ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁ-ՏԵՍԼԱԿԱՆԻՆ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է եռօրյա գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, զորային օղակի սպաներ:
Կոնֆերանսի բացմանը պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է. «Տեսլականում ընդգրկված յոթ առաջնահերթությունները վերաբերում են կրթական ոլորտին, սպառազինությանը, անձնակազմի մարտունակությանը, հակառակորդի գործողությունների կանխարգելմանը և առհասարակ զինված ուժերի բարեփոխումների լայն սպեկտորին: Մեզ պետք են ճկուն գործողություններ, այլ ոչ թե զուտ խրամատային, ստատիկ պաշտպանություն»։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բանակը պետք է վերածվի ևս մեկ կրթական օղակի, և ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլև պետք է այդ պաշարն ավելացրած վերադառնա բանակից:
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականների դրույթներից մեկը վերաբերում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում զինծառայողների կրթության շարունակականության ապահովմանը: «Մեր վերջնական նպատակը բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշներով հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներ ունենալն է որի համար ձեռնարկելու ենք քայլեր զինված ուժերի ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը: Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ»,- նշված է նախարարի տեսլականում:
Բանակաշինության հայեցակարգային հարցերի վերաբերյալ գիտական զեկույցներով հանդես են եկել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները:
Խորագիր՝ Նորություններ