Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԾԱՌԱՅԵՄ ՈՒ ԿԱՊՐԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ



ԿԾԱՌԱՅԵՄ ՈՒ ԿԱՊՐԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ-Երկու տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Մենք՝ Բախչինյաններս,  բնիկ մարալիկցիներ ենք: Պապերս այգեգործներ են եղել: Մինչ անկախացումը կարողացել են իրենց բերք ու բարիքով տուն պահել, քիչ թե շատ բարեկեցիկ ապրել: Հայրս պատմում էր, որ սովետական կարգերի փլուզումից հետո երկրի սոցիալական վատ վիճակն է ստիպել, որ վերցնի ընտանիքն ու հեռանա: Ասում էր՝ մութ ու լույս տարիներ, օրվա հացի խնդիր, անապահովություն…

Քսան տարի է անցել: Իհարկե, օտար երկրում ապրելն ավելի դժվար է, երբ հասուն տարիքում ես տեղափոխվում: Բայց, կապ չունի, կա մի անբացատրելի զգացողություն:  Ինչքան էլ լավ լինի, դու գիտես՝ քո տանը չես: Ոտքերդ հողի վրա դողում են, որովհետեւ ուրիշի հողին ես կանգնած: Օտարության մեջ հայ մնալու, չձուլվելու խնդիրը միշտ էլ կա:

…Հիշում եմ՝ հայրս արգելում էր ինձ ու եղբորս՝ Արմանին, տանը ռուսերեն խոսել: Մի բառ անգամ լսելիս նյարդայնանում էր: Ասում էր՝ Աշո՜տ, հայերեն խոսիր: Սկզբում գլխի չէինք ընկնում, թե ինչն է պատճառը: Մի քանի տարի հետո միայն հասկացանք,որ հայրս չէր ուզում, որ մոռանայինք հայերենը: Տանը ազգային երաժշտություն էինք լսում: Ասում էին` սա է մերը:

Հինգ տարի առաջ ընդունվեցի Մոսկվայի տնտեսագիտական համալսարան: Կուրսի գերազանցիկներից մեկն էի: Առաջարկեցին շարունակել ուսումս մագիստրատուրայում, բայց ես ավելի կարեւոր որոշում էի կայացրել…

…Հայկական հզոր բանակի մասին շատ եմ լսել: Եվ ինձ միշտ գրավել է բանակն ու զինվորական ծառայությունը: Զինվոր դառնալը սկզբում երազանք էր, հետո՝ նպատակ: Ծնողներիս հաճախ ասում էի՝ պիտի Հայաստանում ծառայեմ: Սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ ասածս իրականություն է դառնալու: Դիպլոմն ստանալու հաջորդ օրը հորս ասացի, որ Մարալիկ եմ գնում:  Մտածում էր՝ արձակուրդ եմ գալիս: Կամավոր զինվորագրվելուս մասին լուրը լսելուց հետո զարմացավ: Զարմանքը կրկնապատկվեց, երբ իմացավ, որ ուզում եմ Հայրենիքում մնալ մշտապես:

Ինչպես տեսնում եք՝ ես այստեղ եմ: Մենակ եմ եկել: Ծնողներիս չթողեցի գալ: Հարազատներս կողքիս են՝ հորեղբայրս, հորաքրոջս աղջիկը, տատիկս, զարմիկներս: Եկել են ինձ  բանակ ճանապարհելու: Լյուդմիլա տատիկս  մի քիչ հուզված է, բայց շատ է ուրախացել, երբ իմացել է, որ որոշել եմ ծառայությունից հետո Հայաստանում մնալ:  Լավ եմ տրամադրված: Վստահ եմ՝ բանակն ինձ շատ բան կտա: Մշտապես հորս պատվիրանն եմ հիշում` պատվով կծառայես: Դժվարությունները տղամարդու համար են,- ասում է Աշոտ Բախչինյանը:

…Անիի տարածքային զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկա: Մարալիկցիները կրկին մեկտեղվել են` բանակ ճանապարհելու հայրենիքի պաշտպաններին: Շիրակի կայազորի ավագ գնդերեց, տեր Հակոբ քահանա Գրիգորյանը նորակոչիկների օրհնության կարգ է կատարում: Աղոթք է բարձրացնում զինվորների անփորձանք ծառայության եւ երկրի խաղաղության համար:

Զինվորական կոմիսար, փոխգնդապետ Գրիգորյանն էլ հայրենիքի նորաթուխ պաշտպաններին իր ծառայության մասին հիշողություններ է պատմում. տղաներին նախապատրաստում է ծառայությանը: Զորակոչի ամենահուզիչ պահն է: Զորահավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկները հրաժեշտ են տալիս հարազատներին:

Ահա եւ Աշոտը: Գրկել է սիրելի Լյուդմիլա տատիկին:

-Ժամանակն է, բաբո՛ւլ ջան, պիտի գնամ…

-Անփորձանք, բալե՛ս:

Խաղաղ ծառայություն, տղե՛րք …

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #7 (1254) 15.08.2018 – 21.08.2018, Ազգային բանակ


16/08/2018