ԴԵՏՔ. ՍԱՀՄԱՆԻՑ՝ ԲԵՄ
«Դետք» երաժշտական խումբն ընդամենը երեք տարի առաջ է ստեղծվել՝ 2015թ., բայց արդեն երիտասարդության շրջանում սիրված ու ճանաչված է, երկրպագուների իր մեծ բանակն ունի։ Խմբի բոլոր կատարումներն էլ չափազանց անկեղծ են, հուզական, սրտի հետ խոսող, պարզ ու անմիջական։
Խումբը բարեգործական բազմաթիվ համերգներով հանդես է եկել սահմանամերձ տարբեր բնակավայրերում, զորամասերում։
Ինչպես գիտենք` «Դետքը» ռազմական տերմին է, նշանակում է պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքրիկ ջոկատ։
«Դետք» խմբի «ռազմիկները»՝ երգիչներ Վահան Կիրակոսյանը, Արման Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, օժտված, շնորհաշատ տղաներ են։ Արմանը ծառայում է բանակում, իսկ Վահանն ու Միքայելը վերջերս են զորացրվել։
Բանակում տղաները ոչ միայն հայրենիքն են պաշտպանել. ծառայելուն զուգընթաց իրենց գեղեցիկ կատարումներով մասնակցել են տարբեր միջոցառումների, ազատ ժամանակ նաև ստեղծագործել են, ավելին՝ պաշտպանության նախարարության աջակցությամբ կարողացել են իրենց երգերի հիման վրա հոլովակներ նկարահանել։
Եվ ահա օրերս «Մոսկվա» կինոթատրոնում երաժշտական այս խմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդես-համերգն էր՝ բանակային ստեղծագործություններն ամփոփվել էին մի ալբոմում։
Զինվորական անվանում ունեցող խմբի ալբոմի անունն էլ հենց զինվորական է՝ «Դիտակետ# 21»։ Իսկ թե ինչու 21, կատակում են՝ ռազմական գաղտնիք է:
Ձայնասկավառակում ներառված երգերի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակները հիմնականում տղաներն են։
-Բանակային կյանքը դրական ազդեցություն է թողել տղաների վրա՝ ավելի կազմակերպված են դարձել, ժամանակը գնահատող,-նկատում է «Դետք» խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը։- Բանակը նրանց ստեղծագործական «ձեռագրի» վրա եւս իր ուրույն դրոշմն է թողել։
Հոգին, սիրտը պաշարած մտքերը, հույզերը դարձել են տող, դարձել երգ՝ հայրենիք, սեր, կարոտ, մայր, մարտում զոհված ընկերոջ կորուստ` «Իմ ընկեր», «Հայոց բանակ», «Մի ազգ, մի բանակ», «Խաղալիք զենքեր», «Խաղաղության երգ»…
Ամեն երգի մեջ հազար ապրում կա, խաղաղությունը պահելու, պաշտպանելու հորդոր-կոչ՝ ուղղված մեզնից ամեն մեկին, ուղղված ամբողջ աշխարհին:
-Հենց սահմանին, երբ վտանգը քեզ շատ մոտ է, միայն այն ժամանակ ես հասկանում, ինչ է խաղաղությունը։ Ու կյանքում երբեք ոչ մի պահի դու խաղաղության մասին չես երազում այնքան, ինչքան հենց այն ժամանակ,- ասում է խմբի անդամներից Վահանը։- Հենց բանակում, հենց սահմանին կանգնած ես կարևորում քո դերը՝ դու մեկն ես այն զինվորներից, որ ամուր ու անառիկ է պահում հայրենիքը, խաղաղությունը…
…Սիրող սրտեր անմար
Հենց ձեր սիրո համար,
Պիտի պահենք անպարտ երկիրը մեր`
Հանուն հողի անգին,
Հանուն ծառի, ծաղկի,
Հանուն թափված արյան
Պիտի հաղթենք…
«Դետքն» առաջիկայում ծրագրել է «Դիտակետ#21»շնորհանդես-համերգով հանդես գալ տարբեր քաղաքներում, սահմանամերձ բնակավայրերում, զորամասերում, իսկ ձայնասկավառակի վաճառքից ստացված հասույթը հատկացվելու է պաշտպանության նախարարության որևէ ծրագրի։
Մի քանի ամսից հայրենիքի առաջ պարտքը կատարելուց հետո կզորացրվի նաեւ խմբի վերջին զինվորը՝ Արման Պետրոսյանը, բայց «Դետքը» կշարունակի իր «ծառայությունը» արդեն երգ-երաժշտության ասպարեզում. արվեստի մարդն էլ ազգի հոգեւոր պաշտպանն է…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #9 (1256) 29.08.2018 – 04.09.2018, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային