Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱԿԱՏԱԳԻՐ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՆ Է



 

ՃԱԿԱՏԱԳԻՐ    ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՆ ԷԼեռների գրկում ծվարած մի գյուղ՝ հպարտ, արծվածին…

Այսպիսի գյուղեր շատ ունեին հայերը, բայց միայն այս մեկը կանչեց քեզ:

Երևի պատճառն այն էր, որ այս գյուղը թևերն ավելի լայն էր փռել, որպեսզի բոլոր զավակներին առներ իր հովանու տակ…Կամ գուցե այն, որ նրա զավակներն ավելի անվախ ու համարձակ էին … Կամ էլ…

1973 թվական, օգոստոս…Ուղեգիրը ձեռքիս ներկայացա Գետաշեն գյուղի երկու դպրոցների տնօրեններին: Երկուսն էլ սիրով ընդունեցին: Երկու դպրոցներն էլ, ի դեմս ինձ, ունեցան հայոց լեզվի և գրականության նոր ուսուցչուհի:

Իմ ծննդավայրն այդ գյուղից ընդամենը երեք կիլոմետրի վրա էր՝ արևոտ, բերքառատ: Ժամանակները խաղաղ էին, գարունը՝ ծաղկառատ, աշխատելը՝ հաճելի…Այդ մեկ տարին իմ կյանքին նվիրեց քաղցր ու անմոռաց շա՜տ հուշեր: Բայց որ կտար նաև հպարտություն, չէի սպասում…

Հետո ես եկա Հայաստան…Ընտանիք էի կազմել…Ինչպես Գետաշեն գնալս էր պարտադրված, այնպես էլ՝ հեռանալս…

Գետաշենը  լավ էի ճանաչում: Այնտեղ ես շատ բարեկամներ ու ընկերներ ունեի:

Քո Գետաշեն մեկնելը պարտադրված չէր:

Ես ավարտել էի ինստիտուտը: Դու դեռ ուսանող էիր…

Գետաշենն ինձ ծանոթ գյուղ էր: Դու առաջին անգամ էիր տեսնելու:

Ի դեմս քեզ, Գետաշենի երկու դպրոցներն էլ ունեցան հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ …

Հայրենասիրությունն էր հրաբխում քո մեջ…Ահա թե ինչը քեզ տարավ Գետաշեն…

Եղեռն տեսած հայի արյունն էր հոսում քո երակներում…Ահա թե ինչու գնացիր…Վրեժի կանչով դու գնացիր…

Իմ ժամանակները խաղաղ էին: Քո ժամանակներն անհանգիստ էին…Հայը նորից էր տեղահանվում …

Գնացիր…Գնացիր, և իմ աշակերտները դարձան քո զինվորները: Դու դարձար իմ աշակերտների և շրջակա գյուղերի ուժն ու հավատը:

Դու արեցիր անգամ անհնարինը…

Համբուրել էիր փոքրիկ Ասպրամիդ, հրաժեշտ տվել ընտանիքիդ և մեկնել: Նախազգացե՞լ էիր, որ վերջին անգամ ես տեսնում նրանց: Ժպտացել էիր ու գնացել, որ միշտ ժպտալո՞վ հիշեն…

Դու գնում էիր, որ դառնաս մեր հպարտությունը:

Ես գնացի, աշխատեցի ու հեռացա:

Դու գնացիր, աշխատեցիր ու անմահացար…

Ես և դու նույն գյուղի երկու դպրոցների ուսուցիչներն էինք…

Դու դարձար իմ և մեր հպարտությունը:

Դու՝ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ, հերոսացար ու անմահացար ապրիլ ամսին:

Բոլոր դպրոցներում ստեղծված է «Փառքի անկյուն», որտեղից ժպտում ես երեխաներին և կարծես ասում. «Ես զոհվեցի, որ դուք ապրեք»:

Ամեն անգամ քո նկարի մոտ  կանգ եմ առնում և զրուցում քեզ հետ…

Այնքա՜ն կուզեի, որ 1991թվականի ապրիլը քեզ համար դառնար ապրել…

Ի՞նչ ես ուզում հայից, ապրի՛լ…

 

ԱԼՎԻՆԱ ՇԻՐՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Ճակատագրեր


27/09/2018