ՍԱՀՄԱՆՆ ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՂ ՀԶՈՐ ՏՂԱՆԵՐԸ
Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձն է: Սահման ենք ճանապարհվում՝ շնորհավորելու դիրքապահ զինվորներին, փոխանցելու Արցախի ազատամարտիկների միության ու Քաշաթաղի շրջվարչակազմի պատրաստած նվերները:
Նախ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը հարավարեւելյան զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանից հետաքրքրվում է սահմանային իրավիճակից, այնուհետեւ բարձրանում ենք դիրքեր: Բոլոր հենակետերում զինվորները մեզ սիրով են դիմավորում: Վստահեցնում են՝ աչալուրջ են: Շարքային Հակոբ Փափախչյանը ծառայությունից է պատմում. ոչ մի դժգոհություն: Սարգիս Առաքելյանն էլ իր դիտակետից ուշիուշով հսկում է հակառակորդին: Գյումրեցի Ռազմիկ Պետրոսյանը երրորդ անգամ է մարտական հերթապահության բարձրացել: Կապանցի Վոլոդյա Հովակիմյանն էլ համոզում է, որ դիրքերում ծառայությունը գերադասում է զորանոցային պայմաններից: Ինչ լավն են մեր տղաները, ինչ հզոր են:
Հաջորդ հենակետում մեզ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արթուր Չիլինգարյանն է դիմավորում: Զրուցում ենք, հետաքրքրվում հակառակորդի պահվածքից: Ծառայությունն անցնում է առանց միջադեպերի, զինվորների տրամադրությունը բարձր է: Մեզ է միանում արցախցի դասակի հրամանատար, կապիտան Անդրանիկ Ստեփանյանը. դիրքերն էր ստուգում: Ուղնուծուծով զինվորական է. ավարտել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Հինգ տարի է՝ մարտական հենակետում է: Ինչքան է տարբերվում իր հասակակիցներից:
Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանի ուղեկցությամբ հենակետ են այցելում նաեւ ՊԲ կանանց խորհրդի անդամները: Մայրական հոգատարությամբ հետաքրքրվում են զինվորներին մատուցվող սննդի, փոխհարաբերությունների, առողջական վիճակի մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռոմելա Դադայանը զինվորներին հորդորում է՝ եղեք զգոն ու աչալուրջ:
Այս հենակետում է ապրիլյան քառօրյայի ժամանակ խոցվել թշնամու ուղղաթիռը: Տղաները մանրամասներ են պատմում: Այստեղ դեռ կարելի է տեսնել խոցված ուղղաթիռի մնացորդները: Դիրքում ծառայող շարքային Գարի Դավթյանն ու իր զինակից ընկերներն ասում են, որ իրենք էլ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել նույնպիսի քաջությամբ: Չենք էլ կասկածում:
Հաջորդ հենակետում ենք: Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ֆահրադ Հակոբյանն ասում է՝ գիշերը հանգիստ է անցել, կրակոցներն էլ քիչ են:
Վերադարձին զրուցում եմ զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արմենակյանի հետ, որն այստեղ նվիրյալ բժշկի համբավ ունի: Ի դեպ՝ բոլոր դիրքերում զինվորները նրան հարազատի պես էին ընդունում: Կապիտանն ասում է՝ առողջ զինվորն է մարտունակ բանակի հենասյունը:
Տունդարձի ճանապարհին մտածում եմ՝ սահմանը անառիկ պահող մեր հերոս տղաներն արժանի են մեծարման:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1257) 05.09.2018 - 11.09.2018, Ազգային բանակ