ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԶԱՆԳԵԶՈՒՐՈՒՄ 1920թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
1919թ. նոյեմբերի վերջերին ՀՀ կառավարության հրահանգով Զանգեզուրում գնդապետ Ա. Շահմազյանին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել էր Զանգեզուրի գլխավոր նահանգապետ և ռազմական ուժերի հրամանատար, փոխարինում են Ս. Մելիք-Յոլչյանը և գեներալ Ղազարյանը, որոնք ստանձնում են գավառի քաղաքացիական ու ռազմական գործերի ղեկավարումը:
Նրանց մասնակցությամբ ստեղծվում է «Վարիչների խորհուրդ» մարմինը, որի ձեռքում է կենտրոնանում գավառի իշխանությունը: Ս. Վրացյանի գնահատմամբ` Զանգեզուրը ձևականորեն կազմակերպվել էր որպես Հայաստանի Հանրապետության մաս (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 371):
Ս. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ գործող քաղաքային իշխանությունը (վարիչների խորհուրդ) Զանգեզուրը բաժանում է երկու գավառի. «1. Բուն Զանգեզուր, Տաթև, Դարաբաս, Սիսիան` Զանգեզուր գավառ անունով, 2. Ղափան, Բաղաբերդ-Գեղվայ ձոր, Արևիք և Գողթն` Կապարգողթ անունով» (նույն տեղում):
Միաժամանակ, Զանգեզուրը բաժանվում է երեք զինվորական շրջանների. Գորիսի, Սիսիանի, որի հրամանատարն էր գլխապետ (կապիտան) Պողոս Տեր-Դավթյանը, Կապարգողթի` Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ:
Նախորդ տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից Զանգեզուր-Արցախի գլխավոր նահանգապետ նշանակված Խոսրով-Բեկ Սուլթանովի գլխավորությամբ Զանգեզուրի և Արցախի վրա պարբերաբար ձեռնարկվող հարձակումները, բազմիցս կրկնվող հայ-թուրքական զինված բախումներն ու գավառում տիրող իրական կացությունը հրամայաբար թելադրում էին, որ ՀՀ կառավարությունը պիտի որդեգրեր ու գործեր առավել կենսունակ ու գործուն մարտավարությամբ: Զանգեզուրում շարունակաբար տեղի ունեցած ազգամիջյան զինված բախումները միանշանակ հավաստում էին, որ միայն տեղի մարտական ուժերով գավառն ամբողջությամբ մահմեդական բնակչությունից մաքրելը չափազանց դժվարին խնդիր էր: Անհրաժեշտ էր վճռական հակահարված տալ Զանգեզուրն ու Արցախը բռնազավթելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների կենսագործած քաղաքականությանն ու Զանգեզուրը վերջնականապես մաքրել մահմեդական բնակչությունից:
Զանգեզուրը թուրք բնակչությունից վերջնականապես մաքրելը կարևորագույն նշանակություն ուներ ոչ միայն Զանգեզուրի, այլև Արցախի համար, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ ծավալելուց առաջ անհրաժեշտ էր ապահովել թիկունքի անվտանգությունն ու բացել դեպի Արցախ տանող ուղիները:
ՀՀ կառավարության հրահանգով Դրոն 1919 թ. դեկտեմբերի վերջերին 600 զինվորներով հասնում է Գորիս:
Գեներալ Հախվերդյանի հավաստմամբ` «Դրոյին առաջադրանք էր տրված առաջին հերթին մաքրել Զանգեզուրի հարավային և արևելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաև Զանգեզուրի և Ղարաբաղի միջև ընկած գոտին թաթար բնակչությունից, որպեսզի ապահովվեր նրանց կապը» (ՀԱԱ, ֆ.45, ց.1, գ.177, թ.19):
Դրոյի ժամանումով զորահավաքի ու մարտական խմբեր կազմավորելու գործընթացն ավելի է արագացվել, ընդ որում, Զանգեզուրյան մարտական ուժերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են խիստ քողարկված, հակառակորդի համար աննկատ:
Ծանոթանալով Զանգեզուրում տիրող իրավիճակին եւ խորհրդակցելով «Վարիչների խորհուրդ» մարմնի անդամների ու տեղի ռազմական ուժերի հրամանատարների հետ՝ Դրոն վճռում է առաջին հերթին մաքրել Զանգեզուրի թուրքերով բնակեցված ամենախիտ Շուռնուխ, Մազրա, Նավլու, Էյվազլար շրջանը, ավելի քան երեսուն գյուղեր, որոնք անջրպետել էին Կապարգողթի (Կափան, Գենվազ (Արևիք-Մեղրի), Գողթան) շրջանները բուն Զանգեզուրից (Գորիս և Սիսիան), ինչպես նաև Արցախից: Հարկավոր էր վերացնել Զանգեզուրի հյուսիսային ու հարավային շրջանների կապն ու հաղորդակցության ուղիները արգելափակող պատնեշն ու ապահովել բնակչության անվտանգ երթեւեկությունը: Այդ գործողության կենսագործմամբ ոչ միայն Զանգեզուրը կմաքրվեր մահմեդական բնակչությունից, ու անխափան կգործեին Կափանի ու Գորիսի շրջանները միմյանց կապող հաղորդակցության ուղիները, այլեւ կբացվեր դեպի Արցախ ձգվող ճանապարհը, և այնտեղ ռազմական գործողություններ ծավալելուց առաջ, կլուծվեր թիկունքի անվտանգության հարցը:
Թուրքաբնակ այդ գյուղերը շատ լավ կազմակերպված էին ու զինված և մշտապես կապի մեջ լինելով Ադրբեջանի իշխանությունների հետ՝ պատրաստ էին առաջին իսկ հրահանգի դեպքում հարձակվելու հայկական գյուղերի վրա:
Գեներալ Հախվերդյանի վկայությամբ. «… Այդ բնակչությունը ադրբեջանական հրահանգիչների կողմից շատ լավ կազմակերպված էր եւ իրենից ներկայացնում էր որպես զինված զորամասեր, ապահովված նույնիսկ գնդացիրներով» (նույն տեղում):
Մինչև վճռական գործողություններ ձեռնարկելը, Զանգեզուրի ռազմական ուժերի հրամանատարությունը դիմում է թուրքաբնակ գյուղերին և առաջարկում խաղաղությամբ հեռանալ այդ տարածքից:
Թուրքերը ոչ միայն մերժում են ընդունել առաջարկությունը, այլև սպառնալի հայտարարում են, թե` «Ոչ միայն չեն ընդունում Գորիսի իշխանությունը, այլև պատրաստվում են գրավել Ադրբեջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը…» («Հայրենիք» ամսագիր, 1941թ. հունիս, էջ 97):
Դրոյին և զանգեզուրյան մարտական ուժերի հրամանատարության համար այլընտրանք այլևս չկար:
Զանգեզուրի «մաքրման» գործողությանը Դրոն մասնակից է դարձնում իր մարտական զինակից, Դարալագյազի մարտական ուժերի հրամանատար Յապոնին (Հովհաննես Պարոնյան), որը որպես հեծյալ վաշտի հրամանատար մասնակցել էր նրա գլխավորած 2-րդ կամավորական զորախմբի մղած բոլոր մարտերին: Քանի որ Զանգեզուրի երեք զինվորական շրջաններից` կենտրոնականի, այսինքն՝ բուն Զանգեզուրի (Գորիսն իր շրջակա գյուղերով) մարտական ուժերի հրամանատար մինչ այդ դեռևս նշանակված չէր, Դրոն հենց Յապոնին է վստահում Շուռնուխի ճակատի հրամանատարությունը:
Այդ նույն գործողության մասնակից Արտեմ Խանզադյանի հավաստմամբ` «Գարեգին Նժդեհի առաջնորդած ղափանցիների մարտախմբերին հանձնարարվում է. հարձակումը սկսել Եղվարդ գյուղի տարածքից և շրջապատման մեջ վերցնել ու «մաքրել» մինչև Զեյվա գյուղի անտառապատ սարերն ընկած թուրքական բնակավայրերը» (Ավօ, «Նժդեհ», 1968, Բեյրութ, էջ 482):
Արտեմ Խանզադյանի վկայությամբ` Յապոնի և տաթևացի Վարդանի գլխավորած մարտախմբերին է վստահվում Զանգեզուրի ամենադժվարին ու պատասխանատու տեղամասի` թուրքական ամենախիտ բնակչություն ունեցող բնակավայրերի (Տանձավեր, Շուռնուխ, Մազրա, Նավլու ու նրանց հարակից գյուղերի) վրա հարձակվելու և այդ գյուղերը թուրք բնակչությունից իսպառ մաքրելու առաջադրանքը (նույն տեղում):
Արտեմ Խանզադյանի վկայությունը հավաստում է նաև Յապոնը:
Իր հուշերում անդրադառնալով Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելու Դրոյի մարտավարությանը՝ Յապոնը նշում է.
«Նա որոշեց ինձ յանձնել ռազմական գործողութեան դաշտի ամենից պատասխանատու ու դժուարին ճակատը` Շուռնուխի կենտրոնական գիւղի վրայ քայլող Տանձաւէրի հովիտից առաջացող ճակատը…» («Հայրենիք», ամսագիր, 1941թ. հունիս, էջ 97):
Զանգեզուրի մարտական ուժերը, համաձայն Արտեմ Խանզադյանի վկայության, Յապոնի և տաթևացի Վարդանի գլխավորած մարտախմբերը հարձակումը պիտի ձեռնարկեին հետևյալ մարտավարությամբ. «…Տանձաւերի բէկերի գիւղերը քարուքանդ անելէ ետք Շուռնուխ գիւղի վրայովը անցնիլ և արշաւանք կատարել Նաւլու մեծ գիւղի վրայ, ուր թուրքերը կանոնաւոր ուժեր էին կենտրոնացրել» (Ավօ, «Նժդեհ», էջ 483):
Նժդեհի առաջնորդած ղափանցիների մարտախմբերին հանձնարարվում է հարձակումն սկսել Եղվարդ գյուղի տարածքից և շրջապատման մեջ վերցնել ու «մաքրել» մինչև Զեյվա գյուղի անտառապատ սարերն ընկած թուրքական բնակավայրերը: Գնդապետ Ամիրխանյանի զորախմբի մարտիկները պիտի գերիշխող դիրքեր գրավեին Խնձորեսկից մինչև Հագարու գետն ընկած բարձունքների վրա և թույլ չտային, որ Մաղավուզի ու Մազմազակի թուրք ու քուրդ հրոսակախմբերը օգնության հասնեին Բարգուշատի թրքությանը:
Համաձայն վաղօրոք մշակած մարտավարության` զանգեզուրյան մարտական ուժերը թուրքական բնակավայրերի վրա հարձակումը պիտի ձեռնարկեին միաժամանակ` հունվարի 6-ի (19) առավոտյան: Գործողության առաջին փուլում ծրագրված էր ընդամենը երկու օրում` հունվարի 6-ին և 7-ին մահմեդական բնակչությունից մաքրել Շուռնուխ, Էյվազլար, Մազրան և Նավլու գյուղերն իրենց շրջակա բնակավայրերով, ապա զարգացնելով հարձակումը` պիտի հասնեին մինչև Հագարու գետը:
Հունվարի 6-ին (19), առավոտյան Դրոն իր զորամասով դուրս է գալիս Գորիսից, ապա Քարահունջ տանող ճանապարհով անցնում Բարգուշատի ձորերով և շարժվում դեպի Էյվազլար: Որպեսզի թուրքերին զրկեր լեռների ամրություններում պաշտպանվելու հնարավորությունից, հրամայում է թնդանոթներից կրակ տեղալ թուրքաբնակ գյուղերի վրա:
Թնդանոթներից արձակած կրակոցները ազդարարում են հարձակման սկիզբը: Զանգեզուրյան մարտական ուժերը, համաձայն մշակած մարտավարության, միաժամանակ սկսում են հարձակումը և գրոհների բոլոր ուղղություններում նրանց ձեռնարկած հարձակումն ընթանում է մեծ հաջողությամբ: Էյվազլար գյուղը գրավելուց հետո Դրոյի առաջնորդած զորախումբը մեկը մյուսի հետևից մաքրում է նաև մերձակայքում գտնվող մահմեդաբնակ մյուս գյուղերը: Նույն հաջողությամբ էին ընթանում նաև մյուս ուղղություններում հարձակվող մարտախմբերի գործողությունները: Յապոնի և տաթևացի Վարդանի գլխավորած զինվորական ուժերը Տանձավեր գյուղը մաքրելուց ու Մարքազի բարձունքը գրավելուց հետո հարձակվում են թուրքերի գլխավոր հենակետի` Շուռնուխի վրա, ուր կենտրոնացել էին մեծ թվով թուրքական զինված հրոսակախմբեր:
Իր հուշերում ներկայացնելով այդ պահը՝ Յապոնը գրում է. «…Հրաշալի է զանգեզուրցու հետ կռվի գնալը: Էդ խոմ կռիվ չէ, այլ քեֆ, հերոսական մրցություն՝ շարքում առաջինը լինելու համար: Լուսաբացին Մարքազը մեր ձեռքումն էր:
…Այստեղից մեր թափը կրկնապատկած՝ խփեցինք ուղիղ Շուռնուխի վրայ: Թրքական այդ կենտրոնական գիւղը իր բազմաթիւ կռուողներով ու անառիկ դիրքերով հազիւ կարողացաւ մէկ ժամ դիմանալ: Առաւ ու փախաւ՝ հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գիւղերը…Կէս օր չեղած, մաքրեցինք իմ զօրամասին յանձնուած ճակատի վրայ ընկած Տանձաւէր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուրնախի, Մազրա գիւղերը՝ իրենց մօտիկ 3 ուրիշ գիւղերով և Մարքազի բարձունքը» («Հայրենիք» ամսագիր, 1941թ. հունիս, էջ 97):
Գերազանց կատարելով առաջադրանքը և համառ կռիվներից հետո ամբողջովին «մաքրելով» վերոհիշյալ բնակավայրերը, Յապոնի գլխավորած զորախումբը շարժվում է Նավլու և միանում նույն ոգևորությամբ մարտնչող Սաքո Յապոնի (Համբարձում Սարգիսջանյան) և Արտեմ Խանզադյանի գլխավորած մարտախմբերին: Համատեղ ուժերով զարգացնելով հարձակումը` Զանգեզուրի մարտական ուժերը գրավում և ամբողջովին կրակի են մատնում թուրքաբնակ գյուղը:
Միաժամանակ, իրեն հանձնարարված Եղվարդից մինչև Զեյվա ձգվող տեղամասը թուրք բնակչությունից մաքրելուց հետո, Նավլու գյուղ է հասնում նաև Գարեգին Նժդեհի գլխավորած Ղափանի զորախումբը:
Արտեմ Խանզադյանի վկայությամբ` հաջորդ օրը «Նժդեհ ղափանցի կտրիճների գլուխը անցած առաւօտեան եկաւ կրակի բաժին դարձած Նաւլու գիւղը» (Ավօ, «Նժդեհ», էջ 483):
Համաձայն Զանգեզուրի մարտական ուժերի հրամանատարության մշակած մարտավարության` թուրքաբնակ գյուղերի վրա հարձակումը իրականացվել է միաժամանակ և հակառակորդի համար անսպասելի: Ըստ վաղօրոք մշակած ծրագրի` Շուռնուխ, Վիժանիս, Էյվազլար, Մազրա, Նավլու գյուղերը և նրանց շրջակա բնակավայրերը պիտի գրավեին հունվարի 6 (19)-ին և 7 (20)-ին և զարգացնելով հարձակումը՝ մինչև Հագարու գետն ընկած տարածքը մաքրեին թուրք բնակչությունից ու ճանապարհը բացեին դեպի Արցախ:
Հաշված օրերի, ավելի ստույգ` ընդամենը երկու օրվա ընթացքում Նժդեհի, Հովհաննես և Սաքո Յապոնների, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզադյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կարողանում են գրեթե առանց լուրջ կորուստների լուծել բուն Զանգեզուրը (Գորիս, Սիսիան) Կապարգողթից (Ղափան, Գենվազ (Արևիք-Մեղրի), Գողթան) անջրպետող հոծ բնակչությամբ թուրքաբնակ տարածքի խնդիրը:
Չբավարարվելով ձեռք բերածով` Զանգեզուրյան մարտական ուժերը շարունակում են հարձակումը և հետապնդելով խուճապահար հեռացող թուրքերին` հասնում են մինչև Հագարու գետը և այդ տարածքը առանց մեծ ջանքեր գործադրելու նույնպես մաքրում են թուրք բնակչությունից ու բացում դեպի Արցախ տանող ուղիները:
Իր գնահատականների մեջ խիստ զուսպ ՀՀ զինվորական նախկին նախարար, գեներալ Հախվերդյանը, ըստ արժանվույն գնահատելով այդ փաստը, նշում է. «Առաջին խնդիրը, Զանգեզուրի հարավային և արևելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաև Զանգեզուրի և Արցախի միջև ընկած գոտին թաթար բնակչութիւնից մաքրումը, կատարվեց փայլուն կերպով: Չնայած համառ դիմադրությանը` թաթարական բնակավայրերը հրդեհվեցին, իսկ բնակիչները դուրս քշվեցին:
Ղարաբաղի հետ կապող ուղին բացված էր » (ՀԱԱ, ֆ.45, ց.1, գ.177, թ.19):
Զանգեզուրը մահմեդական բնակչությունից մաքրելու գործողությունը, իրոք, ընթացել է շատ արագ ու չափազանց արդյունավետ:
Սիմոն Վրացյանի գնահատմամբ` «Այսպէս կազմակերպւած զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածութիւնը` Դոնդարլու-Շուռնուխ-Ասկիլիում թրքական շրջանը` մօտ 30 գիւղ: Մարտին գրաււեց Աւդալար-Ալեանչու-Մուսուլմանլար-Բարգուշատ շրջանը, ուր գտնւում էին մօտ 120 թրքական գիւղեր» (Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 371):
Զանգեզուրում ծավալված վերջին դեպքերը մեծ իրարանցում են առաջ բերում հարևան Ադրբեջանի Հանրապետությունում:
Ադրբեջանական իշխանությունների համար մեծ հարված էր տասնյակ հազարավոր այն թուրքերի կորուստը, որոնց զինական աջակցությամբ հույս ուներ լուծել Զանգեզուրը Ադրբեջանին բռնակցելու խնդիրը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները մոռացության մատնելով ոչ վաղ անցյալում իրենց գործադրած ոճիրներն ու վայրագությունները՝ բողոք-դիմումներով հեղեղում են հաղթող տերությունների դեսպանատներն ու պահանջում նրանցից միջամտել և կանխել հայկական զորքերի կողմից Զանգեզուրում մահմեդական բնակչության նկատմամբ կենսագործվող ջարդերը և պատժել այդ գործի գլխավոր հանցավորներին:
Ադրբեջանի իշխանությունները Անտանտի տերությունների ներկայացուցիչներից պահանջում են Զանգեզուրից հեռացնել ՀՀ կառավարության գործակալներին, առաջին հերթին Դրոյին` որպես օտար պետության գործակալի:
Սակայն ամեն ինչ արդեն անդառնալի էր. Զանգեզուրի ռազմական ուժերը իրենց գործը հաշված օրերի ընթացքում մեծ հաջողությամբ կատարել էին, և Ադրբեջանը Զանգեզուրում մեկընդմիշտ կորցրել էր իր հուսալի հենարանը. Զանգեզուրը մաքրված էր, այնտեղ արդեն մահմեդական տարր գոյություն չուներ:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խորագիր՝ #12 (1259) 19.09.2018 – 25.09.2018, Պատմության էջերից