Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՏԸ՝ ՃԻ՛ՇՏ ՏԵՂՈՒՄ…



ՍԻՐՏԸ՝ ՃԻ՛ՇՏ ՏԵՂՈՒՄ...«…Նե՛լլի, սիրելի՛ս, թանկագի՛նս, ների՛ր…Ների՛ր, որ գուցե այնպիսին չեմ եղել, ինչպիսին պե՛տք է լինեի: Ների՛ր ամեն ինչի համար, մի՛ բարկացիր: Դու իրավունք ունես ինձ դատապարտելու արարքիս համար, բայց, երևում է, մեզ վիճակված չէ իրար հետ ծերանալ: Լենոչկան, երբ մեծանա` կհասկանա ինձ: Աստված թող պահապան լինի քեզ ու նրան: Համբուրում եմ պինդ-պինդ: Աստված թո՛ղ փրկի ու պահպանի ձեզ: Նորի՛ց եմ համբուրում: Վաղը մարտի եմ: Նամակը քեզ կփոխանցի զինվորս… Քո՝ Արիկ, 17 մայիսի, 1992թ.»:

 Հերթական մարտական գործողությունից առաջ մայոր Արկադի Սեմերջյանի՝ կնոջն ուղղված նամակներից է: Բաժանման ցավոտ կանխազգացում… Դեկտեմբերի 18-ին, Լաչինի հաջող մարտական գործողությունից հետո, Գյուլիբերդի բարձունքում դիպվածը պիտի խլեր նրա կյանքը…մարտական ընկերոջը ականի պայթյունից փրկելիս հավերժի ճամփան էր բռնելու արցախյան շարժման սկզբից ազատագրական պայքարին անմնացորդ զինվորագրված գիտնականը…

Տեխնիկական գիտությունների թեկնածու Արկադի Սեմերջյանը 1990-92թթ. անընդմեջ Արցախի և ՀՀ սահմանների ամենաթեժ կետերում էր: Երասխավան, այնուհետև՝ Շուշիի ազատագրման գործողություն: Իր մարտկոցով ոչնչացրել է 2 տանկ, 1 ՀՄՄ, 3 բեռնատար: Այնուհետև, արժանանալով մայորի կոչման, «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի կազմում՝ որպես ծանր զենքերի դասակի և ականանետային մարտկոցի հրամանատար, մասնակցել է Գանձասարի վանական համալիրի, Մարտակերտի շրջանի գյուղերի պաշտպանության և ազատագրական թեժ մարտերին՝ աննախադեպ սխրանքներով ճանապարհ հարթելով Վաղուհասի, Հարությունագոմերի, Դրմբոնի հաղթանակների համար և հակառակորդին պատճառելով հարյուրավոր կենդանի ուժի, բազմաթիվ զինտեխնիկայի շարասյուների, տասնյակ տանկերի և հրետանու ու կարևորագույն օբյեկտների կորուստներ:

1992 թ. դեկտեմբերին, սակայն, նրա ծանր կանխազգացումը իրականանալու էր… Մարտական ընկերների բնորոշմամբ՝ մարդկային ամենաբարձր որակներով օժտված քաջարի հրամանատարը իր գործած սխրանքների համար հետմահու արժանացել է ՀՀ և ԼՂՀ պետական մի շարք պարգևների, այդ թվում` ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի և ԼՂՀ «Արիության համար» մեդալի:

 

Ելենան խոսում է խանդավառված: Չնայած այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, բայց հուզված ու ոգևորված է հայրենիքում իր տեսած փոփոխություններով: Նա «Քայլ դեպի տուն» ծրագրով վերջերս հայրենիք այցելած երիտասարդներից մեկն է: Նրանից հզոր, դրական ու լուսավոր ալիքներ են տարածվում շուրջբոլորը… Սա նույն աղջիկն է՝ Լենոչկան, որին իր նամակում տարիներ առաջ հիշատակել էր հերոս հայրը: Մեծանալով՝ նա ոչ միայն հասկանալու ու ներելու էր հորը, այլև իրեն պարտավորված էր զգալու շարունակելու նրա կարևոր առաքելությունը…

Ազատամարտիկի 28-ամյա դուստրը NASA-ի` ԱՄՆ Աերոտիեզերական ազգային գործակալության դեսպաններից ամենաերիտասարդն է և միակ հայը: Աշխատում է նաև UNICEF-ում։ Ներգրավված է երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության աշխատանքներում, գրում և մշակում է օրենքներ, զբաղվում է աստղագիտությամբ։ Իր մասնագիտության` նյարդաբանության, ինչպես նաև գենետիկայի և աստղագիտության ոլորտներում նոր տեսություն է մշակում, որի առաջին պտուղներով էլ գրավել է ամերիկյան խոշոր՝ NASA գիտահետազոտական կենտրոնի ուշադրությունը:

Թե ինչպես է Երևանում ծնված աղջիկը հայտնվել ԱՄՆ-ում, ինչ գործեր է հասցրել կատարել ու ինչ ծրագրերով է վերջերս եկել հայրենիք, կպատմի ինքը:

ՍԻՐՏԸ՝ ՃԻ՛ՇՏ ՏԵՂՈՒՄ...«Հորս մասին մանկական հիշողություններս քիչ են, բայց անջնջելի: Դեռ շատ փոքր էի, երբ նա մի օր գնաց ու էլ չվերադարձավ: Դրանից հետո տատիկիս միշտ խնդրել եմ. «Ինձ Արիկի նմա՛ն գրկիր»…Հիշում եմ, թե ինչպես էր հայրս ինձ գրկած մոտեցնում մեր պարտեզի թթենու` պատուհանից ներս մտող ճյուղերին, որ թութ քաղեի: Մինչև այժմ էլ սպիտակ թութն իմ ամենասիրած միրգն է: Մայրս հաճախ էր ինձ համար «մաննի» եփում և հետևում էր, որ մինչև վերջ ուտեմ: Մի անգամ էլ այդ գործը հայրիկիս վստահեց, նա էլ տեսնելով, որ չեմ ուզում ուտել, ինքը արագ կերավ ամանի պարունակությունը: Ո՜նց էի թռչկոտում անկողնու վրա, հրճվում մեր փոքրիկ գաղտնիքով»:

…Ընտանիքի հերոս հոր` Արկադիի զոհվելուց որոշ ժամանակ անց, սակայն, Ելենան ու մայրն ստիպված էին հեռանալ իրենց բնակարանից: Զոհված ազատամարտիկի ընտանիքը վտարվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման պատճառով: «Երևանում մկան բույն էլ չէինք կարող ձեռք բերել՝ որպես փոխհատուցում առաջարկվող 2, այնուհետև 9 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով,-դառը ժպտում է Լենան,- կորցրել էինք հայրիկիս, մեր տունը, այլևս կորցնելու ոչինչ չունեինք…Մայրս դժվար որոշում ընդունեց` մեկնեցինք ԱՄՆ»:

«Չկա չարիք` առանց բարիքի»,- ասում է մեր իմաստուն ժողովուրդը: Պրպտուն մտքով, պայծառ, աշխատասեր աղջիկը իր ուժերով «Ամերիկյան երազանքի» երկրում կարողանալու էր շատ բաների հասնել:

Համալսարան ընդունվելիս ընտրությունը կանգ է առել «Նյարդաբանության» վրա: Հետաքրքրությունների շրջանակում էր նաև գենետիկան: Ցեղասպանության վերաբերյալ ընտանեկան ծանր պատմություն-հիշողությունները երիտասարդ աղջկան ստիպեցին սեփական «գիտական հետաքննությունը» ծավալել` պարզելու, թե ցեղասպանությունն ի՞նչ ազդեցություն է ունենում մարդու գենետիկայի և ուղեղի աշխատանքի վրա:

«Սկզբում 16-ից 60 տարեկան հայազգի տղամարդկանց ոչնչացրին, որոնք կարող էին շարունակել հայի գենը, սերունդ ապահովել` y քրոմոսոմները: Հաջորդը գիտնականների հերթն էր. գլխատվեց ամենախելացի գենետիկ տարրը: Այնուհետև անցան մայրերին ու աղջիկներին, որոնց գողանալով, մեր գենետիկ հարուստ պաշարը յուրացրին: Իմ այս թեմայով զեկույցում դիտարկել էի նաև, թե ինչ ազդեցություն է թողնում ցեղասպանությունը վերապրածների սթրեսը ուղեղի գործունեության վրա: Չէ՞ որ «հետցեղապանության» համախտանիշով մարդիկ երեխաներ են մեծացրել… Այսօրվա հաշվարկով գենետիկ ինքնությունը շարունակող հայերի թիվը բազմապատիկ ավելին պետք է լիներ: Մեզ, այսպիսով, հետ են գցել «գենի խաղից», և սա մեր մեծագույն ու անդառնալի կորուստն է: Այնպես որ՝ թուրքական պետության պարտքը հայերին ժամանակի ընթացքում ոչ թե նվազում, այլ ավելանում է»:

Հայերի ցեղասպանության հերթական տարելիցի օրը ահա այս թեմայի շուրջ զեկույցով էլ Լենան գրավել էր Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Մայք Գաթոյի ուշադրությունը, որը, հիանալով դեռատի աղջկա համարձակ ու խելացի մտքերով, ելույթից հետո մոտեցել ու նրան աշխատանքի էր հրավիրել նահանգի խորհրդարանում: «Սա շատ կարևոր էր ինձ համար, որովհետև որոշ ժամանակ անց սկսեցի մասնակցել նաև օրենքների ստեղծման աշխատանքներին»: 2013թ.-ն էր. Ելենան պարբերաբար ադրբեջանական դիվերսիաների հետևանքով զոհված հայ զինվորների մասին լուրեր էր ստանում: «Արցախյան ազատամարտում զոհված հայրիկիս մասին դեռ չէի պատմել Մայք Գաթոյին: Պատմեցի, որ իմ ամենամեծ վախն ու ցավն այն է, որ իմ ճակատագրով երեխաներ են ծնվում հայրենիքումս»: Խորհուրդ տվեց զեկույց գրել այս թեմայով: Ինձ համար հոգեբանորեն շատ ծանր աշխատանք էր… պիտի ուսումնասիրեի ու վերլուծեի հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջ նյութը»:

Հայ-ադրբեջանական հակամարտության առանձին դրվագների վերաբերյալ մի շարք անհերքելի փաստարկներ, որ Ելենան իր զեկույցում ներկայացրեց Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնին, օգտակար եղան, որ 2014թ.-ին ընդունվեր «AJR 32» բանաձևը, որով Կալիֆորնիայի նահանգը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը: Նա հատկապես շեշտադրել էր Խոջալուի դեպքերը՝ դրանք որակելով՝ «ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ» և փաստերով ապացուցել:

«Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը միջոց է՝ աջակցելու այն ժողովրդին, որը որդեգրել է ժողովրդավարության և ինքնորոշման նույն արժեքները, որոնց սատարում ենք մենք՝ ամերիկացիներս»,- այս առթիվ հայտարարել էր Մայք Գաթոն: Ելենան մեջբերում է ԱՄՆ-ում հայտնի խոսքը. ««So goes the California, so goes the nation» («Ինչ անում է Կալիֆորնիան, ամբողջ երկիրը հետևում է նրա օրինակին»):-Այսպիսով` մեծ հույսեր ունենք, որ հետագայում ավելի ու ավելի շատ նահանգներ կընդունեն այս կարևոր բանաձևը»:

ՍԻՐՏԸ՝ ՃԻ՛ՇՏ ՏԵՂՈՒՄ...Այս ամենին զուգահեռ` երիտասարդ գիտնականի հետաքրքրության օբյեկտիվն այդ ընթացքում սևեռված էր նաև տիեզերքին ու աստղագիտությանը: «Ուսումնասիրություններիս արդյունքում եկա այն եզրակացության, որ աստղերի և ուղեղի նեյրոնների աշխատանքը շատ նման են: Սկսեցի տեսություն գրել: Բայց քանի որ նաև օրենսդրական դաշտի աշխատանքներով էի զբաղվում, մայրս միշտ ասում էր. «Մինչև դու այս գործդ ավարտին հասցնես, ես կծերանամ: Ուղարկի՛ր NASA. պետք է որ նրանց հետաքրքրեն այս մտքերդ»: Ուղարկեցի՝ առանց որևէ հույսի: Որոշ ժամանակ անց պատասխան եկավ: Բացեցի ու կարդացի. «Մեծ հետաքրքրությամբ ծանոթացանք Ձեր աշխատանքին ու կուզենանք Ձեզ հետ համագործակցել այս ուղղությամբ»: Այսպես հայտնվեցի NASA-ում, դարձա դեսպանը: Այժմ NASA-ի աշխատանքների, գիտական նորույթների մասին տարբեր ատյաններում ներկայացնելուն զուգահեռ` տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում իմ տեսությունը հաստատող փաստեր եմ հավաքում:

Կյանքի իմ բանաձևն է. «Արդարությունն ամեն ինչի հիմքն է», և այս մասին է վկայում տիեզերական ու նյարդաբանական օրինաչափությունների իմ ուսումնասիրությունը: Հաճախ ասում են՝ «կյանքն անարդար է»: Այդպես չէ: Կյանքը հենց արդարության նժարների վրա է պահպանվում: Անարդար է մակաբույծի կյանքը, որն անընդհատ միայն վերցնում է, կուտակում ու փոխարենը ոչինչ չի տալիս: Դա վերջի սկիզբն է: Այս սկզբունքով է զարգանում և իր վախճանին հասնում նաև քաղցկեղ հիվանդությունը: Այո՛, երբ սկսում ես ուսումնասիրել տիեզերական օրինաչափությունները, ստացված տվյալներից, հավասարումներից փիլիսոփայական եզրահանգումների ես գալիս: Լավը կամ բարին մի բևեռում է, վատը կամ չարիքը՝ մյուս: Մեջտեղում արդարությունն է: Լավի բևեռում օգնությունն է, չարիքի բևեռում՝ վնասը: Փորձի՛ր լավություն անել, իսկ եթե չես կարող օգնել, գոնե մի՛ վնասիր, պահպանի՛ր արդարության սկզբունքը»:

Ելենան հայրենիք է վերադարձել սրտի կանչով: Լսելով ՀՀ-ում նոր իրավիճակի մասին` իր ղեկավարներին խնդրել է, որ իրեն Հայաստան գործուղեն: «Ուզում եմ, որ մի ուժ դառնանք, որ կուտակված բոլոր խնդիրները միասնաբար և հնարավորինս շուտ լուծենք»:

Երիտասարդ գիտնականն ու հասարակական գործիչը Հայաստանում էր     բազում գաղափարներով ու ծրագրերով: Նրա կարծիքով՝ բոլոր ուղղություններով այսօր կարելի է համագործակցության ամուր կապեր ձևավորել: ՀՀ ԿԳ նախարարի հետ հանդիպմանը NASA-ի ծրագրերով երիտասարդ սերնդի զարգացման հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել: Տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպմանը սահմանամերձ գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման գործնական ուղիներ է առաջարկել:

«Ինձ համար՝ որպես հայ մարդու, հատկապես կարևոր էր զգալ, որ մեր երկրի ղեկավար կազմի ներկայացուցիչների «սիրտը ճիշտ տեղում է», ուրեմն՝ գործն էլ արդար ու արդյունավետ կլինի»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1258) 12.09.2018 – 18.09.2018, Ճակատագրեր


13/09/2018