ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ
Սպիտակագորշավուն, թանձր թուխպը կամաց իջնում է բարձր լեռնագագաթներին՝ է՛լ ավելի խորհրդավոր դարձնելով բարձրադիր տեղանքը: Այստեղ հնարավորություն էր ընձեռված տեսնելու, թե ինչպես են մարզվում մեր բանակի էլիտար՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները: Դեռևս ԽՍՀՄ ժամանակներից բարձր լեռնային պայմաններում պատրաստության գործում լավագույններից մեկը համարվող այս ուսումնական կենտրոնում առկա են նեղ մասնագիտական հմտությունների հղկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ տեղանքի բարդ բնակլիմայական և ռելիեֆային առանձնահատկություններից մինչև ամենատարբեր վարժասարքերն ու
արգելագոտիները:
Ահա այսպիսի պայմաններում վերջին տասը օրերի ընթացքում հատուկ նշանակության լավագույն ստորաբաժանումը որոշելու նպատակով այստեղ ընթանում էին համաբանակային մրցումները:
Մեր այցելության օրը աշխատանքային այցով ուսումնական կենտրոնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը: Նա հետևեց մրցումների ընթացքին և պարգևատրեց ուսումնական կենտրոնում օրերս մասնագիտական դասընթացն ավարտած ենթասպաներին:
-Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր առանձնահատկությունները,-ասում է գեներալը:- Հետախույզի մասնագիտության մեջ ամենակարևորը վստահությունն է, անվերապահ վստահությունը վերադասի, ենթակաների և, իհարկե, սեփական ուժերի հանդեպ: Շատ կարևոր է ճշգրիտ տեղեկություն ձեռք բերելն ու հստակ ու իրատեսորեն զեկուցելը, քանի որ յուրաքանչյուր զեկույցի պարագայում մարդկային կյանքերի հետ գործ ունենք: Իսկ դրա համար հետախույզը պետք է լավագույնս պատրաստված լինի առաջադրված ցանկացած խնդրի կատարման համար: Սրան հասնում ենք միմիայն քրտնաջան աշխատանքի, ամենօրյա մարզումների միջոցով: Նմանատիպ գործնական պարապմունքներն ու մրցումներն, իրենց հերթին, բարձր են պահում մեր ստորաբաժանումների մարտական ոգին:
Հետախույզի օրվան՝ նոյեմբերի 5-ին ընդառաջ, հատուկ նշանակության զորքերի կարևորագույն ձեռքբերումն եմ համարում այն, որ պատվով կատարել ենք այս տարի մեր առջև դրված բոլոր խնդիրները: Կարևոր ցուցանիշ է նաև մեր զինծառայողների՝ անընդհատ կատարելագործվելու, սեփական կարողություններն ու հմտությունները զարգացնելու ընդգծված ձգտումը:
Մրցութային հերթական օրը մեկնարկում է, և կենտրոնի տարածքի տարբեր տեղամասերում լուրջ պայքար է ծավալվում: Կրակային մրցում, «հետախույզի արահետ», պարանի օգնությամբ գետանցում, քիմիական զենքով վարակված տարածքների հաղթահարում, երթարշավ դժվարանցանելի տեղանքներում, դիպուկահարների մենամարտ. այս բոլորը և շատ այլ մրցումային վարժություններ միտված էին ոչ միայն լավագույն ստորաբաժանումը բացահայտելուն, այլև մեկ անգամ ևս զորատեսակի մարտունակությունն ամբողջությամբ ստուգելուն, յուրաքանչյուր ստորաբաժանման կարևոր փորձը մյուսների համար տեսանելի ու ուսանելի դարձնելուն:
Փորձառու հետախույզների կողքին այդ ընթացքում լեռնային ուսումնական կենտրոնում եռօրյա մարզումներ էին անցնում նաև ապագա հետախույզները՝ Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի կուրսանտները: Մի շարք վարժանքներին զուգահեռ, նրանք այդ օրը նաև լեռնագնացության իրենց հմտություններն էին զարգացնում: Ուսումնական կենտրոնի հմուտ հրահանգիչները և կուրսանտների անմիջական հրամանատարները անընդհատ նրանց կողքին էին. միաժամանակ ոգևորում և մանրամասն հրահանգավորում էին նրանց: Կուրսանտների տպավորությունները շատ են, ոգևորությունը՝ մեծ: Նրանք միշտ անհամբերությամբ են սպասում ուսումնական զորամասում գործնական պարապմունքներին: Լեռնային ռելիեֆի պայմաններում հետախույզ կուրսանտները լեռնամագլցումն իրենց ընտրած մասնագիտության յուրացման կարևորագույն բաղադրիչներից մեկն են համարում, որի ընթացքում հաղթահարում են մի շարք ֆիզիկական և հոգեբանական արգելքներ, մարզում բարձրադիր գոտիներում արագ և վստահ գործելու ունակությունը:
Հաղթ երիտասարդների կողքին գրեթե նույն ճարպկությամբ և վարպետությամբ վերելքի և վայրէջքի հաղթահարման ֆիզիկական ուժ պահանջող վարժություններն են կատարում նաև աղջիկ կուրսանտները:
Սիրանի համար նման մարզումները միշտ ոգևորիչ իրադարձություն են. «Վստահություն են ներշնչում սեփական ուժերի հանդեպ ու նաև ադրենալինի աղբյուր են,- ասում է դեռատի աղջիկը, որ միշտ մեծ անհամբերությամբ է սպասում գործնական պարապմունքներին:- Մենք մասնագիտության բերումով ամեն պահի կարող ենք լեռներում կամ բարձր շինության վրա իրականացվելիք առաջադրանք ստանալ: Հենց նման պահերի համար մեր այս մարզումներն անգնահատելի են: Այսօր մենք վարժվում ենք մասնագիտական պիտույքներից ճիշտ օգտվելուն, ճոպանով լեռ մագլցելուն և իջնելուն»:
Սիրանը հետախույզի գործն ընտրել է՝ գիտակցելով բարդությունը. «Մեր գործողությունները շատ հաճախ արտակարգ իրավիճակներում են ընթանում, և մենք ճանապարհ ենք հարթում այլ զորատեսակների համար: Պարզ է, որ հետախույզը պետք է ամեն ինչից ոչ միայն գաղափար ունենա, այլև անցնի տարբեր իրավիճակներով, թրծվի դրանց մեջ»:
Մյուս կուրսանտը՝ Լիանան, ասում է. «Գործնական պարապմունքները ամենակարևորն են մեր ընտրած մասնագիտության մեջ: Այստեղ անցել ենք մյուս բոլոր գործնական պարապմունքները՝ դարանակալում, որոնում, հրաձգություն և այլն: Հիմա էլ լեռնագնացության հմտություններն ենք զարգացնում գործնականում: Երբ իմացա, որ աղջիկներն էլ կարող են ռուհ ընդունվել, անմիջապես դիմեցի: Մեծ հաճույքով եմ սովորում համալսարանում: Մեր բոլոր այն աղջիկներին, ովքեր երազում են այս հետաքրքիր, բայց դժվար ուղին ընտրել, խորհուրդ կտամ մի պահ անգամ չտատանվել, անպայման դիմե՛ք: Սա իմ ընտրությունն է, և ես անչափ ուրախ եմ ու շնորհակալ ծնողներիս, որ ինձ ամեն ինչում սատարում ու ոգևորում են»:
«Իմ ընտրած մասնագիտությունն ամենապատասխանատուներից է,-ասում է կուրսանտ Աշոտը:- Ցանկացա ստանձնել այդ պատասխանատվությունը: Պարապում եմ ու անում հնարավոր ամեն ինչ, որ պատրաստ լինեմ հետագայում արդյունավետ ներգրավվելու հատուկ նշանակության խմբում, ստանձնելու հրամանատարի դերը, կազմակերպելու օպերատիվ գործողություններ»:
Ուսումնական զորամասում օրն ավարտին է մոտենում: Չնայած կենտրոնում ընթացող համաբանակային մրցումների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ բոլոր ստորաբաժանումներն առաջադրված խնդիրները կատարում են բարձր արհեստավարժությամբ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԼԻԱՆԱ ԲՐՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Ազգային բանակ