Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸԹուր Կեծակին վիպասքներում չէ, թրկապումդ է, օրհասի պահին հանելու ես պատյանից, գրոհելու ես ոսոխի վրա, որ պաշտպանես Գրիգոր Լուսավորչի խաչը, Մաշտոցի երկնառաք գրերը, հայ լինելու քո երջանկությունը։

Եթե հավատաս այս ճշմարտությանը՝ անպայման կհաղթես։

Մոնթեն հավատում էր։

Նա Դավիթ ծնվել էր։

Խոսքը, չզարմանաք, այն նույն տղայի մասին է, որ աշխարհ էր եկել Միացյալ Նահանգներում, մայրենի լեզուն չգիտեր, իր հայությամբ, հայկականությամբ չէր հետաքրքրվում, ամենից շատ սիրում էր իրենց տան մոտի գետի շերեփուկներով խաղալ։ Ու հենց գետը չորանում էր, խղճում, հավաքում, բերում էր տուն։ Ֆրեզնոյից ոչ հեռու, Վայսիլիայի իրենց առանձնատան պարտեզում մինչեւ հիմա պահպանվում է այն «գերեզմանոցը», որտեղ Մոնթեն թաղել է իր սիրելի կենդանիներին…

Մարտունիում, զորակայանից վերադառնալիս, անսպասելի օդային ռմբակոծություն սկսվեց։ Որպեսզի վտանգից խույս տա, վարորդն ու թիկնապահը՝ Կոմիտաս Ավանեսյանը, լեռնագնացի ընթացքն արագացրեց ու չզգաց, թե ինչպես անցավ ճանապարհի ճիշտ կենտրոնում տաքացող օձի վրայով։ Մոնթեն նկատեց, կարգադրեց լեռնագնացը կանգնեցնել ու ուշադրություն չդարձնելով արկերի պայթյունին, իջավ, վերցրեց օձին, շոյեց, սիզախոտերի մեջ դրեց։

Վերադարձել, հրամանատարի խստությամբ հանդիմանում էր վարորդին.

– Առջե՛ւդ նայիր, խեղճի ողնաշարը վնասել էիր…

 

 

♦♦♦

…Հայրն ըստ երեւույթին այլեւս չէր դիմանում հին երկրի կարոտին, նա նոր, այնպիսի խոշոր ինքնաշարժ գնեց, որ կինը, չորս զավակները տեղավորվեն։ Զավակները շատ կարեւոր էին, նրանք այդ ամենը պիտի տեսնեին, իրենց աչքերով տեսնեին։ Ուղեւորությունը տարի ու կես տեւեց։ Նրանք կտրեցին Ատլանտյան օվկիանոսը, անցան Եվրոպան, քերեցին Աֆրիկայի ափեզրը, հասան Ստամբուլ։ Խարբերդ։ Սեբաստիա։ Մարզվան։ Շուկայի հրապարակում կանգ առան, վեց հոգով դուրս եկան ինքնաշարժից, կանգնեցին կողք կողքի։ Տատի, միմիայն տատի նկարագրությամբ Մոնթեն ճանաչեց իրենց երկհարկանի տունը։

– Մերն է, չէ՞։

Հայրը գլխով արեց։

– Բա ինչո՞ւ ներս չենք մտնում։

Հայրը լռեց… Մոնթեն նայեց հորն ու առաջին անգամ նրան լաց լինելիս տեսավ։ Ահա այդ պահին ինքնիրեն ուխտեց, որ պիտի անպայման վերադառնա Արեւմտահայաստան։ Զենքով…

Մարտունիում, Քաջավանի ազատագրության մարտում, ադրբեջանցի մի վիրավոր զինվոր գերի ընկավ։ Մոնթեն իր լեռնագնացով հիվանդանոց բերեց, գլխավոր բժշկին ասաց.

– Ինչ անում ես, արա՛, կյանքը փրկե, ջահել տղա է, մեղք է։

Բժիշկ Գասպարյանը քննեց, գլուխն օրորեց.

– Շատ է արյուն կորցրել, շտապ ներարկում է պետք, բայց ամբողջ հիվանդանոցում մի կաթիլ չունեմ։

Մոնթեն դուրս եկավ, դիմեց այգում խմբված զինվորներին.

– Վիրավոր գերուն ո՞վ արյուն կտա։

Ոչ ոք չարձագանքեց։

Մոնթեն Գասպարյանի բուժսենյակը մտավ, հետեւից պինդ փակեց դուռը։ Ինքն անձա՞մբ տվեց արյուն, չտվե՞ց՝ ոչ ոք չիմացավ։ Գերու կյանքը փրկվեց…

 

 

♦♦♦

Փոքրուց, ուրեմն, Մոնթեն արդեն գիտեր, թե զենքը ձեռքին ո՞ւր պիտի գնա, բայց թե որտեղի՞ց է գալիս, չգիտեր։ Որպեսզի իմանա, Ճապոնիայում մի ամբողջ տարի մարտարվեստ ուսումնասիրեց, ավարտեց Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժինը, եղավ աշխարհի 64 երկրում, տիրապետեց յոթ լեզուների, որոնց թվում՝ ճապոներենին, ուրարտական արքայական ժայռափոր դամբարանների մասին ավարտաճառը, որ ուղարկել էր Օքսֆորդի համալսարան, ընդունվեց որպես գիտությունների դոկտորի աստիճանի հայց, բայց չներկայացավ պաշտպանությանը։ Լիբանանում սկսվեցին հակահայկական խժդժությունները, եւ նա առաջին «Կալաշնիկովը» հայթայթեց, հայկական թաղերը պաշտպանելու փութաց։

 

 

♦♦♦

Մարտունեցիները գիտեին՝ Մոնթեն՝ Ավոն, ինչպես կոչում էին լեռնաշխարհում, իր նկատմամբ չափազանց բծախնդիր էր, ճակատամարտերի ամենալարված օրերին անգամ լողանալու, գոնե ցնցուղի տակ կանգնելու ժամանակ գտնում էր, բայց չէր սիրում համազգեստը փոխել, ու չնայած վաղուց արդեն խունացել էր, ծակծկվել, Կոմիտասի մորն անընդհատ լվանալ, կարկատել էր տալիս, հագնում։ Մի անգամ նույնիսկ գրպանների տեղը փոխել տվեց։

Զինվորները տեսնում էին, արդեն համոզվել էին, որ նա, չնայած ամբողջ Մարտունիի պաշտպանական շրջանի գլխավոր հրամանատարն է, չափազանց խնայասեր է, երբ գետնին՝ հողերի, փոշու մեջ փամփուշտ է նկատում, վերցնում է, սրբում, դնում գրպանը, բայց թե ինչո՞ւ՝ պատճառը չգիտեին…

 

♦♦♦

Վերջին անգամ, երբ Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից, արտաքսեցին Եմեն։ Այնտեղ նրան հասավ, միացավ առաջին ու վերջին սերը՝ Սեդան։ Ո՛չ աշխատանք ունեին, ո՛չ խնայողություն՝ սպասում էին, որ ծանոթ-բարեկամները՝ ավելի ճիշտ՝ համախոհներն իրենց հիշեն, դրամ ուղարկեն։ Ու քանի որ այնքան էլ հաճախ չէին հիշում, երկուսով շիշ էին հավաքում, հանձնում, որ ստացած գումարով ամենաէժան մակարոնը գնեն, իրենք իրենց համար չափաբաժին սահմանեն, քիչ-քիչ ուտեն։ Մի անգամ, մինչեւ երկու-երեք շիշ գտան, հանձնման բաժին հասան, փակվեց։ Առանց ընթրելու անկողին մտան։ Իրար չէին խոստովանում, բայց երկուսի քունն էլ չէր տանում։ Այդ սոված գիշերը, սակայն, ամենահրաշալին դարձավ իրենց համատեղ կյանքում, որովհետեւ Մոնթեն անսպասելի անկեղծացավ։ Պատմեց, որ Պուասիի բանտում սովորություն է ունեցել Սեդայի ուղարկած քարտեզով շրջագայել Արեւմտահայաստանում։ Նա մեն-մենակ մագլցել է բոլոր լեռնագագաթները, բայց ամենից շատ սիրել է Հայկական պարի պիրկ ելեւէջները, ավելի ճիշտ՝ 2247 մետր բարձրության վրա գտնվող Գայլատու՝ փոքրիկ, ձկնառատ լիճը։ Ու ուխտել է Արեւմտահայաստանն ազատագրելուն պես Սեդայի հետ Գայլատու լճի ափին հաստատվել, առանձնատուն կառուցել ու երեխաներ ունենալ։ Շատ երեխաներ…

Հայրենիք վերադառնալուց հետո Մոնթեն կռվել էր Իջեւանում, Ճամբարակում, Էրքեջում, Բուզլուխում, Մանաշիդում, Կարաչինարում, Մարտակերտում, Քարվաճառում, Աղդամում, չէր վիրավորվել։ Մարտունիում, միայն մի ճակատամարտում, գնդակն արյունոտել, ավելի ճիշտ` քերծել էր ճակատը։ Երբ ընկերները զարմացան, թե ինչպես է այդքան էժան պրծել, լուրջ-լուրջ պատասխանեց.

– Ճակատս անանկ պինդ է, որ գնդակը չմտավ, դիպավ, հետ թռավ։

 

 

♦♦♦

…Ֆրանսիայում Մոնթեն ձերբակալվել է երկու անգամ՝ 1981 եւ 1985 թվականներին, նախ՝ կեղծ անձնագիր կրելու, ապա՝ պայթուցիկ նյութեր պահելու մեղադրանքով։ Երկրորդ անգամ բանտերում երեք ու կես տարի մնաց, եւ չնայած պարբերաբար խիստ խուզարկության էին ենթարկում, անակնկալ խուցը փոխում, էլեկտրական լամպը դիտմամբ աղոտ էին վառում, չորս գիրք գրեց։ «Պայքարելու իրավունքը» գրքի հեղինակը հեղափոխական է, «Մեր արմատները. ճշմարիտն ու կեղծինը»՝ հնագետ-պատմաբան, «Անցյալի ըմբռնումների քննադատությունինը»՝ ազգային-հասարակական գործիչ, «Ռազմավարության հարցինը»՝ զորավար, «Խոհեր հակաարդյունավետ մտածողության մասինը»՝ Հեգելի տեսակետները վիճարկող իմաստասեր, «Իմպերիալիզմը նոր աշխարհումինը»՝ քաղաքագետ։

Մարտունու շրջանի պաշտպանության հրամանատարությունն ստանձնելուց հետո, սակայն, որտեղ ի միջի այլոց մինչ այդ երբեք չէր եղել, որի բնակիչների լեզուն սկզբում այնքան էլ լավ չէր հասկացել, նա այնպիսի պատասխանատվությամբ համակվեց, որ իր մեջ գիտական բոլոր հակումներն ու նախասիրությունները մոռացության մատնելու ուժ ունեցավ, եւ երբ զոհվեց, նրա մոտ միայն մի՝ ռազմարվեստի դասական Սուն-Ցուի «Պատերազմելու արվեստը» գիրքը գտան։ Փոխարենը կարճ ժամանակում Արցախի պաշտպանության բանակի ամենամեծ զորագունդն ստեղծեց, որը ութ գումարտակ ուներ, ընդ որում` Մարտունին միակ շրջանն էր, որն իր ոչ մի բնակավայրը, նույնիսկ ժամանակավորապես, թշնամուն չէր զիջել։

Նա սովորություն ուներ. նախքան ճակատամարտն անպայման լինում էր դիրքերում, զննում էր տեղանքը, որոշակիացնում ռազմական գործողությունների բոլոր մանրամասները։ Հրամանատարի գլխավոր նպատակը զոհ ամենեւին չտալը, վիրավոր՝ հնարավորին չափ քիչ տալն էր։ Այդ օրը վարորդ-թիկնապահին ասաց, որ գիշերվա ժամը 1-ին պատրաստ լինի, պիտի բարձրանան Ալաշանի բարձունքի 08 դիրքի դիտակետը, մարտադաշտը տեղազննեն։ Ժամը 3-ին հենց բարձունքից էլ Ասկերանի գումարտակի հետ կապի մեջ մտավ։ Գրոհը համատեղ պիտի սկսեին։ Լույսը բացվելուն պես որոտացին թնդանոթները։ Մոնթեի մարտիկներն ազատագրեցին 6-7 գյուղ, տեղերում պահակակետեր թողեցին, մտան Մարզիլու։ Ասկերանի մարտիկները, սակայն, հետ էին մնում, առաջին հարձակման ժամանակ 30 վիրավոր ու զոհ էին տվել։ Մոնթեն որոշեց նրանց օգնության հասնել, պարսկահայ կամավորական Գեւորգ Քամալյանի, Ճարտարի 23-րդ գումարտակի հրամանատար Հովիկ Ջիվանյանի հետ իջավ հրամանատարական դիտակետից, որտեղից ուղղորդում էր մարտական գործողությունները։ Ճանապարհին, չնայած լեռնագնացում տեղ չկար, միացան տեղակալը՝ Սարո Երեմյանը, հետախուզության պետը՝ Սարիբեկ Մարտիրոսյանը։ Մտան Մարզիլու։ Աղյուսաշար պարսպով մի դարպասի առաջ ԲՄՊ-1 էր կանգնած, շուրջը զինվորներ էին։ Երբ հազիվ 20 մետր էր մնում, Մոնթեն զարմացած ձայնեց.

– Ասոնք ի՞նչ են անում այստեղ։

Նոր նկատեցին, որ ազերիներ են։ Լեռնագնացից իջան, սկսեցին կրակել։ Ազերիներն իսկույն խցկվեցին իրենց ԲՄՊ-ն, արձակեցին առաջին զրահահարը։ Վրիպեցին։ Մոնթեն, Կոմիտասը, Գեւորգը, Հովիկը, Սարիբեկն ու Սարոն վազելով անցան աղյուսաշար պատի հետեւը, դիրքեր գրավեցին։ Զրահամեքենայի երկրորդ արկը դիպավ պատի սուր անկյանը, պայթեց, ու գալարատաշեղի նման մի բեկոր դիպչելով էլեկտրասյանը, հետ թռավ, մխրճվեց Մոնթեի ճակատի ձախակողմը։ Նա ընկավ։

Նա այս ամենը կանխազգում, Անդրանիկ զորավարին հիշելիս անընդհատ կրկնում էր.

– Երանի նրա բախտին չարժանանամ, անկողնում չմեռնեմ…

Կոմիտասը նետվեց հրամանատարի կողմը, զգաց, որ ոտքերը ծալվում են։ Վիրավորվել էր։ Հովիկը մի կերպ մոտեցավ, Մոնթեի՝ «00» պայմանականչով արյունոտված հեռակապը վերցրեց, օգնություն խնդրեց։ Տեղ հասավ Մուշկապատի ջոկատը՝ Աբրիկ Հայրապետյանի գլխավորությամբ։ Ազերիները տասը զոհ, մի վիրավոր թողնելով, լցվեցին ԲՄՊ-1-ը, փախան…

Մոնթեն վաղուց, շատ վաղուց Երեւանում չէր եղել, վերջին օրերին առիթով թե անառիթ, անընդհատ Արարատի մասին էր խոսում։ Երեւի շատ էր կարոտել։ Մտերիմները գիտեին՝ նա Արարատին կարոտում էր, առանց Արարատի չէր կարողանում։ Որոշեցին մարմինը Երեւան տանել, բայց մարտունեցիները չէին թողնում՝ կանայք կառչել էին ուղղաթիռի պտուտակներից, Մարինե Գրիգորյանն անընդհատ ճչում էր՝ «Էս ո՞ւր եք տանում մեր թեւ ու թիկունք, մեր հույս ու հավատ Ավոյին, ինչի՞ եք մեզ որբացնում»։

Հիմա նա հանգչում է Արարատին դեմ հանդիման, Լեռն ու Զինվորը հայացք հայացքի իրար նայում, զրուցում են։ Թե ինչի մասին, մենք՝ մահկանացուներս, հետո կիմանանք։ Նրանք՝ անմահները, կանխորոշում են մեր ապագան…

 

ԳՐԻԳՈՐ  ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #12 (1259) 19.09.2018 – 25.09.2018, Ճակատագրեր


19/09/2018