Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻ ՀԱԿԱՐԻ ԳԵՏԻ ԱՓԻՆ…



ՀԱՅՐԵՆԻ ՀԱԿԱՐԻ ԳԵՏԻ ԱՓԻՆ…Սեպտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանը:  Քաշաթաղի  Տիգրանավան գյուղից էր, ծնվել էր 1998թ. մայիսի 6-ին: Ավարտել էր գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգը և 2017 թվականի հուլիսի 17-ին զորակոչվել հայոց բանակ: Մհեր Հովսեփյանի 5 որդիներից կրտսերն էր և, բնական է, ամենասիրվածը: Սեպտեմբերի 25-ին բազմամարդ էր Տիգրանավանը. չարագույժ բոթն այստեղ էր բերել Արցախի հարազատ-բարեկամներին, մտերիմներին, մանկության ու մարտական ընկերներին, շրջվարչակազմի ղեկավարությանը, զորամասի հրամանատարությանը, հարևան բնակավայրերի բնակիչներին… Թշնամու գնդակից ընկած զինվորին հուղարկավորեցին Հակարի գետի ձախափնյա հայրենի գյուղի հանգստարանում:

ՀԱՅՐԵՆԻ ՀԱԿԱՐԻ ԳԵՏԻ ԱՓԻՆ……Մանկության տարիներին շատ էր Հակարիում լողացել Արցախը, ընկերների հետ գետափնյա դաշտում ֆուտբոլ խաղացել: Եվ նույն ընկերներն էին տանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ՝ վերջին հրաժեշտը տալով սիրելի ընկերոջը:  Հուղարկավորեցին հերոս զինվորին արժանի պատվով: Հոգևորականները կատարեցին հուղարկավորության կարգը, հնչեց Արցախի օրհներգը, տրվեց համազարկ: Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Լ. Բաղդասարյանը ներկայացրեց Արցախի կենսագրությունը՝ նշելով հատկապես բանակային շրջանը:  Կրտսեր սերժանտ, երրորդ հրաձգային ջոկի հրամանատարը զինվորի իսկական կերպար էր՝ անվախ ու խելացի, ընկերասեր, բոլորի կողմից սիրված, բարի… Փոխգնդապետը ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը` պարգևատրման մասին. Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևը զինվորի հորը հանձնեց զորամասի հրամանատար, գնդապետ Հրայր Թևոսյանը: Ներկաները վերջին հրաժեշտը տվեցին զինվորին, որի շիրիմը ծածկվեց բազում ծաղիկներով ու ծաղկեպսակներով: Հրաժեշտ տվեցինք տիգրանավանցի Արցախին, հրաժեշտ տվեցինք՝ մեկս մյուսին մխիթարելով, նրա հարազատներին համբերություն մաղթելով…

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


25/09/2018