Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ-8 ՈՒՂՂԱԹԻՌԸ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



ՄԻ-8 ՈՒՂՂԱԹԻՌԸ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՍուրեն Խաչիկի Աթաբեկյանը խորհրդային շրջանի ինքնաթիռների ինժեներ-փորձարկող է: Ռազմաօդային ինժեներական ակադեմիան ավարտելուց հետո` 1944թ. ծառայության է նշանակվել կործանիչների ավիացիոն գնդում, որտեղ զբաղվել է ռազմաճակատի ավիատեխնիկան շահագործելու խնդիրների կարգավորմամբ: Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո անցել է ինժեներ-փորձարկողի աշխատանքի: Ինքնաթիռների փորձարկման մեթոդաբանությունն ամբողջովին ուսումնասիրելուց հետո ղեկավարել է օդային թիրախների փորձարկման ստորաբաժանումը: Դրանից հետո Աթաբեկյանը նոր ուղենիշ է սահմանել իր համար և սկսել է զբաղվել ուղղաթիռների փորձարկմամբ: Ուղղաթիռաշինության բնագավառում շուրջ 50 տարվա աշխատանքի ընթացքում Աթաբեկյանը գործնականում մասնակցել է խորհրդային գրեթե բոլոր ուղղաթիռների փորձարկմանը, շատ նմուշների սերիական արտադրության թույլտվության մասին եզրակացություն տվել:

1952թ. տպագրվել է նրա առաջին գիտական աշխատանքը՝ ուղղաթիռի աերոդինամիկ բնութագրերի մասին: Հետագայում Աթաբեկյանը հեղինակել է ավելի քան 100 գիտական աշխատանք:

1954թ. նրա գլխավորությամբ անցկացվել են Մի-4 ուղղաթիռի փորձարկումները` շարժիչի անսարքության դեպքում վայրէջքի օպտիմալ տարբերակը որոշելու նպատակով: 1955թ. փորձարկումների արդյունքում կազմվել է հատուկ հավելված օդաչուների համար՝ թռիչքների իրականացումը լեռնային և բարձրլեռնային պայմաններում: Այս և լրացուցիչ մյուս հետազոտությունները հետագայում օգտագործել են խորհրդային զորքերը Աֆղանստանում` ավիացիան մարտական պայմաններում կիրառելիս:

ՄԻ-8 ՈՒՂՂԱԹԻՌԸ ՓՈՐՁԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄԱնվանի հայ ինժեներ-փորձարկողը մասնակցել է նաև հանրահայտ Մի-8 ուղղաթիռի փորձարկումներին: Սկզբում քչերն էին հավատում, որ տվյալ մոդելը իր բոլոր մոդիֆիկացիաներով կդառնա ռազմական և քաղաքացիական ավիացիայի ամենատարածված և հուսալի մոդելներից մեկը: Աթաբեկյանը հենց սկզբից իր փորձարկումներով հաստատում է դա: Հատկանշական է, որ ուղղաթիռի փորձարկումների մի մասն անցկացվել է Հայաստանում՝ Գյումրիի մոտակայքում, Արագած լեռան փեշերին: Մի-8-ը հաջողությամբ հաղթահարել է փորձարկումների բոլոր փուլերը և իրապես լայն կիրառում ունեցել: Հետագայում այս մոդելի հենքի վրա նախագծվել է Մի-24 մարտական ուղղաթիռը, որի պետական փորձարկումների ընդհանուր ղեկավարումն իրականացրել է Սուրեն Աթաբեկյանը:

1940-1980թթ. Սուրեն Աթաբեկյանը մասնակցել է Իլ-10, Իլ-12, Յակ-11, Յակ-17, Յակ-18, Յակ-30, Ան-2, Միգ-15, Լ-29, Լ-39, ՏՍ-11 ինքնաթիռների, Մի-1, Յակ-100, Մի-4, Մի-6, Մի-10, Մի-24, Կա-18, Կա-22, Կա-25 ուղղաթիռների և այլ նմուշների փորձարկումներին:

Հատվածներ Արկադի Սարգսյանի՝ «20-րդ դարի հայազգի ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ, արդյունաբերողներ և

 փորձարարներ» գրքից

Թարգմանությունը՝ ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Ռազմական


04/10/2018