Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ «ԽՈՏԱՆԵՑ» ՌՈՒՍԱԿԱՆ Т-90С ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԱՆԿԸ



Նիժնի Տագիլում բացված սպառազինությունների ցուցահանդեսում բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը լրագրողներին հայտնել է, որ տանկն ունի բազմաթիվ թերություններ, լրամշակման կարիք, և պնդել, որ բավական լավ է մշակված միայն մարտական մեքենայի աշտարակը:

Իսկ տանկի մշակողների հավաստամբ, Т-90С-ը տեսադաշտի ու կրակի վարման ասպարեզներում չի զիջում իր ամերիկյան ու գերմանական մրցակիցներին, զրահով պաշտպանվածության առումով գերազանցում է նրանց և շահեկանորեն առանձնանում է մինչև 5 կմ շրջագծում թիրախները խոցող կառավարվող հրթիռային համալիրների կիրառման ասպարեզում: Վերջերս տանկը ներկայացվել էր նաև ՌԴ վարչապետ Վլադմիր Պուտինին, ով մտել էր մարտական մեքենայի մեջ և մանրամասն ծանոթացել հատկապես տանկի ղեկավարման համակարգին:

Մակարովը վերստին հավաստել է, որ Ռուսաստանը արտասահմանից կգնի մի շարք նորագույն ռազմական տեխնոլոգիաներ և լրագրողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի համար աստիճանաբար դժվարանում է մրցակցել զենք արտադրող օտարերկրյա ընկերությունների հետ, քանի որ վերջիններս գնալով ավելի հաճախ են առաջարկում համատեղ մշակումներ: Որպես իր ասածի հավաստում, Նիկոլայ Մակարովը հիշել է «Renault» ընկերության արտադրած զրահափոխադրիչը, որն ունի «Volvo»-ի շարժիչ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/09/2011