Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ- 115. ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆԵԼ Է ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ



ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ- 115. ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆԵԼ Է ԻՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸԱշխարհահռչակ կոմպոզիտոր, 20-րդ դարի երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, հայ նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, մանկավարժ, մեծատաղանդ  դիրիժոր: Ելնելով ազգային հարուստ ավանդույթներից՝ նա իր նորարարական արվեստով հարստացրեց 20-րդ դարի երաժշտական գանձարանը:

Խաչատրյանը հարուստ է այն ամենով, ինչը նրան տվել է հայրենիքը, նրա հարազատ Հայաստանը։ Նրա երաժշտությունն աչքի է ընկնում գունեղ ժողովրդական երգայնությամբ, և դա դարձել է նրա երաժշտական մտածողության հիմքերի հիմքը…

Խաչատրյանը նշանակալի կերպով փայլել է ժամանակակիցների շրջանակում՝ ստեղծելով հստակորեն ճանաչելի ոճ՝ մի բան, որը իր նախորդներն ի վիճակի չեղան անելու:

 

ԷԴՎԱՐԴ ԳՐԻՆՖԻԼԴ

Երաժշտական քննադատ

♦♦♦

Խաչատրյանը իր անջնջելի հետքն է թողել աշխարհի բալետի վրա:

ԷՆ ՀԱՍՔԻՆՍ

«Weekly» շաբաթաթերթ

♦♦♦

Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացած միակ խորհրդային կոմպոզիտորն է, որն ի հայտ է եկել ազգային նախագծից:

ՄԱՐԻՆԱ ՖՐՈԼՈՎԱ ՎՈԼԿԵՐ

Երաժշտագետ

♦♦♦

Խաչատրյանը Հայաստանի մշակույթի երաժշտական դեսպանն է:

ՇԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

♦♦♦

Նրա ամենահայտնի գործը՝ հանճարեղ «Սուսերով պարը», իսկապես արժանի է համաշխարհային հռչակի:

ԱԼԵՆ ԲԼԵՔՎՈՒԴ

♦♦♦

«Փոքրիկ հրաշքի է նման այն, որ բացառիկ տաղանդավոր մի հայ, ունենալով իր երկրի ժողովրդական ավանդույթներից եկող և շրջապատից տարբերվող երաժշտական ինքնություն և ցանկանալով մուտք գործել պրոֆեսիոնալ երաժշտության ոլորտ, պատրաստակամորեն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա և շուտով դառնում տեղի աստղը»:

«New York Times»

♦♦♦

Խաչատրյանը մեր երաժշտության Ռուբենսն է։

ԲՈՐԻՍ ԱՍԱՖԵՎ

♦♦♦

Արամ Խաչատրյանը մեր կոմպոզիտորներից առաջինն էր, որ կարողացավ անվիճելի համոզչությամբ բացահայտել զորեղ դրամատիկական ապրումներ, հայրենասիրական գաղափարներ, խոր հոգեկան մղումներ արտահայտելու Արևելքի սիմֆոնիկ երաժշտության բազմատեսակ հնարավորությունները։

ԴՄԻՏՐԻ ՇՈՍՏԱԿՈՎԻՉ

♦♦♦

Զարմանալի տաղանդ, մեծագույն երաժիշտ։ Նա իսկական ժողովրդական երաժիշտ է՝ բառիս բարձրագույն իմաստով, և իր պայծառ ստեղծագործություններով միշտ կապրի ժողովրդի հետ։ Նրա երաժշտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու Հայաստանը, հայ ժողովրդին, նրա պատմությունը, նրա ոգին։ Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է։

ԳԵՈՐԳԻ ՍՎԻՐԻԴՈՎ

♦♦♦

…Իր հզոր ձիրքի ուժով Խաչատրյանը կյանքից առատորեն պարգև ստացած բոլոր հարստությունները դարձրել է մի միասնական օրգանական համաձուլվածք: Այդ համաձուլվածքում, որի անունն է Արամ Խաչատրյանի ոճը, բացառապես ամեն ինչ՝ ինտոնացիաները, ռիթմերը, տեմբրերը, ներդաշնակությունը, ձևը, ժանրը անբաժանելի են միմյանցից, ինչպես անբաժանելի են երաժշտության բովանդակությունից:

ԴՄԻՏՐԻ ԿԱԲԱԼԵՎՍԿԻ

♦♦♦

Արվեստը, ինչպես և գիտությունը, ունի իր փայլուն գագաթները, որոնք կազմում են համաշխարհային մշակույթի մեծագույն հարստությունը, ամբողջ մարդկության պարծանքը։ Այդպիսի գագաթներից մեկն է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը։

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

♦♦♦

Նա անմահ ու հավիտենական է, որովհետև գոյություն ունի սրբագույնի այն իմաստավորումը, որ կոչվում է Պարթև Սահակ, Շնորհալի Ներսես, Վարդապետ Կոմիտաս և ինքը…

…Արամ Խաչատրյանի գոյությունը իր ծնունդով չի սկսվում, այլ սկիզբ է առնում Խորենացու գրանցած գողթան երգերից ու մանավանդ, որ ինքը Գողթան աշխարհի ծնունդն է, որ հրա՜շք, հրա՜շք է: Աշխարհի համար շռա՜յլ, մեզ համար շռա՜յլ:

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

♦♦♦

Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի։

Նա մեր ապրելու կորովը, մեր ոգորումների կանչը, մեր դարավոր հառաչանքն ու մեր տխրության ճիչը թարգմանեց այս մոլորակի բոլոր մարդկանց հասկանալի մի լեզվով՝ հնչյունների կախարդական լեզվով… Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը և սահման ու պատնեշ չճանաչող մեր անգիր անձնագիրը հավիտենության մեջ մշտական գրանցումը:

Նա մեր հանճարեղ ստեղծագործությամբ բոլոր սերունդների երաժիշտներին ու դպրության մշակներին ցույց տվեց մեզ աշխարհամեջ հանելու և աշխարհն արվեստով նվաճելու միակ ճշմարիտ ճանապարհը:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

♦♦♦

Խաչատրյանական երաժշտությունը օգնել է ինձ ճանաչելու ՀԱՅԱՍՏԱՆԸ: Նրա երաժշտությունը լսելով՝ ես ենթադրում եմ, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ աշխարհի գեղեցկագույն երկրներից է:

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Հոգևոր-մշակութային


27/09/2018