«ՇԱՆԹ-2018». ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ Է
Հակառակորդը սահմանին զորքեր է կուտակել, խախտել հրադադարը: Հայաստանում արտակարգ ռեժիմ է: Այսպես է տրվում «Շանթ-2018» եռօրյա զորավարժությունների մեկնարկը: Պետական եւ ոչ պետական կառույցները խաղաղ վիճակից անցնում են ռազմականի: Գյուղապետից մինչեւ լրագրող փորձարկում են իրենց մարտունակությունը իրավիճակի հանկարծակի սրման, չնախատեսված բնածին եւ տեխնածին աղետների դեպքում:
Մեծ ստուգարքը պաշտպանության նախարարության համար սկսվում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի պայմանական փոփոխությամբ: Սահմանին հակառակորդը ցուցաբերել է ակտիվություն, երկուստեք կան կուրուստներ: «Հանրապետության տարածքում տեխնածին եւ բնածին խնդիրներ են առաջացել: Կա փախստականների ներհոսքի վտանգ, չի բացառվում նրանց հետ ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը: Իրավիճակը զեկուցվել է ՀՀ վարչապետին, ստացվել են հանձնարարականներ»,-պաշտպանության նախարարությունում բացազատված տեղեկատվական միասնական կենտրոնում լրագրողներին այս մասին հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Օրը լարված է նաեւ արտաքին գործերի նախարարության համար: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ գործող գերատեսչության շտաբը աշխատում է մտացածին իրավիճակին համապատասխան, բայց այնպես, ինչպես իրական պատերազմի դեպքում: «Հանձնարարականներ են ուղարկվել դեսպանատներ, ուղերձներ՝ միջազգային կառույցներ, կապ է հաստատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի, նաեւ տարբեր երկրների արտաքին գերատեսչությունների հետ: Վաշինգթոնում ՀՀ դեսպանը գիշերը կանչվել է աշխատանքի, պետական դեպարտամենտի հերթապահին տեղեկացրել է իրավիճակի սրման մասին: Դեսպաններն ու ՀԱՊԿ գործընկերները եւս տեղեկացվել են սրացումների եւ հնարավոր զարգացումների մասին: Հաշվի առնելով, որ իրականում Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը, մշակվել է փաստաթուղթ, որը կփոխանցվի նրան՝ քաղաքական աջակցության ակնկալիքով»,- լրագրողներին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հատուկ մշակված սցենար ունի նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Զվարթնոց» օդանավակայանում պայմանական պայթուցիկ սարք է հայտնաբերվել: «Քաղավիացիայից ժամը 10:24-ին ահազանգ ենք ստացել, որ ՌԴ քաղաքացու մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացրել ենք ուժային կառույցների մեր գործընկերներին: Ժամը 10:35-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման խումբը` մեկ մարտական հաշվարկ եւ ինժեներասակրավորային ջոկատը»,-տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը: ԱԻՆ ահազանգ է ստացվել նաեւ Արմավիրի Նորակերտ գյուղի գազաբաշխիչ կայանում հրդեհի բռնկման մասին:
Զորավարժությունների առաջին օրվա վերջին զեկույցը պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանինն է: Նա ներկայացնում է օպերատիվ իրավիճակը՝ զորավարժության սցենարից շեղումներ չկան, կապը այլ պետական մարմինների հետ գործում է անխափան, իրադրությունը զարգանում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Արդյունավետ է փոխգործակցությունը նաեւ զինված ուժերի եւ այլ զորքերի միջև: Զորավարժության պայմանական զարգացումներին համահունչ՝ վերջիններս նույնպես պատրաստ են ներգրավվելու ՀՀ պաշտպանությանը:
Գաբրիել Բալայանը հաստատում է՝ Թուրքիայի հետ սահմանով, ըստ սցենարի, փախստականներ են անցել Հայաստան եւ նրանց մեջ ահաբեկիչների խումբ կա. «Ընթանում են որոնողական աշխատանքներ, եւ չեզոքացման համար նախաձեռնություն է ցուցաբերվում: ՀՀ-ն համագործակցում է Թուրքիայի սահմանին հերթապահող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ՝ չեզոքացնելու այդ վտանգը: Գումարվելու է անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ուժային կառույցների ղեկավարները կզեկուցեն՝ անհրաժե՞շտ է արդյոք հայտարարել պատերազմ եւ ռազմական դրություն»:
Սցենարով որոշ բարդություններ էլ են առաջացել՝ ՀԱՊԿ անդամ պետություններից ակնկալվող օգնությունը դանդաղում է. «Հիմա մենք քննարկում ենք առանց այդ օգնության Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու հարցը: Այս պահի դրությամբ, պայմանականորեն, ՀՀ-ի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունների կողմից արվում են ապակայունացման միտում ունեցող հայտարարություններ, որոնց հնարավոր վտանգների չեզոքացման ուղղությամբ աշխատանք է տարվում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների և դիվանագիտական համապատասխան օղակների միջոցով»:
Երեկոյան անվտանգության խորհրդի պայմանական նիստ է հրավիրում ՀՀ վարչապետ, անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը՝ ըստ զորավարժությունների սցենարի: Անվտանգության խորհրդի անդամները հանդես են գալիս պայմանական զեկույցներով ու առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տալիս համապատասխան գերատեսչություններին:
Եռաստիճան «Շանթ-2018» հրամանատարաշտաբային վարժանքները երեք օր անց կպատասխանեն՝ Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավելու սպառնալիքներին արդեն ոչ թե նախագահի, այլ կառավարման նոր ուղղահայացի՝ վարչապետ-կառավարություն-անվտանգության խորհուրդ-պաշտպանության նախարարություն ու գլխավոր շտաբ, դեպքում:
Շուշան Ստեփանյան
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում