ՏԱՆԿԻՍՏ` ՔԱՋԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Զրույց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության պետ, գնդապետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
– Պարոն գնդապետ, տանկի անունը լսելիս իմ մտքում անմիջապես արթնանում է երկու բառ` հարձակում եւ ճեղքում: Տանկը միայն գրոհայի՞ն զենք է, ինչպես թվում է առերեւույթ, թե՞ ունի նաեւ պաշտպանողական նշանակություն:
– Տանկը հավասարապես կիրառելի է ե՛ւ հարձակողական, ե՛ւ պաշտպանական մարտերի ժամանակ: Նրա կրակային հզորությունը, շարժունակությունը եւ պաշտպանվածությունը թույլ են տալիս տեխնիկան արդյունավետորեն գործածել` առանց սահմանափակումների, եւ անկախ մարտական գործողությունների բնույթից:
– Ո՞վ է առաջին տանկի հեղինակը` նախագծողը, ե՞րբ, ո՞ր մարտական գործողության ժամանակ է այն առաջին անգամ «փորձարկվել»:
– Տանկը ստեղծել են անգլիացիները եւ առաջին անգամ այն օգտագործել են Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1916թ. սպետեմբերի 15-ին, Սոմմ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտի ընթացքում: Պատերազմող կողմերից ոչ մեկը չէր հասնում նշանակալի հաջողության, եւ երկու տարի շարունակ մղվում էին դիրքային մարտեր, երկու կողմերին էլ պակասում էր հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու ունակ, զրահապատ, կրակային մեծ հզորությամբ զինտեխնիկա: Եվ ահա անգլիացիներն ստեղծեցին տանկը: Տանկի առաջին կիրառումից հետո պատերազմող կողմերն սկսեցին մշակել տանկի իրենց մոդելը:
– Իսկ ինչո՞ւ այդ զինտեխնիկան անվանեցին հենց տանկ:
– Տանկ անգլերեն նշանակում է մեծ բաք: Տանկերի տեղափոխումը եւ կիրառման նպատակը գաղտնի պահելու համար անգլիացիները տանկեր տեղափոխող փայտե արկղերի վրա գրեցին տանկ` բաք, հակառակորդին մոլորության մեջ գցելու համար: Եվ ռազմական գրականության մեջ այդ տեխնիկան անվանվեց տանկ:
– Փաստորեն, այդ կրակ ժայթքող երկաթե հրեշը ավելի քան 100 տարեկան է, բայց, չնայած պատկառելի տարիքին, մինչ օրս մնացել է որպես ուժի խորհրդանիշ: Աշխարհում բազմաթիվ նոր, գերհզոր հրթիռային համակարգեր կան, զանգվածային ոչնչացման զենքեր են ծնվել, բայց ժամանակակից բանակները, այդուամենայնիվ, տանկից չեն հրաժարվում: Ո՞րն է տանկի ֆենոմենը:
– Չնայած պատկառելի տարիքին, տանկը ոչ միայն պահպանել է իր հզոր հարվածային ուժը, մանեւրելու ունակությունը եւ անխոցելիության բարձր աստիճանը, այլեւ տարիների ընթացքում է՛լ ավելի է կատարելագործվել: Այսօր սպառազինությունն ու զինտեխնիկան շատ հզոր են, բայց տանկն ունի իր անփոխարինելի կայուն տեղը ամենաժամանակակից ու գերզարգացած բանակներում: ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա. Ռուսաստան… կարող եմ երկար թվել այն երկրների շարքը, որոնց զինված ուժերը համալրված են տանկային ստորաբաժանումներով: Եվ վերջին լոկալ պատերազմները, օրինակ` արաբա-իսրայելական կոնֆլիկտը, իրաքյան պատերազմը, վկայում են, որ տանկը ժամանակակից ու մեծ պահանջարկ ունեցող զինտեխնիկա է: Այն իր պատվավոր տեղն ունի նաեւ հայկական բանակում:
– Պարոն գնդապետ, տարբեր զրույցների ժամանակ բազմիցս լսել եմ, որ Արցախյան պատերազմում մենք ադրբեջանցիների դեմ կռվել ենք իրենց իսկ տանկերով: Որ մեր տանկերի մեծ մասը ռազմավար է եղել: Ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը:
– Այո՛, մենք բազմաթիվ տանկեր ենք «խլել» ադրբեջանցիներից, եւ, այո՛, մեր տանկերի որոշ մասը «ադրբեջանական էր»: Ականատեսները մի պատմություն են պատմում, թե ինչպես է Մոնթեն բարկացել ադրբեջանական տանկը խոցած հայ ռազմիկի վրա, որովհետեւ տանկը ամբողջովին այրվել էր եւ դարձել անպիտան` օգտագործելու համար: Մոնթեն դժգոհել է, թե` չէի՞ր կարող այնպես խոցել, որ չայրվեր: Զինվորն էլ արդարացել է` մյուս անգամ ավելի զգույշ կլինեմ: Հետո սկսել են ծիծաղել:
– Ասում են` Մոնթեն հորդորում էր՝ սպասել, ադրբեջանական տանկերը մոտենան, հետո խոցել, որ հնարավոր լինի տանկերը գերեվարել: Այ, հենց հիմա մի «սադրիչ» միտք ծնվեց ուղեղիս մեջ… ու պիտի հարցնեմ` ինչո՞ւ ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի տանկ «չգերեցինք», ադրբեջանցինե՞րն են ուժեղացել, թե՞ մեզ ադրբեջանցիների տանկերն էլ պետք չեն:
– Ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի տանկ մեր հողը չի մտել, ադրբեջանական տանկերը կրակել են իրենց տարածքից, ուստի, մենք ոչ մի շանս չունեինք, Ձեր բառերով ասած՝ ադրբեջանական տանկ «գերեվարելու»: Ադրբեջանցիները ծրագրել էին Աղդամի մատույցներից շարժվել դեպի Ստեփանակերտ, բայց մեր հրետանին կանխեց, ու ադրբեջանական տանկերը մնացին իրենց տեղում:
– Որպեսզի տանկը անխափան գործի մարտի ժամանակ, հուսալի լինի, պետք է տարիներ շարունակ այն բարեխղճորեն ու ճիշտ սպասարկել: Երբ մի քանի տարի առաջ զրուցում էի ոլորտի պատասխանատու բարձրաստիճան զինվորականների հետ, նրանք ասացին` կան հետախուզական տվյալներ, որ ադրբեջանական տանկերի մեծ մասը անսարք է, պարզապես մետաղի ջարդոն: Ապրիլյան պատերազմից հետո լուրեր էին պտտվում, որ մենք մարտադաշտում ունեցել են խափանված տանկեր: Ես չեմ ուզում այս զրույցի շրջանում քննարկել, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, այլ պիտի խնդրեմ, որ խոսենք մեր տանկերի ներկայիս մարտունակության մասին:
– Չէ՛, ինչո՞ւ, եկեք քննարկենք նաեւ Ձեր նախորդ մտքերը: Ես իրավասու չեմ խոսելու, թե այս պահին ադրբեջանական քանի տանկ է անսարք, եւ դա ինձ առանձնապես չի էլ հուզում կամ ոգեւորում, որովհետեւ մենք համեմատվելու ցանկության չունենք, մեր տանկերը ամբողջովին սարքին են եւ պատրաստ ցանկացած պահի կատարելու մարտական առաջադրանք: Սա` միանշանակ: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տանկերի անսարքությանը, զինվորական ղեկավարությունը քանիցս խոսել է այդ մասին, ու եթե հարցը հնչեցնում եք, ուրեմն` դեռ կան թերահավատներ, ու պիտի կրկնեմ` ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը անսարք կամ խափանված տանկ չի ունեցել:
– Իսկ տանկային բիաթլոնի ժամանա՞կ… մեր տանկը խափանվեց բոլորի աչքի առաջ:
– Դուք հո չե՞ք մտածում, որ մենք հայկական տանկ էինք տարել Ռուսաստան: Դա մեր տանկը չէր: Բիաթլոնի ժամանակ տանկերը գործում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ, եւ նման խափանումները միանգամայն հնարավոր են: Ոչ մի արտառոց բան չկա: Գոյություն ունի խափանման պարամետր հասկացողություն…
– Գուցե խափանումը շահագործման հե՞տ էր կապված:
– Ո՛չ: Խափանումը կապված չէր շահագործման հետ: Դուք հավանաբար բիաթլոնների ժամանակ տեսել եք, թե ինչպես է հարթ տեղանքում տանկը շրջվում: Նման դեպքում կարող ենք խոսել շահագործման սխալների մասին: Բայց մեր դեպքում պարզապես տանկի ինչ-որ դետալ չդիմացավ գերծանրաբեռնվածությանը: Եվ սա խափանման պարամետրերի շրջանակում է:
– Որտե՞ղ եւ ովքե՞ր են նորոգում մեր տանկերը:
– Մեր տանկերը նորոգում են զորամասերում եւ համապատասխան գործարաններում: Կախված անսարքության բնույթից` նորոգում են տանկային անձնակազմի անդամները կամ համապատասխան մասնագետները:
– Նորոգող գործարանները արդիականացվա՞ծ են ժամանակակից սարքավորումներով, թե՞ խորհրդային շրջանի տեխնիկան ենք օգտագործում:
– Մենք ապահովված ենք նորոգման եւ սպասարկման համապատասխան միջոցներով: Որքանո՞վ են դրանք արդիական: Չեմ կարող ասել, թե մեր նորոգող գործարանները գերժամանակակից գործարաններ են, բայց արդիականացման ընթացքում գործարանները հետզհետե բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունը: Նորոգող գործարանների արդիականացման աշխատանքն ավելի դյուրին, արագ, որակյալ դարձնելու նոր հնարավորություններ են ներդրվելու նաեւ առաջիկայում:
– Իսկ որտե՞ղ է մասնագիտանում տանկերի սպասարկման ինժեներատեխնիկական անձնակազմը, որտե՞ղ են նրանք ուսուցանվում:
– Ուսուցանվում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ՌԴ համապատասխան ռազմական ուսումնական հաստատություններում: Մենք գոհ ենք սպասարկող անձնակազմի արհեստավարժությունից, նրանք փոքր ուժերով ահռելի աշխատանք են կատարում: Նաեւ պիտի ասեմ, որ նոր ժամանակները, նոր մարտահրավերները, զենքերի արդիականացումը պահանջում է նեղ մասնագիտացում որոշ բնագավառներում: Մենք այստեղ խնդիր ունենք ու պիտի գտնենք տանկերի նորոգման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ նորոգող անձնակազմի արհեստավարժությունը կատարելագործելու նոր ուղիներ:
– Տանկերի պահեստամասերը որտե՞ղ են արտադրվում:
– Ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական ծրագրերը հուշում են, որ մենք հետզհետե զարկ ենք տալու տեղական արտադրությանը, անելու ենք հնարավորը, որ այն պահեստամասերը, որոնք հնարավոր է արտադրել Հայաստանում, արտերկրից չգնենք: Այսօր տանկի պահեստամասերի մի մասը գնում ենք, մի մասը արտադրում ենք Հայաստանում:
– Պարոն գնդապետ, աշխարհում ներդրված է դիվերսիֆիկացված գործարանների փորձը: Երբ քաղաքացիական գործարանները կատարում են նաեւ բանակի պատվերները, իսկ պատերազմական իրավիճակում ավելի մեծ ռեսուրսներով աշխատում են բանակի համար:
– Մենք հենց այդ ճանապարհն էլ ընտրել ենք: Բայց մեր արդյունաբերության հնարավորությունները առայժմ թույլ չեն տալիս տեղական ռազմական արտադրությունը հասցնելու ցանկալի ծավալների:
– Որպեսզի տանկը երկար ու անխափան աշխատի, անհրաժեշտ է այն ճիշտ շահագործել եւ զենքի պարբերական խնամքը կատարել պատշաճ մակարդակով: Դուք, Ձեր ղեկավարած ծառայությունը ուղղակիորեն առնչվում եք այս խնդիրներին:
– Մեր տանկիստները իրենց զինվորական մասնագիտությունը սովորում են ուսումնական զորամասերում: Եվ հայկական բանակը իր ավելի քան 26-ամյա կենսագրության ընթացքում ձեւավորել է կայուն ավանդույթներ: Զենքի հանդեպ վերաբերմունքից, զենքը խնամելու, սպասարկելու որակից երեւում է նաեւ զինվորի մասնագիտական արհեստավարժությունը: Եվ մենք գոհ ենք այդ առումով: Զինվորները ուսումնական զորամասերից զորքեր են գալիս տանկի «լեզուն սերտած», եւ զենքի ու իր տիրոջ «փոխըմբռնումը» հուսալի երաշխիք է մարտական գործողությունների ժամանակ: Ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլեւ հոգեբանական պատրաստության մասին է: Տանկիստի մասնագիտությունը քաջի մասնագիտություն է: Տանկիստ, այսինքն` հերոս:
– Հերոս` ասացիք, ու ես ուրիշ բան հիշեցի: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տղաները` 18-20 տարեկան, հեշտությամբ խոցում էին ադրբեջանցիների տանկերը: Շուլին թշնամու երեք տանկ էր խոցել, Ռաֆայելը ադրբեջանական տանկերը ոչնչացրել էր առանց դիրքը փոխելու ու մի քանի րոպեում, սա չի՞ խոսում այն մասին, որ ադրբեջանական տանկերը անպաշտպան էին մարտադաշտում:
– Իհարկե, եթե տանկերի անձնակազմը արհեստավարժ լիներ, Ռաֆայելը նույն դիրքից երեք տանկ չէր կարողանա խոցել: Սա խոսում է նաեւ մեր տղաների հերոսականության մասին: Մենք միշտ էլ ադրբեջանական բանակին հակադրել ենք մեր որակը: Ու սա հակառակորդին զսպելու ամենահուսալի միջոցն է:
– Պարոն գնդապետ, բոլորս էլ գիտենք, որ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Ռուսաստանի պես հզոր երկիրը օգտագործում ենք, այսպես ասած, խորհրդային ծագում ունեցող տանկերը: Դրանք չե՞ն արդիականացվում:
– Իհարկե, արդիականացվել են եւ արդիականացվում են: Բարելավվում են տանկերի հիմնական ցուցանիշները` կրակային հզորությունը, շարժողունակությունը, պաշտպանվածությունը:
– Արդիականացնում ենք ռուսակա՞ն մոդելով:
– Ո՛չ, հայկական: Հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Օրինակ՝ մեր լեռնային ռելիեֆը, հնարավոր մարտական գործողությունների բնույթը եւ այլն:
– Հայերս միշտ հպարտացել ենք մեր մտքի թռիչքներով, համաշխարհային գիտության բնագավառում մեր ծանրակշիռ ներդրումներով: Պիտի որ արդի զինագործության բնագավառում էլ երեւելի ներկայություն ունենանք:
– Մենք զարգացող երկիր ենք, ու մեր ամենամեծ ռեսուրսը մարդկային միտքն է: Սակայն մտքի արգասիքը էականորեն պայմանավորված է տնտեսության զարգացմամբ: Ֆինանսական խնդիրներով… Մենք ապագայի երկիր ենք ու արժանի հանգրվանի ենք հասնելու: Այս վստահությունը պայմանավորված է նախադրյալների ու երաշխիքների ընձեռած հնարավորությամբ:
– Պարոն գնդապետ, աշխարհում կան շատ ավելի հզոր տանկեր, քան այն, որոնցով համալրված է մեր բանակը: Ամերիկյան «Աբրամսը», իսրայելական «Մերկավան»: Դրանք շա՞տ թանկ են մեր գրպանի համար:
– Աննպատակահարմար են պարզապես: Յուրաքանչյուր երկիր ցանկանում է իր ռազմական խնդիրները լուծել ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհով: Հաշվի առնելով մեր տանկերի մարտական կիրառման առանձնահատկությունները, պետք է ասենք, որ դրանք լիովին բավարարում են մեր պահանջները: Ծախսերը պետք է խելամիտ լինեն:
– Վերջում, պիտի խնդրեմ, որ պատմեք մի ոգեղեն «տանկային» պատմություն` տոնական օրվա տրամադրությանը համահունչ:
– Արցախյան պատերազմի ժամանակ մղվում էին համառ մարտեր, հակառակորդի կողմից ավիացիայի կիրառմամբ: Դրությունն օրհասական էր: Ու մեր տանկիստներից մեկը կատակով ասում է մյուսին. «Եթե ռմբակոծությունն այսպես շարունակվի, մենք հաղթանակի շքերթին չենք մասնակցի»: Սա հայ տանկիստն է. նրա աննկուն կամքն ու աներեր հավատը միշտ հաղթելու են: Հիշեցի մի զինվորի, որն ասում էր. «Երբ տանկը դղրդալով, գետինը ցնցելով անցնում է խրամատի վրայով ու անկասելի սուրում դեպի թշնամին, դու պարզապես չես կարող դուրս չթռչել խրամատից ու չվազել տանկի հետեւից:
– Պարոն Ղազարյան, շնորհավոր Տանկիստի օրը` ուժի, կամքի, հերոսականության ու հաղթանակի տոնը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
և ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Խորագիր՝ #15 (1262) 10.10.2018 – 16.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում