ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է, ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ ԳՐԱՎՎԱԾ
Սեպտեմբերի 19-ին հարավարեւմտյան զորավարժարաններից մեկում անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը գրոհային ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների կատարելագործումն էր` փորձարարական, հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ:
Գրավել ծովի մակերեւույթից 2300 մետր բարձրության վրա գտնվող բարձունքը, զբաղեցնել բարենպաստ բնագծեր, անցնել պաշտպանության եւ հետ մղել հակառակորդի հակագրոհը: Չորրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը այս խնդիրն է առաջադրում ենթակա զորամասի հրաձգային գումարտակներից մեկին:
Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունն առանց մանրամասն մշակված սցենարի է: Գումարտակի հրամանատարը որոշումներն ինքնուրույն պետք է կայացնի՝ գործի դնելով իր ունեցած միջոցները, փորձարկելով ենթակա գրոհային խմբերի կարողությունները: Ցուցադրական զորավարժության ընթացքին հետեւում են բանակային զորամիավորման բոլոր զորամասերի հրամանատարներն ու տեղակալները: Ամենաանհանգիստ վիճակում թերեւս գնդապետ Հրաչ Օհանյանն է: Հենց նրա հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակն է կազմակերպելու հարձակումը. «Գումարտակն ուժեղացված է հրետանիով եւ զրահատեխնիկայով: Պետք է սրընթաց գրոհային գործողություններով գրավի ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքը, որտեղից կաշկանդում են մեր ամենօրյա շարժն ու դիրքերի կենսագործունեությունը: Զորավարժության համար ընտրված տեղանքը համապատասխանում է այն բնագծին, որտեղ գումարտակը մարտական հերթապահություն է իրականացնում: Սա թույլ կտա զինվորին հստակ պատկերացնելու իր ստորաբաժանման խնդիրը: Պատրաստ ենք»,-ասում է գնդապետն ու զբաղեցնում իր տեղը բացազատված հրամանատարական կետում:
Գրոհի սկզբում հակառակորդի կրակակետերը ճնշվում են ականանետային մարտկոցի հարվածներով, ապա գնդակոծվում խոշոր տրամաչափի գնդացիրներից: Գործի են դրվում ՍՊԳ տիպի նռնականետներ: ՄՏԼԲ քարշակի վրա տեղադրված արդիականացված ԶՈՒ-23-2 զենիթային համալիրները (համակցված է Հայաստանում) խոցում են ցամաքային նշանակետերը՝ արագ կատարելով դիրքային տեղաշարժ: Կրակային ուժեղ ներազդեցության ներքո գրոհային ստորաբաժանումներն անցնում են հարձակման: Ռելիեֆը կտրտված լեռնային է, եղանակը՝ անբարենպաստ, բարձունք տանող ճանապարհները՝ գրեթե անանցանելի: Գործողությունը կազմակերպվում է հետիոտն, երբեմն՝ կարճ թռիչքներով:
Զորամիավորման հրամանատարն ասում է. «Այժմ համազորային ստորաբաժանումները լեռան ստորոտից շարժվում են դեպի այն դիրքեր, որտեղ հակառակորդն իրականացնում է պաշտպանություն: Բարձունքների ծավալը թույլ չի տալիս հակառակորդին մարտական հերթապահությունում ընդգրկել մեծ թվով անձնակազմ: Պետք է շատ արագ գործել՝ զրկելով նրան պահեստային ուժեր մոտեցնելու հնարավորությունից»:
Վերջապես հաջողվում է մխրճվել հակառակորդի ստորաբաժանման պաշտպանության շրջան՝ առաջին շարակազմի վաշտի խորությամբ: Նպաստավոր բնագիծը զբաղեցված է: Որոշում է կայացվում աջակից ստորաբաժանումներ մոտեցնել բարձունքում ամրացած ու պաշտպանական մարտի անցած մեր անձնակազմին: Հաջող գործողություններից հետո հակառակորդի հակագրոհելու բոլոր փորձերը հետ են մղվում: «Խնդիրը կատարված է, բարձունքը՝ գրավված»,- զեկուցում է մարտը ղեկավարող գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Էդիկ Գրիգորյանը, ապա նշում. «Բոլոր ստորաբաժանումները գործեցին հստակ ու համակարգված: Ձեռք բերեցինք փորձ եւ անհրաժեշտության դեպքում խնդիրը կկատարենք իրականում»:
Զորավարժության արդյունքները կամփոփվեն քիչ ուշ, սակայն գեներալ-մայոր Քոչարյանը փաստում է՝ անձնակազմը գործեց վստահ եւ ներդաշնակ, հրամանատարական կազմը կողմնորոշվեց արագ եւ ընդունեց արդյունավետ որոշումներ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում