ԻՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՈՏՔԸ
ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ
Ահա և ինձ էլ բարերարություն արեցին։ Գրասենյակ ներկայանալու հրավերով բացիկ ստացա ու գնացի։ Գրասենյակում բոլորը շատ սիրալիր էին հետս։ Պաշտոնյան քարտարանից հանեց քարտս ու ասաց՝ «հը՜մ»։ Ես էլ ասացի՝ «հը՜մ»։
-Ո՞ր ոտքդ է,- հարցրեց պաշտոնյան։
-Աջը։
-Ամբողջովի՞ն։
-Ամբողջովի՛ն։
-Հը՜մ,- ձգեց նա նորից ու մի քանի զանազան թղթեր նայեց։ Ինձ թույլ տվեցին նստել։
Վերջապես պաշտոնյան կանգ առավ մի թղթի վրա, որն, ըստ երևույթին, ամենահարմարը թվաց նրան։
-Կարծում եմ,- ասաց նա,- որ սա իսկը ձեզ համար է։ Հրաշալի բան է։ Նստած աշխատանք։ Հանրապետության հրապարակի հասարակական զուգարանում՝ կոշիկ մաքրող։ Հը՛, ո՞նց է։
-Ես կոշիկ մաքրել չգիտեմ. միշտ տհաճ պատմությունների մեջ եմ ընկել վատ մաքրած կոշիկների պատճառով։
-Կարելի է սովորել,- ասաց պաշտոնյան։ -Ամեն ինչ էլ կարելի է սովորել։ Գերմանացին ամեն ինչ կարող է։ Ցանկության դեպքում՝ անվճար դասընթացներ էլ կան։
-Հը՜մ,- քրթմնջացի ես։
-Դե ինչ, համաձա՞յն եք։
-Չէ՛,- ասացի։ -Չեմ ուզում։ Էդ գործը սրտովս չէ։
-Գժվե՞լ եք,- ասաց նա մեղմ ու բարեհոգաբար։
-Չե՛մ գժվել, աշխարհում ոչ ոք էլ չի վերադարձնի կտրված ոտքս։ Անգամ սիգարետ թույլ չեն տալիս վաճառել, խանգարում են։
Պաշտոնյան հենվեց աթոռի թիկնակին ու օդ առավ թոքերը։
-Սիրելի՛ ընկեր,- սկսեց նա,- ձեր ոտքը չափից դուրս թանկարժեք ոտք է։ Դուք, ինչպես նշված է քարտում, քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք և ընդհանրապես՝ երկաթյա առողջություն, եթե չհաշվենք անդամահատված ոտքը։ Դուք կարող եք ապրել յոթանասուն տարի։ Հաշվեք, խնդրեմ, ինչքան է դա կազմում. ամիսը յոթանասուն մարկը տասներկու անգամ, և սա էլ բազմապատկած քառասունմեկով՝ այն տարիներով, որ դեռ ապրելու եք։ Եվ այսպես՝ յոթանասուն անգամ տասներկու, հետո բազմապատկած քառասունմեկով։ Հաշվեք ու դեռ վրան էլ տոկոսներն ավելացրեք… բայց և նկատի ունեցեք, որ ձեր ոտքը միակը չէ։ Ոչ էլ դուք եք միակը, ով, ամենայն հավանականությամբ, երկար է ապրելու։ Իսկ ձեզ եկամո՜ւտ է պետք, ու որքան կարելի է՝ յուղալի՜։ Ներեցեք, բայց դուք խելքներդ գցել եք։
-Պարո՛ն,- ասացի ես և նույնպես հենվեցի աթոռի թիկնակին ու թոքերս օդ հավաքեցի,- դատելով ամեն ինչից՝ դուք շատ եք թերագնահատում իմ ոտքը։ Այն իրոք չափազանց թանկ արժե, այն արտակարգ թանկարժեք ոտք է։ Բանն այն է, որ ոչ միայն իմ սիրտն է առողջ, այլ նաև գլուխս։ Ուշադի՛ր լսեք։
-Ժամանակ չունեմ։
-Լսե՛ք,- ասացի ես։ -Բանն այն է, որ իմ ոտքը բազմաթիվ մարդկանց կյանքեր է փրկել, ովքեր հիմա կարգին թոշակներ են ստանում։
Դա այսպես է եղել. պառկած էի մեն-մենակ առաջին գծում ու պիտի հետևեի հակառակորդին, որպեսզի մերոնք կարողանային ժամանակին ճողոպրել։ Սկզբից երկուսով էինք, բայց երկրորդին շատ շուտ սպանեցին, նրա վրա էլ փող չեք ծախսի։ Ճիշտ է, նա ամուսնացած էր, բայց կինն առողջ է ու կարող է աշխատել։ Այնպես որ՝ անհանգստանալու բան չունեք։ Նա պետական գանձարանի վրա շատ էժան նստեց։ Ծառայեց ընդամենը մեկ ամիս, և նրա ծախսը ընդամենը մի փոստային բացիկ էր ու մեկ էլ՝ զինվորական չորահացի իր չափաբաժինը։ Նա ճիշտ զինվոր էր, համենայն դեպս՝ ճիշտ թույլ տվեց սպանել իրեն։ Այդպես ես մնացի մենակ, վախեր ապրեցի, ցրտահարվեցի մինչև ոսկորներս և ուզում էի արանքը ճղել, հասկանում եք, նոր-նոր էի որոշել ու…
-Ժամանակ չունեմ,- կրկնեց պաշտոնյան և սկսեց մատիտը փնտրել։
-Չէ՛, այնուամենայնիվ, լսե՛ք,- ասացի ես։ -Հիմա հենց ամենահետաքրքիր մասն է սկսվում։ Այսպես ուրեմն։ Էդ է, արդեն որոշել էի արանքը ճղել, երբ հանկարծ եղավ ոտքիս հետ էս պատմությունը։ Ու քանի որ կանգնել չէի կարող, մտածեցի. հիմա ես նրանց ազդանշան կտամ ու ազդանշան տվեցի, և մերոնք բոլորը ճողոպրեցին, հերթով, կանոնավորապես. սկզբից դիվիզիան, հետո գունդը, ապա գումարտակը, ոնց որ կարգն է։ Իսկ ինձ,- հիմար բան ստացվեց,- ինձ մոռացան իրենց հետ տանել, հասկանո՞ւմ եք։ Ախր, շատ էին շտապում։ Իրոք, հիմար պատմություն ստացվեց, թե որ ոտքս չկորցնեի, նրանք բոլորը սպանված կլինեին՝ և՛ գեներալը, և՛ գնդապետը, և՛ մայորը, բոլորը հերթով, ոնց որ կարգն է, և ձեզ էլ հարկ չէր լինի նրանց թոշակ նշանակել։ Հիմա հաշվեք, թե ինչքան արժե իմ ոտքը։ Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը՝ քառասունութ, մայորը՝ հիսուն, բոլորն էլ մեկ մարդու պես՝ քաջառողջ, և՛ սրտերն է առողջ, և՛ գլուխները կարգին, և՛ բանակային իրենց կենսակերպով նրանք ամենաքիչը դեռ մինչև ութսուն տարեկան կձգեն, ոնց որ Հինդենբուրգը։ Դե, հիմա հաշվեք, խնդրեմ, հարյուր վաթսուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը կարելի է վերցնել երեսուն տարի, ճի՞շտ է։ Իմ ոտքը սաստիկ թանկարժեք ոտք է, աշխարհի ամենաթանկարժեք ոտքերից մեկը, ճի՞շտ է։
-Այնուամենայնիվ, դուք խելագար եք,- ասաց պաշտոնյան։
-Ո՛չ,- պատասխանեցի ես,- բոլորովին էլ խելագար չեմ։ Ցավոք սրտի, գլուխս էլ նույնքան ամուր է, որքան սիրտս, և շատ ափսոս, որ ոտքիս հետ այս պատմությունից երկու րոպե առաջ ինձ էլ չսպանեցին։ Ահագին փող կտնտեսեիք։
-Վերջապես ուզո՞ւմ եք այդ աշխատանքը,- հարցրեց պաշտոնյան։
-Ո՛չ,- ասացի ես ու գնացի։
Թարգմ.՝ ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Հոգևոր-մշակութային