ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով՝ սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը: Կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը՝ զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին եւ նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ:
Այժմ վարչությունը պատասխանատու է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի եւ զորամիավորումների ներդաշնակումը անհրաժեշտ մակարդակի հասցնելու, պահպանելու եւ կատարելագործելու համար:
Վարչության գործառույթները, մարտական պատրաստության ոլորտում աշխատանքների հիմնական ուղղությունները զրույցի ընթացքում մեզ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«Մեր երկրի անվտանգությունն ապահովում են մեր զինվորներն ու սպաները: Զինված ուժերի մարտական պատրաստության գործընթացի էությունը հստակ է՝ զինծառայողը միշտ պետք է պատրաստ լինի մարտական գործողությունների, կարողանա մարտական խնդիրը կատարել առանց կորուստների»:
Մարտական պատրաստության վարչությունը ՀՀ ԶՈՒ կարևորագույն վարչություններից է, հիմնական գործառույթներն անմիջականորեն կապված են զինծառայողին մարտական գործողություններին նախապատրաստելու հետ: Ղեկավար փաստաթղթերով, զինված ուժերի պատրաստության, կիրառման պլաններով նախատեսում ենք մեր երկրի անվտանգության ապահովմանը միտված տարբեր միջոցառումներ, որոնց իրականացնողը մեր սպաներն ու զինվորներն են: Մարտական խնդիրը պլանավորելուց զատ, մենք անընդհատ ճշգրտումներ ենք անում, որ այն կատարողը պատրաստ լինի մարտական գործողությունների: Մարտական պատրաստությունը մի հսկայական մանկավարժական գործընթաց է: Դպրոցում կամ բուհում ուսուցանվողը թերանալու դեպքում կարող է տուժել՝ ստանալով համապատասխան անբավարար գնահատական, մեր պարագայում անբավարար գնահատականը կարող է սեփական կյանքն արժենալ: Դրա համար մեր գերխնդիրն է այնպիսի մակարդակով կազմակերպել մարտական ուսուցումն ու տեսական, գործնական գիտելիքների կատարելագործումը, որ ստորաբաժանումներն առանց մարդկային կորուստների կատարեն առաջադրված մարտական խնդիրները: Սա է ուսումնական գործընթացում ներգրավված յուրաքանչյուր պաշտոնատար անձի հիմնական նպատակը:
Հայկական բանակի կազմավորման սկզբում օգտագործել ենք խորհրդային շրջանից մնացած ժառանգությունը, հայ սպաների կուտակած մեծ փորձը: Այդ հիմքի վրա էլ զարգացրել ենք մեր կարողությունները: Հետագա տարիներին կարգի ենք բերել «Բաղրամյան» ուսումնական կենտրոնը, նորոգել ենք «Նուբարաշեն» ուսումնական կենտրոնը: Այսօր արդեն յուրաքանչյուր զորամիավորումում ունենք ուսումնական կենտրոն` անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Այն զորամասերը, որոնք չունեն ստացիոնար հրաձգարաններ կամ այլ անհրաժեշտ ուսումնական բազա, տրամադրում ենք շարժական վաշտային մարտավարական լրակազմեր, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ուղղության վրա իրականացնելու ուսումնական խնդիրներ:
Փոփոխություններ են կատարվել ղեկավար փաստաթղթերում, կանոնագրքերում: Դրանք ամբողջովին հարմարեցվել են նոր իրողություններին, մեր բանակի նոր պահանջներին: Ի վերջո, ուսումնական գործընթացը բարդ մեխանիզմ է, և ամեն օր ինչ-որ նոր բան պետք է ավելացնել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Եվ այն ժամանակահատվածը, որ մեզ տրված է մարտական պատրաստության համար, պետք է օգտագործել արդյունավետ:
Ուսումնական գործընթացը կազմակերպելիս համադրում ենք տարբեր ռազմական մոդելներ, հարմարեցնում մեր պահանջներին: Ինչու չէ` նաև հակառակորդի փորձն ենք ուսումնասիրում: Մեր զինված ուժերում մարտական ուսուցման և կիրառման յուրահատուկ մոդել է ստեղծվել, որովհետև ո՛չ խորհրդային ժամանակ, ո՛չ արևմտյան պետություններում ոչ մի բանակ քսանվեց տարի անընդմեջ մարտական դիրքերում չի եղել, ամսվա օրերի գերակշիռ մասը չի անցկացրել մարտական հերթապահության մեջ: Մեր բանակը խրամատային բանակ է. մարտական ուսուցումն էլ համապատասխան առանձնահատկությունները պետք է ունենա:
Անցած տարիների գլխավոր ձեռքբերումներից մեկը թերևս այն է, որ այսօր ունենք անհրաժեշտ մակարդակի ռազմական բուհեր, որոնք մեծ թվով սպայակազմ են «թողարկել»: Հրամանատարական կազմի մեծ մասը, ընդհուպ մինչև գումարտակի հրամանատարներ, արդեն ունեն ակադեմիական կրթություն: Ունենք լավ ուսումնական նյութատեխնիկական բազա, չեմ կարող ասել գերազանց, որովհետև այն մշտապես թարմացման, արդիականացման կարիք ունի: Կարևորն այն է, որ մարտական պատրաստության գործընթացը ճիշտ ուղու վրա է: Մարտական պատրաստության համակարգն այնպես է կառուցված, որ ուսումնական գործընթացը չդադարի:
Ուսումնական տարվա ընթացքում կատարվում են պլանով նախատեսված տարատեսակ միջոցառումներ: Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը մարտական պատրաստության բարձրագույն աստիճանն է: Զորավարժության խնդիրը զորքերի կիրառման, մարտական պատրաստականության աստիճանն ստուգելն է, առկա բացթողումները վերհանելը: Հայտնի խոսք կա՝ մարտական կրակով զորավարժությունը մարտական պատրաստության դափնեպսակն է:
Այժմ մարտական պատրաստության վարչությունը մի շարք կարևոր ուղղություններով է աշխատում. հատկապես զինված ուժերի արդիականացման պլանի համաձայն՝ զորքերին նախապատրաստում է նոր սպառազինության և տեխնիկայի կիրառմանը, ուսումնական ծրագրերն է ճշգրտում: Սպառազինության մեջ եղած տեխնիկայի արդյունավետ շահագործման հետ մեկտեղ մեծ ուշադրություն է դարձվում մարտական հերթապահությանն ընդգրկված անձնակազմի ամենօրյա նախապատրաստմանը մարտական խնդիրների կատարմանը, ինչը, կարելի է ասել, չի տարբերվում բուն մարտական գործողություններից: Նոր զինտեխնիկա ձեռք բերելուց առաջ մենք համապատասխան հաշվարկների ուսուցանում ենք կազմակերպում, հետագա շահագործման ընթացքում մյուս անձնակազմերին ենք ծանոթացնում տվյալ զինտեխնիկայի կիրառման առանձնահատկություններին:
…ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը 26 տարեկան է: Վարչության առաջին պետն է եղել գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Այնուհետեւ կառույցը ղեկավարել են գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը: Վարչության կայացման գործում իրենց մեծ ավանդն են ունեցել նաև մի շարք բարձրաստիճան սպաներ, ինչպես, օրինակ, երջանկահիշատակ գնդապետ Հրանտ Աղաջանյանը, ովքեր ունեին խորհրդային բանակում ծառայության հարուստ փորձ: Առաջին հերթին ուզում եմ հիշել և շնորհավորել նրանց բոլորին: Ապա նաև մյուս պետերին և սպաներին, որոնց ջանքերով վարչությունը զարգացել և հասել է այսօրվա մակարդակին, գրանցել լրջագույն ձեռքբերումներ:
Այսօր վարչությունում ծառայող անձնակազմն էլ անում է հնարավոր ամեն ինչ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրները կատարվեն ամենաբարձր մակարդակով, որովհետև միայն դա է մեր բանակի հաղթանակի գրավականը՝ ճիշտ և գրագետ ուսուցանված զորք, հոգեբանորեն, ֆիզիկապես և մասնագիտորեն պատրաստված հրամանատար և զինվոր: Մեր վարչությունը իր անփոփոխ կարգախոսն ունի՝ պատրաստված հրամանատար, պատրաստ զինվոր, պաշտպանված հայրենիք:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում