մարտունակ, առավել պատրաստված, առավել պատասխանատու, ամուր, հաստատուն մնանք մեր հողի վրա ու…

-Կորցրած հայրենիքն էլ հետ բերենք,- զինվորի  խոսքը շարունակում է մայորը:

Երիտասարդ սպան  ապրիլյան ռազմագործողությունների մասնակից է:

-Ապրիլյանի ժամանակ  շահումյանցի կամավորականների խումբը հասել էր առաջնագիծ՝ հոգու խորքում փայփայելով թշնամու գերությունից ազատագրել հարազատ օրրանը:  Մեր գերակա նպատակն է, երազանքն ու իղձը…

Հազար երազանք ունի մայոր Մասիս Հակոբյանը` մեկը մյուսի հետ շաղկապված: Շուտով ամուսնանալու է:

-Նշանածս՝ պարզ ու շիտակ, անմիջական աղջիկ է: Իմ նախկին զինվորներից մեկի քույրն է: Ինքը լիովին պատկերացնում է, որ հեշտ չէ զինվորականի կին լինելը, բայց պատրաստ է կիսելու համատեղ կյանքի բոլոր դժվարությունները: Միասին գեղեցիկ ընտանիք կստեղծենք, վստահ եմ՝ զավակներիս զրնգուն  ծիծաղը  մեր  հայրական-պապենական օջախից  կհնչի… Վաղ թե ուշ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Ազգային բանակ


16/08/2018