Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

CAFE DE LA TERRASSE



CAFE DE LA TERRASSEՄԱՔՍ ՖՐԻՇ

 

Ինչ-որ մեկը հաղորդում է Բեռլինից. ռուս զինվորի հսկողությամբ փողոցով քայլում են մեկ դյուժին ցնցոտիավոր գերիներ, որոնք գուցե ժամանել են հեռավոր որեւէ ճամբարից։ Երիտասարդ ռուսը, հավանաբար, նրանց պետք է հասցնի աշխատանքի վայրը։

Թե ուր է նա իրենց տանում, գերիներից ոչ ոք չգիտե, ինչպես ոչ ոք չգիտե իր ապագայի մասին։ Նրանք ուրվականներ են, որոնց կարելի է ամենուր տեսնել։ Հանկարծ ինչ-որ փլատակներից պատահաբար դուրս եկած կինը ճչում է, վազում դեպի գերիները եւ նետվում նրանցից մեկի վրա։ Խումբը հարկադրված կանգ է առնում։ Զինվորը, հասկանալի է, նույնպես գլխի է ընկնում, թե ինչ է պատահել։ Նա մոտենում է գերուն, որ գրկել էր արտասվող կնոջը եւ հարցնում.

– Քո կի՞նն է։

– Այո՛։

Ապա հարցնում է կնոջը.

– Ամուսի՞նդ է։

– Այո՛։

Նա ձեռքը մի կողմ է պարզում։

– Արագ փախի՛ր, փախի՛ր արագ։

Նրանք չեն կարողանում հավատալ եւ շարունակում են կանգնած մնալ։ Ռուսը տասնմեկ գերիների հետ շարունակում է իր ուղին։ Անցնելով մի քանի հարյուր մետր, զինվորն իր մոտ է կանչում անցորդներից մեկին եւ սպառնալով ավտոմատով, ստիպում է նրան շարք կանգնել։ Դյուժինը, որ նրան ի պահ են տվել, պետք է լրիվ լինի։

 

Թարգմ.՝ Մ. ՀՐԱՉՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Հոգևոր-մշակութային


27/09/2018