ԿՈՆԳՐԵՍԸ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ Silk Way ԳԱՂՏՆԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐԿԵՐԸ
Անցյալ տարի տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի Silk Way ավիաընկերությունը 2014-2017թթ. ընթացքում 350 գաղտնի թռիչք է իրականացրել՝ հարյուրավոր տոննա զենք տեղափոխելով Բուլղարիայից Սիրիայի ահաբեկիչներին և Մերձավոր Արևելքի այլ երկրներ։
Այժմ ունենք մի նոր բացահայտում. Silk Way-ը ԱՄՆ-ի Արտահանման-ներմուծման բանկից (EXIM) ստացել է 419.5 միլիոն դոլարի վարկ՝ «Բոինգ» ընկերությունից երեք 747-8 բեռնատար ինքնաթիռ գնելու և իր չարամիտ գործունեությունը շարունակելու համար։
Բացահայտումն արել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) զեկուցողը՝ 2016 թվականին Տեղեկատվության ազատության մասին ակտով (FOIA) հարցում ներկայացնելով ԱՄՆ կառավարությանը։ Նշենք, որ Silk Way-ը, որը. «Պատկանում է Ալիևների ընտանիքի հետ անցյալում կապեր ունեցող ընկերությանը, շահել է մի քանի շահավետ պայմանագրեր ԱՄՆ զինված ուժերից»:
Փաստորեն. «Silk Way-ը ավելի քան 400 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության տրանսպորտային հրամանատարության վարչության հետ», հաղորդում է OCCRP-ի լրագրող Դևանշ Մեհթան։ Silk Way-ը 2005թ. ի վեր. «Զինամթերք և այլ նյութեր է տեղափոխել Աֆղանստան։ ԱՄՆ կառավարության հետ ունեցած կապերից բացի, Silk Way ավիաընկերությունը նաև աշխատել է որպես ենթակապալառու Կանադայի Ազգային պաշտպանության դեպարտամենտի, Գերմանիայի զինված ուժերի և ֆրանսիական բանակի համար»,- բացահայտել է Մեհթան։
2017թ. ապրիլին Silk Way-ն ընդլայնել է իր գնումների ծավալը «Բոինգ»-ից՝ ստորագրելով 1 միլիարդ դոլարի պայմանագիր տասը նոր 737 MAX ուղևորատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է ֆինանսավորվել նոր ձեռքբերումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Silk Way-ը հայտարարել է, որ նախատեսում է գնել ևս երկու 747-8 բեռնատար ինքնաթիռ։
Մեհթան հավելել է, որ «Ադրբեջանը «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 122-րդ տեղը, իսկ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ առանձնատներն ամբողջ աշխարհում գնահատվում են ավելի քան 140 միլիոն դոլար։ «Պանամայի թղթերը» և այլ արտահոսքերը ակնարկել են երկրի առաջին ընտանիքի` Ադրբեջանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ շքեղ հյուրանոցներից մինչև հանքարդյունաբերություն և բանկային ծառայություններ, ներգրավվածությունը»։
Նեյթ Շչենկանը, որը ամերիկյան շահույթ չհետապնդող, ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը և մարդու իրավունքները վերահսկող Freedom House-ի Nations in Transit նախագծի ծրագրերի տնօրենն է, խնդրահարույց է համարում EXIM բանկի վարկը Silk Way-ին. «Ադրբեջանում, որտեղ մեկ ընտանիք գերիշխող դիրք ունի տնտեսապես և քաղաքականապես, իսկ այնուհետև օգտագործում է պետական կառույցներն իր տնտեսական ծրագրերը վերականգնելու համար, առկա է ակնհայտ շահերի բախում»:
Silk Way Holding-ը գերակշռող դիրք գրավեց Ադրբեջանի ավիացիայի ոլորտում այն բանից հետո, երբ շատ գաղտնի պայմաններում սեփականաշնորհվեց պետական փոխադրող AZAL ավիաընկերությունը՝ առանց մրցույթների և տենդերների։ Մեհթան գրել է՝ «Հեռահաղորդակցության ոլորտի նման մի սեփականաշնորհում հանգեցրեց նրան, որ (Ալիևի) ընտանիքը մոտ 1 մլրդ դոլար կաշառք ստացավ կանխիկ գումարով և արժետոմսերով: Հետաքննությունը նաև պարզել է, որ այդ գումարն առաջին ընտանիքին փոխանցվել է տարբեր գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով։ Այս ընկերությունները թույլ են տվել Ալիևներին վերահսկելու ոսկու հանքավայրեր, հեռահաղորդակցության և շինարարական բիզնեսներ Ադրբեջանում»։
2006թ. փաստաթղթերի համաձայն՝ Silk Way ավիաընկերությունը պատկանել է IHC-ին (International Handling Company)՝ Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային կազմակերպությանը։ 2017թ. փաստաթղթերում Silk Way ավիաընկերությունը հայտարարել է, որ ընկերության 40 տոկոսը պատկանում է IHC-ին, իսկ 60 տոկոսը՝ SW Holding-ին, որը «արդյունավետորեն վերահսկում էր» Ադրբեջանի քաղաքացի Զաուր Ախունդովը։ Մեհթան հայտարարել է, որ «IHC-ը կապված է Ալիևի ընտանիքի հետ դրա տնօրեն Ջաուադ Դբիլայի միջոցով, որը, ըստ հաղորդման, անցյալում ծառայել է որպես առաջին ընտանիքի բիզնես շահերի լիազորված անձ»։
2011-ին Silk Way Holding-ի և IHC- ի հավատարմագրային հավաստագիրը հանձնվեց ռուսական ծագումով մենեջեր Գրիգորի Յուրկովին: Այս նշանակումը օգտագործվել է որպես IHC-ի իրական սեփականատերերին թաքցնելու միջոց:
Մինչդեռ Զաուր Ախունդովը 2014թ. խորհրդավոր կերպով դարձել է Silk Way Group-ի հարյուր տոկոսանոց սեփականատերը: Այդ ժամանակ ընկերությունը և նրա բազմաթիվ կազմակերպություններն արդեն արժեին միլիարդավոր դոլարներ. հայտարարել է Մեհթան՝ հիմնվելով ընկերության վարկային երաշխիքի հայտի վրա: Հիսունամյա Ախունդովը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանում: «Անհասկանալի է, թե ինչպես է Ախունդովը դարձել միլիարդավոր դոլարների կոնգլոմերատի սեփականատեր, որը ներառում է ավելի քան տասը ինքնաթիռ, ապահովագրական ընկերություն, շինարարական ընկերություն և ինքնաթիռների սպասարկման ընկերություն, եթե նշենք միայն Silk Way Group-ի ձեռնարկություններից մի քանիսը»,- հետաքրքրվել է Մեհթան։
Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է լսումներ անցկացնի՝ EXIM Bank-ի կողմից Silk Way ավիաընկերությանը տրամադրված 419.5 միլիոն դոլարի վարկային երաշխիքի օրինականության, Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներին նրա զենքի առաքումների և Ալիևի ընտանիքի հետ նրա կապերի հետաքննության համար։ Ի վերջո, ինչո՞ւ է ամերիկյան վարկ տրվում միլիարդավոր նավթադոլարներ ունեցող Ադրբեջանին:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #11 (1258) 12.09.2018 – 18.09.2018, Ռազմաքաղաքական