Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ԼՈՒՌ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ՝ ԼՈՒՌ ԳՈՐԾՈՒՄ



ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ԼՈՒՌ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ՝ ԼՈՒՌ ԳՈՐԾՈՒՄԶրույց բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր  ՎԱԼԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

 

-Պարոն գեներալ, Ձեր հրամանատարությամբ գործող զորամիավորումը հակառակորդի հետ ունի 200 կմ-ից ավելի ձգվող պահպանության գոտի: Օպերատիվ իրավիճակն այստեղ  ընդհանուր առմամբ միշտ  կայուն է եղել, լարվածություն, լուրջ միջադեպեր չեն գրանցվել:  Սակայն վերջերս նախիջեւանյան հատվածում հակառակորդի զինված ուժերի ակտիվության մասին հաղորդագրությունները հաճախակիացել են: Մայիսին ադրբեջանական կողմը հայտարարեց, թե դիրքեր են «գրավել» Նախիջեւանի հյուսիսարևելյան հատվածում, ապա՝  թե «ազատագրել» են 11 հազար հա տարածք, ինչը, պարզվեց, քարոզչական հնարք էր: Սեպտեմբերի 17-ին էլ լուր տարածվեց, որ  գնդակոծվել է Արենի գյուղը: Ի՞նչ է կատարվում սահմանին:

-Նախ՝ նշեմ, որ սեպտեմբերի 17-ին արձանագրված անկանոն կրակոցները գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ էին: Բնակավայրը եւ այգում աշխատող գյուղացին չեն թիրախավորվել, հակառակորդը նպատակային հրաձգություն չի վարել: Կարծում եմ՝ լավ են հասկանում, որ մեր բարձունքներից էլ իրենց գյուղերն են վերահսկվում, ընդ որում, ոչ միայն փոքր գյուղերը, նաեւ՝ մեծ քաղաքները: Օրդուբադը, օրինակ, լիովին մեր ափի մեջ է: Ինչ վերաբերում է դիրքեր գրավելուն՝ անհեթեթություն է. տեղաշարժ են կատարել բացառապես իրենց վերահսկողության գոտում: Դեռեւս փորձում են ամրացնել կրակակետերը, բնականաբար, «խանգարում» ենք: Նրանց կրակոցները պայմանավորված են հենց այդ հանգամանքով: 90-ականներին ինչ-ինչ պատճառներով մեր պաշտպանության խորքում սեպված այդ տեղանքը մնացել է նրանց վերահսկողության գոտում: Այո՛, այն որոշակի առավելություն ունի մեր մեկ-երկու դիրքի նկատմամբ, սակայն, միեւնույն ժամանակ, մեր մեկ այլ դիրքի անմիջական նշանառության տակ է:

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, այսօր չենք կարող ասել, թե սահմանագծի ամբողջ երկայնքով լարվածություն կա, որովհետեւ Արենիի ուղղությունը նախիջեւանյան ճակատի մի փոքր հատվածն է միայն: Մենք անընդհատ դիտարկում ենք հակառակորդին: Այսպես ասած՝ բարձրից նայում ենք շատ հեռու:  Եթե սպառնալից որեւէ զարգացում ենք նկատում, գործում ենք: Համարժեք պատասխանում եւ պատասխանելու ենք ամեն քայլին: Հակառակորդին թույլ չենք տալու, որ մեկ մետրով անգամ խախտի մեր պաշտպանության գոտին:

 

ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ԼՈՒՌ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ՝ ԼՈՒՌ ԳՈՐԾՈՒՄ-Խոսեցիք Օրդուբադի մասին: Համացանցում լուսանկարներ եւ տեղեկատվություն հրապարակվեց, որ փաստում  են՝ հայկական կողմը նոր դիրքի շնորհիվ Օրդուբադի եւ հարակից  գյուղերի նկատմամբ միանշանակ գերակայության է հասել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Վերջնականապես ամրացել ենք գերիշխող տեղանքում եւ ինժեներական առումով այն հարմարեցրել ենք մեր պահանջներին: Այո՛, այժմ շուրջ 3-4 կմ հեռավորությունից վերահսկում ենք ամբողջ տարածքը: Մենք ոչ թե լուռ հետեւում ենք, այլ լուռ՝ գործում: Նախիջեւանյան հատվածի մեր վերահսկողության գոտու երկու ուղղություններում էլ նոր դիրքեր ենք դրել: Հակառակորդը փորձել է մեզ իջեցնել, կրակել է, որ հետ քաշվենք: Բնականաբար, չի հաջողվել: Նոր դիրքերը բարձրադիր են եւ չեզոքացնում են հակառակորդի կողմից կարեւոր բնագծեր զբաղեցնելու հնարավորությունը:

 

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը: Տպավորություն է, թե փորձ  է արվում Նախիջեւանը դարձնել ապագա մարտագործողությունների թատերաբեմ:

-Զինվորականներս որեւէ տարբերակ չենք բացառում: Պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Անգամ այն ժամանակ, երբ, ինչպես դուք բնութագրեցիք, այստեղ խաղաղ էր, մենք կանխատեսում էինք նման զարգացումներ: Հիմա էլ չենք բացառում, որ մի օր  լարվածությունը կարող է ավելի աճել,  եւ մենք էլ ստիպված կլինենք հակահարված տալու: Սակայն, կարծում եմ, սադրիչ գործողությունները Նախիջեւանի ղեկավարության կամ առանձին համազորային բանակի հրամանատարության նախաձեռնությունը չեն, այլ ուղղորդվում են: Նայեք՝ Անկարայում խոսակցություններ կան, թե Թուրքիան Սոմալիից եւ Քաթարից հետո պատրաստվում է Նախիջեւանում իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել՝ տարածաշրջանում դիրքերը ամրապնդելու համար: Այս լարվածության նպատակը, ըստ իս,  վտանգի պատրանք ստեղծելն է, մեզ առճակատման մղելը: Բնական է, չէ՞, եթե իրենք խփեն, մենք էլ ենք խփելու, իրենք գնդակոծեն՝ մենք էլ ենք գնդակոծելու: Ինչը, ի վերջո, թույլ կտա Թուրքիային համարձակ ասելու՝ «Նախիջեւանին նեղում են, ես այնտեղ պետք է ռազմաբազա տեղադրեմ»:

 

-Պարոն հրամանատար, ելնելով ներկա իրավիճակից, կատարվե՞լ է արդյոք մարտավարության փոփոխություն:

-Մեր մարտավարությունն ավելի իրատեսական է դարձել: Նախկինում մեր զինվորը  ստանդարտ իրավիճակներում  էր վարժվում, բայց մենք հսկում ենք լեռնային գոտի, մեր սահմանները անցնում են լեռներով, մեր զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում 3000մ հասնող  բարձունքներում եւ անհրաժեշտության դեպքում այս պայմաններում պետք է կարողանան կռվել: Չպետք է «վախենան» լեռներից,  պետք է գործեն համարձակ, գրագետ, արագ՝ հնարավորություն չտալով հակառակորդին մտածելու եւ կողմնորոշվելու: Մարտավարություն մշակելիս հաշվի ենք առնում թե՛ տեղանքի ընձեռած հնարավորությունները, թե՛ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը, թե՛ ապրիլյան մարտական գործողությունների առանձնահատկությունները, երբ փորձ արվեց գրավել բարձունքներ եւ, հենվելով դրանց վրա, զարգացնել հարձակումը: Հակառակորդն այժմ ինժեներական աշխատանքներ է կատարում, ամրացնում է դիրքերը, պաշտպանության շրջանները, հենակետերը, բոլոր ուղղություններով զարգացնում է ճանապարհային ցանցը: Յուրաքանչյուր այսպիսի շարժ մանրակրկիտ վերլուծում  եւ ներմուծում ենք մեր անելիքների պլանավորման շտեմարան:

 

-Հավանաբար, հակառակ կողմում էլ են վերլուծություններ կատարում: Նախիջևանի առանձին համազորային բանակում սեպտեմբերի 18-ից մեկնարկած վարժանքները պաշտպանողական բնույթի են՝ հակառակորդի անակնկալ հարձակման կասեցում: Ինչի՞ց են զգուշանում:

-Նրանք էլ հետեւում են, թե մենք ինչով ենք զբաղված: Նրանց մտահոգում է մեր բնագծում անցկացվող զորավարժությունների գրոհային սցենարը: Սա, իհարկե, ազդակ է: Մտահոգված են այս հատվածում մեր կողմից մի քանի ուղղություններով միաժամանակ իրականացվող ծավալուն ինժեներական աշխատանքներով, ինժեներական ցանցի ակտիվ ընդլայնմամբ: Այս ամենը հավանաբար նրանց հուշում է, որ պետք է պատրաստ լինեն նաեւ պաշտպանական գործողությունների: Եթե հակառակորդը նախիջեւանյան ճակատի որեւէ ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկի, նույն ճակատի մեկ այլ ուղղությամբ ստիպված է լինելու պաշտպանվել:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/09/2018