ԱՊՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԵՎ ԱՄԵՆ ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
«Ազգապահպանման ուղն ու ծուծը նոյն ազգի պատկան և ստեղծած մշակոյթն է, որը ճանաչում է գտնում աշխարհի ժողովուրդների մէջ՝ գոյատևելով որպէս ազգ»:
ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Ականավոր լեզվաբան, բանասեր, հայագետ Լևոն Մինասյանը գիտության և մշակույթի զինվոր էր, որն իր գիտակցական կյանքը նվիրել էր հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը՝ աշխարհի չորս ծագերից հավաքելով և կորստից փրկելով շուրջ 3000 միջնադարյան հայկական ձեռագրեր (որոնք թվագրվում են 15-16-րդ դարերով), ուսումնասիրելով և վեր հանելով Հին և Նոր Ջուղաների պատմությունը: Լևոն Մինասյանի 60-ից ավելի գիտական աշխատություններն ու մենագրությունները հայերի՝ համաշխարհային պատմության մեջ թողած մշակութային հետքի մասին են: Լևոն Մինասյանը ամենայն պատասխանատվությամբ դասդասել, խմբավորել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի դարավոր արխիվը՝ 1606-1983թթ.: Կազմել է վանքում պահվող ձեռագրերի մատենագիտական ցանկը:
Հայագիտության հսկայի՝ Լևոն Մինասյանի համար ազգային ինքնությունն ու լեզուն սրբազան արժեքներ էին, որոնցով նա կրթեց ու դաստիարակեց իր զավակներին: Հետո նրանք հայտնվեցին աշխարհի տարբեր մայրցամաքներում… Հավատարիմ մնալով ազգային ակունքներին՝ նրանք շարունակում են ապրել Հայրենիքի սիրով, պահպանել Հայ լեզուն ու մշակույթը…
-Փոքր էի, երբ իմացա, որ Հայաստան-Հայրենիք ունեմ: Ես այդ հայրենիքն սկզբում տեսել էի իմ փոքրիկ ծննդավայրում՝ Պարսկաստանի Փերիա գավառի Խոյգան գյուղում, որը զուտ հայկական բնակավայր էր: Երբ մեծացա, երազանքս էր օգտակար լինել Հայրենիքիս ու մարդկությանը,- ասում է լեզվաբանի դուստրը` Նյու Յորքում բնակվող, անվանի դիմահարդար Արմինե Մինասյանը…
Երազանքների ուղիներով՝ Խոյգանից մինչեւ Նյու Յորք
Մեր առջև կանգնած է մի հրաշալի հայուհի՝ հպարտ իր ազգի անցյալով ու միշտ խոնարհ՝ չնայած իր նվաճած բարձունքներին: Հաջողություններն ու հաղթանակները նրան չեն տրվել որպես ճակատագրի նվեր, այլ վաստակի ու տքնանքի արդյունք են:
Եթե դիտեք 1980-ական թվականներից մինչ օրս նկարահանված ամերիկյան կինոնկարները և մակագրություններում հանդիպեք Էմի Մինասյան անվանը, իմացե՛ք, որ խոսքը Սփյուռքի մեր հայրենակցուհի Արմինե Մինասյանի մասին է, որը փնտրված ու եզակի արվեստագետներից է ամերիկյան կինոընկերությունների ու շոուբիզնեսի շրջանում: Որպես դիմահարդար՝ նա 30 տարուց ավելի համագործակցել է Նյու Յորքի բալետի և Մետրոպոլիտեն օպերային թատրոնի, հեռուստաընկերությունների հետ, աշխատել է այնպիսի խոշորագույն դեմքերի հետ, ինչպիսիք են Հելեն Հեյզը, Բոն Ջովին, Մայքլ Դուգլասը, Սյուզան Սարանդոնը և շատ ուրիշներ: Այս շարքը շարունակում են հայ անվանի երգիչներն ու դերասանները՝ Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Խորեն Աբրահամյանը, Վիգեն Ստեփանյանը, Հովհաննես Ոսկերչյանը և բազում նվիրյալներ:
Արմինե Մինասյանի աշխատանքը բարձր են գնահատել համաշխարհային հռչակ վայելող արտիստներ, քաղաքային ու նահանգային հեղինակավոր կրթական հաստատություններ՝ այդ թվում Օքսֆորդի համալսարանը, նրան շնորհել են ուսուցչության վկայականներ: Դասավանդում է Ամերիկայի Դրամատիկական արվեստի ակադեմիայում, որը դեռևս 1884թ. հիմնել է Չարլզ Չապլինը: Արմինե (Էմի) Մինասյանի կենսագրությունը ներկայացված է Անգլիայի Քեմբրիջ Միջազգային կենսագրական ինստիտուտի «Ո՞վ ով է. Աշխարհի կանայք» գրքի էջերում (2010թ.,15-րդ հատոր): Նրան նվիրված անդրադարձ կա նաև Բախտիար Հովակիմյանի «Նոր Ջուղայի թատրոնի տարեգրություն. 1887-2012թթ.» մեծածավալ մենագրության էջերում (Երևան, 2013թ.), Արծվի Բախչինյանի «Հայերը Աշխարհի Սինեմայում» գրքում (Երևան, 2004թ.) և 2010թ. լույս տեսած «Թատերական օրացույցում» (գիրք 5-րդ):
Ամերիկյան Կենսագրական հաստատության կողմից Արմինե Մինասյանն արժանացել է «Տարվա կինը» տիտղոսին՝ իր հետապնդումների իրագործման գերազանց նվիրումի համար: Արմինե Մինասյանը ոչ միայն տաղանդավոր դիմահարդար ու դասախոս է, այլև հասարակական մեծ գործունեություն է ծավալում Սփյուռքի գաղթօջախներում՝ ի նպաստ հայապահպանության: Երկար տարիներ ի վեր նա անդամ է Նյու Յորքի Հ.Օ.Մ-ի «Մայր» մասնաճյուղի և «Համազգայինի», վարում է քարտուղարի և ատենապետի պաշտոններ: Սիրում է լուսանկարչությունը, թատրոնը և կինոն, դերասանական արվեստը, գծագրությունը: Սիրում է այն ամենը, ինչը Գեղեցիկ է, Վեհ է…Եվ նա այդ արժեքներին ծառայելու իր բանաձևն ունի.
-Պահպանենք անցեալը, յարգենք, սիրենք ու վայելենք ներկան՝ կերտենք ապագան:
Պատանեկության շրջանում Արմինե Մինասյանն ականատեսն էր Լևոն Մինասյանի մշակութապահպան գործունեությանը: Հենց նրանից էլ ստացավ իր կյանքի գլխավոր դասերը՝ սիրել Հայրենիք և ազգություն, լինել ազնիվ, առաքինի ու ճշմարտախոս:
-Հայրս՝ Լևոն Մինասյանը, ազգային կյանքին նվիրվել էր 20 տարեկանից: Մինչև հիմա հիշողությանս մեջ վառ տպավորված է այն պահը, երբ 5-6 տարեկանում հորս հետ գնացի գյուղի գերեզմանատուն… Նա վրձնով մեկ առ մեկ մաքրում էր տապանաքարերի փոշին և նոթատետրում գրի առնում արձանագրությունները: Հետո հասկացա, որ այդ լուռ քարերի մեջ պատմությունն է թաքնված: Եղավ մի պահ, երբ իրանական կառավարությունը փակեց հայկական դպրոցները: Հայրս մեր տան երկրորդ հարկը վերածեց դպրոցի,-հիշում է Արմինե Մինասյանը:
Հետո այդ հիշողություններն ու դասերը Արմինե Մինասյանին ուղեկցելու էին ամբողջ կյանքում՝ որպես լուսավոր աստղ: Նա պատվով հաղթահարեց իր ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որոնց ոլորաններում նա երբեք չհրաժարվեց իր երազանքներից, այլ միշտ բարձրացավ վեր՝ իր ազգի հզոր անցյալից առնելով թևեր: Եվ երբ պատմում է իր անցած դժվարին ուղու մասին, միայն լույսի շող է երևում նրա աչքերում…
Արմինե Մինասյանի դժվարություններով ու մաքառումներով լի ճանապարհը կարելի է տեսնել նրա գրած բանաստեղծություններում: Գրել սկսել է դեռ դպրոցական տարիքից: Տարիներ շարունակ Հայրենիքի ճակատագրին ու մարդու ներաշխարհին նվիրված իր խոհերն ու բանաստեղծությունները նա դեռ անցյալ տարի ընթերցողին ներկայացրեց երկու՝ «Հայրենիքիս ճամբէքով» և «Սիրոյ արահետներով» ժողովածուներով, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ արժանանալով անվանի մտավորականների ու արվեստագետների բարձր գնահատականին… Ժողովածուները լայն արձագանք են գտել նաև Սփյուռքի գաղթօջախներում: Եվ մեր հայրենակիցները պարբերաբար կազմակերպում են հանդիպումներ և գրական ցերեկույթներ հեղինակի հետ…Այս օրերին Արմինե Մինասյանը կրկին Հայրենիքում է…
…մեկ հարկի տակ
-Արմինե Մինասյանի հետ իմ ծանոթությունն սկսվեց տարիներ առաջ, երբ նա պատրաստվում էր Հայրենիքին ի պահ տալ հոր՝ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ Լևոն Մինասյանի արխիվը՝ նրա գիտական աշխատությունները, աշխարհի տարբեր ծայրերից հավաքած-փրկած հնագույն հայկական ձեռագրերը,- պատմում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:- Դա մեծ իրադարձություն էր ոչ միայն մեր թանգարանի, այլև մեր ազգային-մշակութային կյանքում:
Սերը, Հայրենիքի ճակատագիրը նրա գրչի տակ դարձել են գեղեցիկ բանաստեղծություններ: Վստահ եմ, որ այս երկու ժողովածուները շարունակություն են ունենալու…
Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը ևս Արմինե Մինասյանին ճանաչում է տարիներ ի վեր: «Հայրենիքիս ճամբէքով» գրքի առաջաբանում նա գրել է.
«…Այցելե՛ք աշխարհի մեծագույն քաղաքի՝ Նյու Յորքի Ռիգօ Փարք թաղամասը, հասեք, մի քանի քայլ արեք Ասթին փողոցով և դեռ հեռվից կտեսնեք թիվ 62-75 առանձնատան մուտքին փողփողացող Եռագույնը: Քիչ ավելի մոտեցեք և հայկական մեղեդիներ, Հայաստանի ձայնասփյուռի ու տեսասփյուռի խոսնակների ձայները կլսեք, իսկ երբ ներս մտնեք, ձեզ կթվա, թե ազգագրական թանգարանում եք հայտնվել՝ բոլոր սենյակները, ննջարանը, խոհանոցն անգամ զարդարված են հայկական հուշանվերներով, հայ նկարիչների կտավներով, Հայաստանում հայթայթված մասունքներով»:
Եվ այս հայրենաշունչ հարկի տակ Արմինե Մինասյանը տարիներ շարունակ հյուրընկալել է անվանի հայ մտավորականներին՝ Համո Սահյան, Վահագն Դավթյան, Պերճ Զեյթունցյան…
Արմինե Մինասյանի համար ամենահուզիչ անակնկալը Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից մեդալի արժանանալն էր՝ ի նշանավորումն նրա ծավալած հայապահպան գործունեության…
-Ինձ համար անսպասելի էր այդ մեդալը… Չեմ կարողանում զգացմունքներս արտահայտել: Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր մշտապես եղել են իմ կողքին ու աջակցել են գրքերիս հրատարակման գործում: Գրեթե մեկ տարի է անցել, բայց դեռ չեմ կարողանում հավատալ, որ տարիների ընթացքում ցաքուցրիվ եղած գրվածքներս արդեն մեկ հարկի տակ են՝ մեկ ընտանիքի պես: Սա իմ երազանքներից մեկն էր: Մեր ազգն է, որ ինձ ուժ է տալիս… Ես նրանով եմ ներշնչվում,- ասում է Արմինե Մինասյանը: Եվ մաքառումներով լի ճանապարհ անցած արվեստագետը իր ապրած տարիների բարձունքից նոր սերնդին հղում է իր պատգամը.
-Բացասական մտածության հավատքը մեծապես վնասում է մարդու կյանքի գործունեությանը: Կյանքը պայքար է: Մի՛ հանձնվեք ձեզ մերժողներին: Եթե հավատաք կամքի ուժին, կհասնեք ձեր երազանքին…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ
Խորագիր՝ #12 (1259) 19.09.2018 – 25.09.2018, Հոգևոր-մշակութային