Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆ



ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆԵրբ դեռ շատ փոքր էի, ամեն տարի մորս եւ քրոջս հետ այցելում էի Հայաստան ու Արցախ: Ընկերներիս հարցերին այսպես էի պատասխանում՝ գնում եմ հարազատներիս տեսակցելու: Հիմա, երբ գալիս եմ Հայաստան, ասում եմ. «Ես տուն եմ գնում»:

Հայաստանն ինձ համար ավելին է, քան հայրենիքը, եւ, իհարկե, ավելին է, քան պարզապես այցելության արժանի հետաքրքիր վայր: Հայաստանում ամեն անգամ մեր մշակույթի, ավանդույթների, մարդկանց ու վայրերի միջոցով բացահայտում, ճանաչում եմ ինքս ինձ: Ամեն տարի ես վերադառնում եմ տուն, որտեղ ինձ սպասում են:  Եվ առաջինն ինձ ողջունում են բարձրաբերձ լեռները՝ իմ տան  զորավոր պարսպապատերը: Ես միշտ եւ ամենուր շրջապատված եմ նրանցով, եւ գուցե հենց դա է պատճառը, որ ապահովության զգացումը ինձ երբեք չի լքում: Լեռներն ինձ ուղեկցում են ամեն քայլափոխի: Նրանց բարձրությունն ու հզորությունը կարծես հուշում են. կյանքն ավելին է, քան այն, ինչ ամփոփված է քո ներսում: Լեռները սովորեցնում են, որ միայն հաստատակամությամբ ու համառությամբ կարելի է հասնել բարձունքին:

Տունը այնտեղ է, որտեղ քեզ սիրում են: Հայաստանում մարդիկ այնքան բարեհամբույր են: Կանայք այնքան գեղեցիկ են, տղամարդիկ՝ առնական, տարեցները՝ իմաստուն, փոքրիկները՝ կենսախինդ: Եվ բոլորի աչքերում մի մեծ հույս կա՝ խաղաղության հույսը:

…Իմ լուսանկարներում այն պատկերներն են, որ ոգեշնչել են ինձ, այն վայրերն են, որոնք  թեւավորել են հոգիս, այն գողտրիկ անկյուններն են, որտեղ փորձել եմ հասկանալ աշխարհն ու մարդուն: Գուցե դրանք ձեզ էլ խանդավառեն:

ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,

ԱՄՆ – ՀԱՅԱՍՏԱՆ

Խորագիր՝ #8 (1255) 22.08.2018 – 28.08.2018, Հոգևոր-մշակութային


23/08/2018