ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՈՒ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
«Երեք օր է՝ չեն կրակել»,-ասում է պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմիլ Օհանյանը: Մտահոգ ու տագնապած է ասում: «Որ կրակում են, հանգիստ ենք: Էսպես ոնց որ իրենց մտածածը թաքցնեն»: Պտտում է ղեկը, դարձնում արագության բռնակը. դիրքեր ենք բարձրանում: Փոխգնդապետը պետք է ստուգի առաջնագծում իրականացվող ինժեներական աշխատանքները, կրակի վարման եւ դիտարկման համակարգերը, անձնակազմի տրամադրությունը. ծառայությունը մնում է ծառայություն՝ նույնիսկ եթե չեն կրակում:
Հեռվում էքսկավատորը փորում է հողը: Մեկը մյուսի հետեւից ձգվող հողաթմբերը ուղտերի քարավան են հիշեցնում: Այլընտրանքային երթուղին է, որ հակառակորդի աչքի համար անտեսանելի է դարձնելու տեխնիկայի շարժը: Մեր մեքենան կանգ է առնում: Մի երկու բառ ենք փոխանակում ճանապարհը կառուցող Նիկոլայ դայու հետ: Խոսում է աշխուժությամբ, թեեւ առավոտյան ժամը յոթից աշխատում է: Տեղանքը դիտարկվող է, ինքն իրեն քողարկելով է առաջանում. «Օրը վեց ժամ փորում եմ: Տեխնիկան բանակինն է: Փառք Աստծո, «պադվադիտ» չի անում: Քանի կյանքս հերիքում է, իմ «ամագը» թողնեմ: Ո՞վ ենք մենք առանց բանակի, առանց զինվորի, առանց պինդ սահմանի,-դեղին էքսկավատորի ալեհեր վարպետը հարց է տալիս, ապա, ուսերը թերահավատ վեր քաշելով, ինքն էլ պատասխանում,- տուն` առանց կտուրի»:
Փոխգնդապետ Օհանյանը Նիկոլայ դայուն մի քանի գործնական խորհուրդ է տալիս, նաեւ՝ գովասանքի խոսք ասում: Եվ էքսկավատորն ավելի մեծ եռանդով է շարունակում աշխատանքը. «շերեփով» վերցնում է հողն ու լցնում նոր գոյացող թմբի վրա: Եվ այդպես նորից, նորից ու նորից:
Մեքենան սլանում է անվերջ թվացող ճանապարհով: Հասնում ենք բարձունքին: Այստեղ է տեղակայված նորակառույց կետը: Տեղանքը պատահական չէ ընտրված՝ լայնածավալ տեսադաշտ է ապահովում: Ընդարձակ շինություն է՝ հարմար դիտակետերով: Պատերը շարված են խնամքով՝ ծածկված թարմ ծեփով: Ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Վրեժ Ղահրամանյանն է կազմակերպում շինարարական աշխատանքը: Վստահեցնում է՝ այսօր գործը կավարտեն: Ինքն էլ փոշոտ է ու քրտնած. զինվորների հետ հավասար գործ է անում: «Ամրոցի նման ամուր է: Պիտի հուսալի լինի,-խոսքն ավարտելուն պես կապիտանը հրահանգներ է տալիս իր զինվորներին,-քար բերեք, շաղախ սարքեք»: Եվ տղաները միանգամից հողի վրա՝ մի կլոր տեղ բացած, իրար են խառնում կիրն ու ավազը: Սրտանց են աշխատում՝ ասես իրենց սեփական տունը կառուցեն:
Մեր մուգ կապույտ «ուազը» սլանում է մի ճանապարհով, որ ժամանակին Բաքու էր տանում: Հիմա ինձ ուղեկցող զինվորականները կարծես չեն հավատում, որ այս ճանապարհը կվերագտնի իր երբեմնի աշխուժությունը:
Նկուղ հիշեցնող գետնափոր կառույցի մուտքի մոտ ենք: Այս շինությունը ներսից ստորգետնյա թագավորության է նման՝ բարձր առաստաղով, առանձնացված սենյակներով: Շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Մոնիտորի դիմաց մայոր Գրիգորի Արշակյանն է՝ ստուգում է տեսադիտարկման համակարգը: Էկրանին տարբեր ստորաբաժանումներից ստացվող պատկերներ են՝ առցանց ռեժիմով: Հակառակորդի ցերեկային եւ գիշերային տեղաշարժերը վերահսկվում են մեծ խորությամբ: Իսկ թե համակարգը հանկարծ խափանվի, անսարքությունը րոպեներ անց կվերացվի: «Տեսադիտարկման համակարգը պարբերաբար թարմացվում է՝ տեսախցիկները նոր են, ավելի որակյալ: Հակառակորդը, իհարկե, կրակել է, փորձել է վնասել, բայց չի հաջողվել,-ասում է մայոր Արշակյանն ու ցույց տալիս ադրբեջանական բազան: -Սա էլ նրանց թիկունքային ապահովման կետն է, այն մեկն էլ՝ հրետանային ստորաբաժանումը: Շարժ չկա: Երեկ, սակայն, շարասյան պոչը չէր երեւում՝ զրահամեքենաներ, հրանոթներ էին տեղաշարժում»: Հասկանում եմ՝ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է սպասվում այսօր, վաղը, հաջորդ րոպեին. առաջնագծի խաղաղ շնչի մեջ միշտ մի քիչ տագնապ կա:
Դիրքեր թեքվող ճամփաբաժնին մի անսովոր մեքենա է երեւում. շրջիկ բաղնիքն է: Մարտական հերթապահության օրերի ընթացքում զինվորներն երկու անգամ լողանալու հնարավորություն ունեն: «Քիչ չէ՞»,-մտորում եմ: Փոխգնդապետ Օհանյանը բացատրում է, որ լոգանք կազմակերպելը բարդ է, որ մի առանձին մեքենայով էլ ջուրն են հասցնում, որ հիգիենիկ պահանջները պահպանելու համար նաեւ բուժանձնակազմն է ներգրավվում: «Բայց տղաները ոնց են սիրունանում-թարմանում: Ջուրը քշում-տանում է քրտինքը, փոշին, հոգնածությունը, ծանր մտքերը»,-ասում է հրամանատարը:
Վերեւում ենք: Առաջին հայացքից սովորական դիրք է՝ անվադողերով ամրացված հողաթմբերով: Բայց որտեղի՞ց սեխի այս անուշ, թարմացնող բույրը: Դիրքի ավագը՝ Վաչեն, ցույց է տալիս ձմերուկի ու սեխի փարթամ թփերը, որ փռել են փեշերը, փաթաթվել հողին: Զինվորն ասում է՝ հողը չպիտի անբույս լինի, անբնական է: Դրա համար էլ դիրքամերձ փոքրիկ հողակտորում սեխ ու ձմերուկ են աճեցնում, եւ երբ որեւէ մեկը գալիս է այցելության, անպայման հյուրասիրում են կրակոցների տակ հասունացած բարիքներից: Գուցե հենց այսպես է փոշեթաթախ տարածությունը հայրենիք դառնում:
Խրամատ բարձրանալուց առաջ կանգ ենք առնում փոքրիկ ծածկի տակ. աղոթատեղին է՝ մոմի ու խնկի բույրով: Ծխակալած պատերից մեզ են նայում գունատ սրբապատկերներ, փայտե ձեռակերտ խաչեր: Հավատի այս փոքրիկ տաճարում «Հայր մերն» արտասանելիս ինչի՞ մասին են մտածում տղաները, ինչի՞ մասին են երազում, ի՞նչ են խնդրում բարձրյալից: Աչքովս է ընկնում անվարժ ձեռագրով գրված գրությունը. «Աստված պահապան բոլոր հայրերին ու մայրերին»: Վաչեն էլի բանաձեւում է. «Որպեսզի փորձանքի չգաս՝ պիտի հավատաս, որ վերեւից մեկը քեզ պահում է»: Պատմում է, որ հակառակորդի զինվորներն էլ են հաճախ բարձրաձայն աղոթում. «Իրենք իրենց աստվածն ունեն, մենք՝ մերը»,-ասում է դիրքի ավագն ու առաջանում նեղլիկ խրամատով:
Դիտարկում կատարողը դասակի հրամանատարն է՝ ավագ լեյտենանտ Դավիթ Զաքարյանը: Նրա համար ապահովության երաշխիքը լավ կահավորված դիրքն է: Ասում է՝ եթե զինվորն իրեն անվտանգ զգաց խրամաբջիջում, ուրեմն հոգեպես էլ կամրապնդվի: Շատ է զրուցում տղաների հետ, բացատրում, հաճախ էլ խնդրում, որ դիտարկվող հատվածներ դուրս չգան, որ շրջանցեն ականապատ տեղանքը: Ասում է՝ գուցե հոգնածությունն է պատճառը, կա՛մ վախը հաղթահարելու ցանկությունը, կա՛մ անտարբերությունը, որ զինվորները խախտում են անվտանգության սահմանված կանոնները: Երիտասարդ հրամանատարը իրենից գրեթե չի խոսում, միայն. «Էստեղ համոզվել եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»: Դիրքապահ Ռոբերտն էլ է որոշել զորացրվելուց հետո ծառայության անցնել. «Երբ համազգեստով եմ, մարդիկ ավելի սիրալիր են: Արձակուրդին քաղաք գնացի, գազելի վարորդը տոմսի գումարը չվերցրեց, մի տարիքով կին էլ հարցրեց՝ որտեղ եմ ծառայում, ու պաչեց ճակատս, թե՝ Աստված հետդ»,-զինվորի զգաստ դեմքին այնքան ջերմ ժպիտ է ուրվագծվում:
Հրաժեշտից առաջ հավաքվում ենք բացօթյա սեղանի շուրջ: Տղաները հյութ են լցնում խոշոր բաժակների մեջ, Աշոտը իր պատրաստած սուրճն է հյուրասիրում, Արայիկն էլ սեղանին է դնում քաղցր սեխն ու ձմերուկը: Իսկ փոխգնդապետ Օհանյանի անխորտակ խստությունը միանգամից մեղմվում է իր զինվորների հետ անկաշկանդ զրույցից:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի