ԵՐԿԿԵՆՑԱՂ ԱԵՐՈՍԱՀՆԱԿՆԵՐ
Ներքին այրման շարժիչների կատարելագործմանը զուգահեռ, անցած դարասկզբին Ռուսաստանում հայտնվեցին առաջին աերոսահնակները, որոնք առավելապես կիրառվում էին զբոսանքի և մարզական միջոցառումներին մասնակցելու նպատակով: 1912թ. սկսվեց տրանսպորտային աերոսահնակների սերիական արտադրությունը: Առաջին համաշխարհային և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին դրանցից մի քանիսը կիրառվել են զինամթերք և սննդամթերք տեղափոխելու, վիրավորների տարհանման, նաև կապի ապահովման նպատակով: Մարտական կիրառման հաջողված փորձը սկիզբ դրեց ռազմական նպատակների համար աերոսահնակների արտադրությանը:
Աերոսահնակներն աստիճանաբար արդիականացվում էին, ընդլայնվում էր դրանց կիրառման ծավալը: Մասնավորապես՝ դրանք կարևոր դեր են խաղացել խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում: Հայրենական մեծ պատերազմի սկզբում բոլոր տեսակի աերոսահնակներն ուղարկվել են զորքեր: 1942թ. հունվարին Մերձմոսկովյան շրջանում ստեղծվել են նմանատիպ մեքենաներով համալրված առաջին ինքնուրույն ստորաբաժանումները: Շրջանցելով հսկվող ճանապարհները՝ դրանք հանկարծակի հարձակվում էին հակառակորդի թիկունքում տեղակայված հենակետերի վրա, կատարում խնդիրը և արագ հեռանում այլ ստորաբաժանումների համար դժվարանցանելի ուղիներով: Հատկանշական է, որ գրոհն սկսում էին մարտական աերոսահնակները, իսկ թշնամու վերջնական ջախջախումը ավարտին էր հասցնում տրանսպորտային աերոսահնակներով տեղ հասած դեսանտը:
Հետագա տարիներին աերոսահնակները բազմիցս կատարելագործվել են, ստեղծվել են դրանց տարբեր ձեւափոխությունները: Այս մեքենաների ստեղծման սկզբունքը կիրառվել է նաև օդային բարձիկներով ամենագնացների նախագծման ժամանակ: Այդ աշխատանքներում զգալի դերակատարում է ունեցել նաև կոնստրուկտոր Յուրի Սուլթանովը:
Առաջին և երկրորդ սերնդի աերոսահնակներն ու երկկենցաղ աերոսահնակներն ստեղծվել են Ա. Տուպոլեւի և Գ. Մախոտկինի անմիջական ղեկավարությամբ: Իսկ ահա երրորդ սերնդի մեքենաների նախագծումն ու արտադրությունը վստահվել է Ալեքսանդր Չիլինգարովին: Նորագույն աերոսահնակներում Չիլինգարովը մի շարք նորամուծություններ է կատարել, այդ թվում՝ հարվածամեղմիչ (ամորտիզացիոն) համակարգ է տեղադրել, ինչի շնորհիվ 3-3,5 անգամ նվազել է ծանրաբեռնվածության մակարդակը:
Հատվածներ Արկադի Սարգսյանի «20-րդ դարի հայազգի ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ,
արդյունաբերողներ և փորձարարներ» գրքից
Թարգմ.՝ ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Ռազմական