ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ 5-ՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ
Հավաք-պարապմունքի նպատակը ՀՀ պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զինվորական կառավարման մարմինների և կազմակերպությունների համակողմանի նախապատրաստումն է սեպտեմբերի 11-ից 13-ը անցկացվելիք եռաստիճան «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը։
Ողջունելով առաջիկա զորավարժությանը ներգրավված կառույցների ղեկավարներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զորավարժության գերակա նպատակը, այն է՝ խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումը։
Նախարար Տոնոյանը կարևորել է հավաք-պարապմունքի անցկացումը պետության խորհրդարանական կառավարման պայմաններում, երբ անհրաժեշտություն է առաջանում փորձարկելու իշխանության բոլոր թևերի ներդաշնակ և օպերատիվ աշխատանքը:
Դասախոսություններով հանդես են եկել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Կարևորելով «Շանթ-2018» զորավարժության անցկացումը պետական համակարգի գործունեության փորձարկման առումով՝ Արմեն Գրիգորյանը հավաք-պարապմունքի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ-ում պաշտպանական քաղաքականութան ոլորտը կարգավորող փաստաթղթերը, անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին և դրանց դիմագրավելու ուղիներին: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ Անվտանգության խորհուրդը իրականացնում է երկիրը խաղաղ դրությունից ռազմականի բերելու գործընթացը կարգավորող համապարփակ փաստաթղթի մշակումը։
ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հավաք-պարապմունքի մասնակիցների համար դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Արտգործնախարարի տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու անխուսափելիությունը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը իր դասախոսության ընթացքում անդրադարձել է այն հիմնական քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ֆինանսերի կառավարման բնագավառում երկրում ռազմական դրություն հայտարարելու դեպքում՝ պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով հանրային ֆինանսները մոբիլիզացնելու, պետությունը խաղաղ իրադրությունից պատերազմական վիճակի փոխադրելու և անխուսափելի ռազմական գործողությունների պարագայում ՊՆ կարիքների գնահատման, անհրաժեշտ ռեսուրսների պահանջի և դրա բավարարման աղբյուրների վրա: