ՔԱԴԱՖԻՆ ԼԻԲԻԱՅՈՒՄ Է
Լիբիական հեղափոխության առաջնորդը կապվել է սիրիական «Ar Rai Oruba» հեռուստաընկերության հետ և հերքել իր` Նիգերիա փախչելու մասին տարածված լուրերը:
Քադաֆին վերստին խոստացել է պայքարել մինչև վերջ և պարտության մատնել ՆԱՏՕ-ին և ,երկիրը հեղեղած առնետներինե, ու նաև պնդել, որ Տրիպոլիում երիտասարդությունը պատրաստվում է ուժեղացնել պայքարն ապստամբների ու վարձկանների դեմ:
Սիրիական հեռուստատեսությունը հաստատել է, որ հեռախոսազանգը եղել է Լիբիայի տարածքից: Պենտագոնում ապստամբներին խոստացել են օգնել Քադաֆիին գտնելու հարցում:
Իսկ ազգային անցումային կառավարության զինվորական ներկայացուցիչ Անիս Շարիֆը հայտարարել է, որ իրենց հաջողվել է գտնել Մուամար Քադաֆիի գտնվելու մոտավոր վայրը: Այդ տարածքը 120 կմ շառավղով շրջապատված է իրենց զորքերով:
Տեղեկություններ էին տարածվել, թե Քադաֆիի հարստությունը տեղափոխվել է Նիգերիա: Այդ կասկածները փարատելու համար Լիբիայի կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ Լիբիայի բանկային հաշիվներից ոչինչ չի պակասել:
Իսկ Նիգերիայի կառավարությունը հրաժարվել է աջակցել Քադաֆիի որոնումներին, ինչպես նաև փակել Լիբիայի հետ սահմանը՝ իր որոշումը հիմնավորելով այդչափ երկար սահմանի հսկողությունը խստացնելու անհնարինությամբ և դրա համար անհրաժեշտ միջոցների բացակայությամբ:
Նիգերիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իր երկիրը գնդապետին քաղաքական ապաստան չի առաջարկել, բայց միևնույն ժամանակ որևէ կերպ չի կարող խոչընդոտել նրա հնարավոր ժամանմանը:
Խորագիր՝ Նորություններ