Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՔԻ ԾԻՐՈՎ



ԾԱԳՈՂ ԵՎ ՄԱՅՐ ՄՏՆՈՂ ԱՐԵՎՆԵՐ

Մ.թ.ա. 80թ. հռոմեացի բռնապետ Սուլլան երիտասարդ զորավար Գնեոս Պոմպեոսին արգելում է տոնել Աֆրիկայում տարած հաղթանակը։
-Ոչի՛նչ, ծագող արեւն ավելի շատ երկրպագու ունի, քան մայր մտնողը,- ասում Պոմպեոսը։

ԲԱՌԵՐԸ ԿԱՅՍՐԻ ՍՏՐՈՒԿԸ ՉԵՆ

Մի անգամ հռոմեացի քերական Մարկոս Մարցելլուսը (1-ին դար) Տիբերիոս կայսրի խոսքում լեզվական սխալ է մատնանշում։ Իրավաբան Կապիտոնուսը պաշտպանում է կայսրին՝ ասելով. «Դա զուտ լատինական արտահայտություն է, իսկ եթե նույնիսկ չէ, ապա կայսրի շնորհիվ կդառնա այդպիսին»։
-Կա՛յսր, դու կարող ես քաղաքացիություն տալ մարդկանց, բայց ոչ՝ բառերին,- պատասխանում է Մարցելլուսը։

ԵՐԲ Է ԱՅՐԻԱՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ

1970թ. նոյեմբերի 9-ին մահանում է ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլը։ «Ֆրանսիան այրիացավ»,- այդ առթիվ ասում է Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուն։

ԱՄԵՆԱՀԱՐԳԱՐԺԱՆ ԿԻՆԸ

Աթենացի ստրատեգ, ժողովրդավարական խմբավորման առաջնորդ Պերիկլեսի (մ.թ.ա. 490-429) կարծիքով, մեծագույն հարգանքի է արժանի այն կինը, որի մասին տղամարդիկ ամենից քիչն են խոսում՝ լավ կամ վատ։

ԱՐՏՈՆՅԱԼ ԽԱՎԸ

«Մեր երկրում ամենաարտոնյալ խավը երեխաներն են»,- 1949թ. դեկտեմբերի 5-ին հայտարարել է Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի կինը՝ Եվա Պերոնը։

ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ՌԻՇԵԼՅԵԻՑ

Ռուս ցար Պետրոս Առաջինը ֆրանսիական ակադեմիայում տեսնում է կարդինալ Ռիշելյեի արձանն ու բացականչում. «Օ՜, մեծ այր, եթե դու կենդանի լինեիր, ես իմ թագավորության կեսը կտայի քեզ, միայն թե քեզնից սովորեի կառավարել մյուս կեսը»։

ԵՐԵՔ ՍԵՐՈՒՆԴ

«Ջենթլմեն դաստիարակելու համար երեք սերունդ է պետք»,- 1841թ. ասել է բրիտանացի քաղաքական գործիչ Ռոբերտ Ֆիլը։

ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՀԱՂԹԱՆԱԿ

Մ.թ.ա. 279թ. Աուսկուլոսի ճակատամարտից հետո Էպիրայի արքա, զորավար Պյուռոսն ասում է. «Եթե մենք եւս մի հաղթանակ տանենք հռոմեացիների նկատմամբ, ապա վերջնականապես կկործանվենք»։

ՄԱՐԴԻԿ՝ ԽՈՏ

Կամբոջիայի արյունարբու բռնապետ Պոլ Պոտը 1975թ. իշխանության գալուց հետո հայտարարում է. «Մենք կայրենք հին խոտը, որ աճի նորը»։ Խոտը նրա համար մարդիկ էին։

Խորագիր՝ #42 (857) 27.10.2010 – 3.11.2010, #44 (859) 10.11.2010 – 17.11.2010, Հոգևոր-մշակութային


15/12/2010