Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ



 

ԱՆՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸՍահմանամերձ Արենի գյուղում բնակվող Ավետիսյանների ընտանիքում ուսումնական նոր տարվա մեկնարկը յուրովի է տրվում.  նրանց կրտսեր աղջիկը՝ Աննան, գերազանց գնահատականներով ընդունվել է ռազմական համալսարան: Մոտոհրաձիգ է դառնալու:

«Շատ եմ սիրում իմ գյուղը, իմ համայնքը, իմ հայրենիքը: Եվ մասնագիտությանս ընտրությունը այդ սիրո դրսեւորումն է: Հոգեպես պատրաստ եմ, իսկ ֆիզիկապես ավելի կկոփվեմ»,- ասում է ապագա զինվորականը:

Աննայի որոշումը ծնողների համար անսպասելի չէր, ավելին՝ քաջալերել են: Ռազմական համալսարան ընդունվելու լուրը ոգեւորել է նրանց՝ գյուղում մեծ խնջույք են կազմակերպել:

«Սկզբում անհանգստանում էի՝ մարդիկ ի՞նչ կասեն: Բայց երբ ընդունվեց, ուրախությունից ճչացի. այնքան ուրախ էի, այնքան հպարտ»,- ասում է քույրը:

Ռազմամարզական խաղեր, մարտարվեստի հնարքներ՝ այս ամենն Աննայի առօրյայի մի մասն են:  Բազմաթիվ հաջողությունների մասին վկայում են նվաճած մեդալները: Ուժային հնարքներ կատարելիս չի դժվարանում, բայց խոհանոցային անցուդարձում այնքան էլ ակտիվ չէ. «Սուրճ եմ լավ պատրաստում, մեկ էլ համով լավաշ եմ թխում»,- ասում է ապագա զինվորականը:

Աննայի  համոզմունքն  է. ամեն  մարդ  իր  ճանապարհն  ունի, իր ճշմարտությունը, որը նա կարող է այդ ճանապարհին գտնել, եւ սեռն ամենեւին էլ  խոչընդոտ  չէ:

Հակառակորդի հենակետերն Աննայենց գյուղի վերևում են՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այդտեղից պարբերաբար արձակվող կրակահերթերը նրան ավելի վճռական են դարձնում. «Աղջիկները կարող են եւ պետք է ծառայեն առաջնագծում»:

Աննան հավաքում է ճամպրուկը, ուշադիր է՝ հանկարծ որեւէ իր չմոռանա: Կարգի է բերում զինվորական համազգեստը: Ուսումնական տարվա առաջին օրը պետք է պատշաճ ներկայանալ ռազմական համալսարան:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Բանակ և հասարակություն


06/09/2018