ԲԱԲՇԵՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
Հայոց ազատամարտի ականավոր, անզուգական հայդուկապետ Աղբյուր Սերոբի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև տվյալ պատմական ժամանակաշրջանի ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ եթե անաչառ գնահատենք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի հայ ազգային- ազատագրական պայքարի անվանի գործիչների գործունեությունը, ապա պիտի նշենք, որ ժամանակակիցների հուշագրություններում, վկայություններում և այդ ժամանակաշրջանը ներկայացնող վավերագրերում չկա համապատասխան վկայություն, փաստարկ, որը մատնանշի մեկ այլ դեպք, երբ թուրք կառավարությունը, անգամ սուլթան Աբդուլ Համիդը, այդքան մեծ կարևորություն տար որևէ մեկին, որքան Աղբյուր Սերոբին, ու նրան վերացնելու համար նշանակեր 1000 ոսկի գլխագին ու բազում այլ պարգևներ: Սուլթանի հրամանը իրականացնելու նպատակով թուրք իշխանությունները բազմիցս ասպարեզ են դուրս բերել ոստիկանության լրտեսներին ու մատնիչներին և Բիթլիսի նահանգի ամբողջ տարածքը հեղեղել զորքով ու քրդական հրոսակախմբերով:
Համաձայն պատմական վավերագրերի` Բիթլիսի նահանգում, մասնավորապես՝ Տարոնի և Սասունի շրջաններում գործելու ընթացքում, Աղբյուր Սերոբի ու նրա գլխավորած մարտական խմբի որոնումները թուրք իշխանություններն ավելի են սաստկացնում հատկապես ֆիդայիների կողմից Մուշ գավառի ոստիկանապետ Ալա բեյի դեմ կազմակերպած մահափորձից և Կարսի նահանգից Սասուն զենք ու զինամթերք տեղափոխող Սերոբի հորեղբորորդու` Ճարտարի գլխավորած զինատար խմբի արյունալի կռիվներից հետո:
Թուրք ոստիկանական ուժերի հետապնդումներից խուսափելու նպատակով Սերոբը, մարտախմբով արագորեն տեղափոխվելով մի վայրից մյուսը, կարողանում է մշտապես մոլորեցնել հետապնդողներին ու կորցնել հետքը:
Մինչ Բաբշենի հերոսամարտը, նրան հայտնաբերելու` թուրք իշխանությունների ձեռնարկումները մշտապես անհաջողության էին մատնվում: Սակայն 1898 թ. հոկտեմբերի 20-ին, երբ Սերոբը 17 մարտիկներով Բիթլիսից ոչ հեռու գտնվող Բաբշեն գյուղում էր, թուրքերին վերջապես հաջողվում է հայտնաբերել նրա տեղը: Այդ օրը նրա հետ են եղել մարտական խմբի առավել անվանի հայդուկներից շատերը: Բաբշենի կռիվը լուսաբանող վավերագրից պարզվում է, որ Բիթլիսի նահանգի իշխանություններին այս անգամ ևս նրանց գտնվելու վայրը հայտնի է եղել մատնության շնորհիվ:
Տեղեկանալով Բաբշեն գյուղում Աղբյուր Սերոբի գտնվելու մասին, Բիթլիսի նահանգապետն անմիջապես ոտքի է հանում քաղաքում գտնվող Լիվա փաշայի գլխավորած կանոնավոր զորքի մի քանի վաշտեր, նահանգի ոստիկանական հեծյալ ու հետեւակ ջոկատները և վաղ առավոտյան պաշարում գյուղը: Ֆիդայիներին հանկարծակիի բերելու ու արտաքին աշխարհից լիովին կտրելու դիտավորությամբ ուժեղացված պահակախմբերը փակում են Բիթլիսից Բաբշեն ձգվող ճանապարհը, գյուղի բոլոր ելքերն ու մուտքերը:
Բաբշեն գյուղը գտնվում է ձորի մեջ, երեք կողմից շրջապատված լեռներով, իսկ միայն մեկ կողմը հարթ տարածություն է, որտեղ եղել են գյուղացիների արտերը:
Ֆիդայիները դեռ չէին հասցրել ձորի միջով գյուղից դուրս գալ, երբ տարբեր ուղղություններից նրանց վրա են տեղում թուրք զինվորների համազարկերը:
Կացությունն ավելի քան անելանելի էր: Փրկության ելքը միակն էր. նրանք պետք է, որքան հնարավոր էր, շտապ բարձրանային մերձակա լեռներից որևէ մեկը, հարմար դիրքեր գրավեին, դիմադրեին մինչև մութն ընկնելը, ապա փորձեին ճեղքել պաշարման օղակն ու արագորեն հեռանալ: Սերոբը մարտախումբը բաժանում է երկու մասի և յուրաքանչյուրին տալիս է համապատասխան հանձնարարություն: Առաջին խումբը, որի կազմում էին Բիթլիսցի Մուշեղը, Սիմոնը (Ազրայիլ), Սեդրակը, Նշանը, Ճարտարը, Առյուծ Ավագը, Մելքոնն ու Ռաշիդը (Ռաշո), պետք է դիրքեր գրավեր և աշխատեր հնարավորինս կասեցնել թուրք զինվորների առաջխաղացումն ու դրանով իսկ հնարավորություն ընձեռեր, որ խմբի մյուս մարտիկների (Բալաբեխ Կարապետ, Սարգիս, Ասատուր, Մկրտիչ, Հովհաննես (Զուլումաթ), Պողոս (հուշագրության հեղինակը – Հ.Գ.), Հաջի Հակոբ, Բաղդասար (Բղդո), Գևորգ) հետ գրավեր բարձունքն ու բարձրից տեղացող կրակով օգներ մյուսներին` նույնպես հաղթահարելու բարձունքը:
Սերոբը, զինակիցներին առաջնորդելով, փորձում է գրավել բարձունքը, բայց «… Մեր վերև,- նշում է Պողոսը,- արդեն առած էին, թույլ չտվին, որ բարձրանանք: Մենք մանր քարերը դասավորելով` մեզ համար դիրք կազմեցինք և սկսեցինք կռվել Տիրոջ հաջողությամբ»:
Անհրաժեշտ էր շտապ վճռական քայլեր ձեռնարկել, փրկության որևէ ելք գտնել, այլապես թուրքերը, հարձակում գործելով, կարող էին հեշտությամբ կոտրել փոքրաքանակ ու հուսալի պաշտպանական դիրքեր չունեցող ֆիդայիների դիմադրությունը: Ուշադրությանբ զննելով տեղանքը՝ Սերոբը նկատում է, որ իրենց վերևում գտնվող բարձունքներից մեկը դեռեւս գրավված չէ: Թուրքերի տեսադաշտից կարծես թե վրիպել էր այդ կարևոր դիրքը: Ակնթարթորեն գնահատելով այդ դիրքի կարեւորությունն ու փրկարար նշանակությունը՝ Սերոբը իսկույն հրամայում է. «… Տղերք, այդ դիրքը բռնեցեք, եթե այդ դիրքը թշնամին ձեռքներիցս առնի, մենք ամբողջ պիտի մեռնենք»:
Ֆիդայիներն արագորեն հասնում են բարձունք և հարմար դիրքեր գրավելով` մոսինների կրակը ուղղում են ներքևում ամրացած իրենց ընկերների դիրքը գրոհող թուրք զինվորների վրա: Բարձրից տեղացող կրակը փրկարար էր: Շուտով Սերոբենց խմբի հարևանությամբ դիրքեր են գրավում նաև մյուս ֆիդայիները:
Իր մղած բազմաթիվ կռիվներում Աղբյուր Սերոբը ողջ հմայքով, քաջությամբ ու հրամանատարական վարպետությամբ առավելապես աչքի է ընկնում հենց այդ՝ Բաբշենի դյուցազնամարտում: Մարտն սկսվելուն պես թուրքերը, վստահ իրենց թվական ու զինվածության գերազանցությանը, բուռն գրոհով նետվում են հայ մարտիկների վրա: Քաջարի հայդուկները չերկնչելով թշնամու բազմությունից` հանգիստ ու սառնարյուն, անվրեպ միահամուռ հարվածներով դիմավորում են թշնամուն: Թուրքերի բոլոր գրոհները փշրվում են՝ հանդիպելով հայ ֆիդայիների անկոտրում կամքին ու վճռականությանը:
«Սերոբը,- գրում է Հրայր Դժոխքը,- իր խրոխտ ու ազդու ձայնով հրահանգներ էր տալիս հայդուկներին և դիտելով նրանց դիրքերը՝ քաջալերում ու ասում. մի՛ վհատվեք, Աստված մեր կողմն է, հաղթությունը` մեր բաժին»:
Թուրք հրամանատարությունը Սերոբի մարտիկներին ահաբեկելու ու խուճապի մատնելու նպատակով՝ հոգեբանական գրոհ է ձեռնարկում նրանց դիրքերի վրա: Խրոխտ քայլերով, հրացանները պարզած մարտաշարքերով զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ ֆիդայիների դիրքերին են մոտենում թուրք զինվորները: Գրոհող վաշտերի մարտաշարքերին ավելի մարտական ու ազդեցիկ տեսք տալու դիտավորությամբ անընդհատ հնչում է փողհարների մարտակոչը: Սերոբի հրամանով Մուշեղը, Բալաբեխ Կարապետն ու Ճարտարը դիպուկ հարվածներով լռեցնում են թուրք փողհարների ձայնը. «Մուշեղը մեկ գնդակը փողի ծակեն կանցնի և կսպանի այն զինվորը, որը փողը բերնին փչելով գրոհ կտար դեպի հայդուկները»
Փողհարների սպանվելը ծանր տպավորություն է գործում թուրքերի վրա: Ոգեշնչված հայ քաջորդիները վճռական հակահարված են հասցնում եւ դարձյալ հետ են մղում թուրքերի հերթական գրոհը: Գլուխը կորցրած Բիթլիսի ոստիկանապետ Լիվա փաշան ֆիդայիներին ընկճելու մտքից հուսահատ վերադառնում է քաղաք՝ նոր զորք և թնդանոթներ բերելու: «Ինչպե՞ս, եղավ,-կհարցնի կուսակալը (Բիթլիսի նահանգապետ),- պիտի բռնենք, այս անգամ ձեռքիցս չեն ազատվի,- պատասխանում է Լիվա փաշան»:
Բիթլիսի մահմեդական բնակչությանը հայերի դեմ գրգռելու համար քաղաք են տանում սպանված թուրք զինվորների դիակները և ի ցույց մոլեռանդ ամբոխի՝ պտտեցնում են քաղաքի փողոցներով: Սերոբին բռնելու պատվին արժանանալու ցանկությամբ արբած՝ օգնության շտապող զորքին միանում է թուրք զինյալ ամբոխը: Շուտով հասնում են նաև քրդական ցեղախմբերը:
Համաձայն Բիթլիսի թեմի առաջնորդ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանի տվյալների՝ «…թուրք զինվորների և քաղաքեն հասած պաշիբոզուքներու թիվը 3000 -են ավելի էր »:
Բաբշենի կռվին վերաբերող վավերագրերում նշվում է, որ այդ հերոսամարտին թշնամու կողմից մասնակցել են թուրքական բանակի մի քանի գնդեր, ոստիկանական ջոկատներ և Բիթլիսի մահմեդական զինյալ ամբոխը: Համաձայն վավերագրի տվյալների՝ հակառակորդի կողմից այդ կռվին մասնակցած զինվորների թիվը հասնում է 3000-ի, որին միացել են թուրք և քուրդ հրոսակախմբերը:
Երկու վկայություններն էլ աներկբա մատնանշում են, որ թշնամու կողմից կռվողների թիվն ավելի քան երկու հարյուր անգամ գերազանցում է Սերոբի գլխավորած մարտական խմբի թվաքանակին: Թուրք հրամանատարությունը, ապավինելով իր տրամադրության տակ եղած մարտական ուժի ահռելի գերակշռությանը, արագ հաղթանակ նվաճելու նպատակով, անընդմեջ գրոհներ է ձեռնարկում հայ ֆիդայիների դիրքերի վրա:
Սակայն այդ ամենը զուր էր. հրաշքներ էին գործում ֆիդայիների մոսինները: Մեծ հեռավորության վրա անընկճելի հայորդիների գնդակներից տապալվում էին թուրք զինվորները, քրդերից ու թուրք խուժանից շատերը: Լիվա փաշայի կարգադրությամբ թնդանոթներից կատաղի կրակ են բացում հայ մարտիկների դիրքերին: Թնդանոթներից արձակած ռումբերից մեկը դիպչում է ապառաժին, եւ նրանից պոկված քարաբեկորների հարվածների զոհն է դառնում քաջաբար մարտնչող բուլանուխցի Սարգիսը:
Թուրք զորավաշտերը եւ մահմեդական զինյալ ամբոխը, ոգևորվելով ֆիդայիների վրա տեղացող ռումբերի աջակցությունից՝ անցնում են վճռական գրոհի. «Սերոբը,- նշում է Հրայրը,- քմծիծաղով կդիտեր թշնամուն և կբոռար. «Սեդրակ, Նշան, Մուշեղ, ինչո՞ւ ձայն տալով չեք կռվում»:
Սերոբի հրամանով ֆիդայիները կրակ են տեղում թնդանոթներ վրա:
Բիթլիսցի Մուշեղը, ուշադրություն չդարձնելով տեղացող գնդակներին, մոսինի դիպուկ հարվածներով գնդակահարում է թնդանոթաձիգներից երկուսին, և նրա մահացու հարվածներին ներդաշնակում են ֆիդայիների երգն ու միահամուռ համազարկերը ողջ մնացած թնդանոթաձիգների ուղղությամբ: Ֆիդայիների համազարկերը դարձյալ անվրեպ էին. թշնամու թնդանոթները լռում են: Այս տեսարանից գազազած Լիվա փաշան գրոհի է տանում թուրքական, քրդական ամբողջ զորքն ու հրոսակախմբերը: Բայց ամեն ինչ անցնում է ապարդյուն. ֆիդայիների դիպուկ հարվածները հնձում են թշնամու մարտաշարքերը: Կռվի ընթացքում Սերոբն անընդհատ շարժման մեջ էր: Հմտորեն ղեկավարելով մարտը՝ նա հայտնվում է ամենաշիկացած ու վտանգավոր տեղերում և դիպուկ հարվածներով գետին տապալելով իրենց դիրքերը գրոհող թուրք զինվորներին՝ օգնում էր զինակիցներին, ոգևորում ու սխրանքի կոչում նրանց:
«Աղբյուրը,-նշում է եպիսկոպոս Ե. Չիլինկիրյանը,-ամբողջ կռվի ընթացքին բոլոր ճգնաժամերին օգնության կհասնի և իր ներկայությամբ ու խրախուսական խոսքերով առյուծի կփոխե պաշարված հայ քաջերը, որոնք արիաբար կկռվին»:
Թուրք հրամանատարության համար կատարյալ անակնկալ էր մի բուռ հայորդիների անկոտրում ու հերոսական դիմադրությունը: Ֆիդայիների մոսիններից արձակած հեռահար ու դիպուկ հարվածների հունձը տեսնելով՝ ահաբեկված թուրքերը կորցնում են հայ մարտիկների դիրքերը գրոհելու նախկին վճռականությունը:
«Բազմաքանակ զորքը,- նշում է վավերագիրը,- հուսահատորեն կկանգնի և կնահանջի, անիծելով հրամանատարը ու հոգու մեջ կուխտե «ջան ֆէդային» դեմ ուրիշ անգամ չկռվել»:
Կռիվը շարունակվում է մինչև մութն ընկնելը, ու մինչեւ թշնամին կհասցներ համախմբել ցաքուցրիվ եղած ուժերը, Սերոբն ընտրում է հարմար պահը և ֆիդայիների գլուխն անցած՝ ճեղքում թշնամու պաշարման շղթան ու հեռանում:
Կռվի մասնակից հայդուկ Պողոսը, վերհիշելով այդ հիշարժան պահը, նշում է. «Սերոբն ասաց. տղե՛րք, արագ քայլեք, քանի մութ է: Կես ժամեն վերջ լուսինը կծագի, և կտեսնեն մեզ: Այսպիսով՝ դուրս եկանք, բայց լուսին ծագեց, և զորքերը մեզ տեսան, բայց ցերեկվա տեսած սարսափեն ձայն չհանեցին: Մենք այսպիսով դուրս եկանք ու դեպի Գլխոր գյուղ գնացինք»:
Բաբշենի կռիվն իրավամբ կարելի է համարել հայդուկային պայքարի ամենահիշարժան օրինակներից մեկը, որտեղ հայ ֆիդային դրսևորեց իր երկաթյա անկոտրում կամքն ու արիաբար մարտնչելու և ամենաօրհասական պահին անհրաժեշտ վճիռներ կայացնելու անհողդողդ ոգին ու կարողությունը:
«Սերոբը իր հայդուկներով ազատվեց, և այնտեղ կանգնեց հաղթության մի կոթող»:
Ահա Բաբշենի կռվին արժանացրած Հրայր Դժոխքի գնահատականը:
Բաբշենի կռիվը հսկայական տպավորություն է թողնում Բիթլիսի նահանգի բնակչության վրա: Թուրքական կանոնավոր ջոկատները և նրանց միացած թուրք ու քուրդ հրոսակախմբերը, թնդանոթներով զինված, խայտառակ պարտություն էին կրել՝ բախվելով ընդամենը 17 առյուծասիրտ հայորդիների հերոսական դիմադրությանը: Բաբշենի հերոսամարտում թուրքերն ունեցել են ավելի քան 70-80 սպանված զինվորներ, իսկ վիրավորների թիվն անհամեմատ ավելին էին:
Եպիսկոպոս Եղիշե Չիլինկիրյանի վկայությամբ` «Կռվի հաջորդ գիշերը թուրք զինվորները գիշերանց գաղտագողի սկսան Բիթլիսի մոտ գտնվող գերեզմանոցը բերել տասնյակ դիակներ: Գիշերանց թաղելու պատճառը երկուքն էր, նախ՝ ամոթ էր, որ 17 ֆետայիի դիմաց իրենք այդքան զոհ տված լինեին, և հետո, վալիի խոսքովը, ասում են՝ այդպես արին, որպեսզի խուժանը չզայրանա, թեև նույն այդ խուժանը սարսափահար կսպասեր և հայերին հետ եղ ու մեղր էր կտրած, մտածելով, որ մի օր Սերոբ փաշան Բիթլիսի վրա պետք է հարձակվի»:
Երբեմն ամենաբիրտ թշնամին անգամ արժանվույն է գնահատում հակառակորդի մեծությունն ու քաջագործությունը: Թուրքերն առաջինը հայ ֆիդայիներից Սերոբին են անվանում Փաշա: Սակայն ազատության պայքարի նվիրյալ զինվորը երբեք չընդունեց թշնամու «շնորհած» տիտղոսը՝ շեշտելով. «…մենք փաշաների ու աղաների դեմ կկռվենք, այժմ ե՞ս փաշա լինեմ»:
Եթե անաչառ գնահատենք Բաբշենի հաղթական հերոսամարտը, ապա անտարակույս պիտի արձանագրել, որ այն իր հերոսականությամբ և արձագանքով իրոք եզակիներից էր հայության ազատագրական պայքարում: Բաբշենի կռիվը ժողովրդի, անգամ թուրքերի ու քրդերի մեջ ավելի է խորացնում հարգանքը ֆիդայիների նկատմամբ: Այդ հերոսամարտում Սերոբի տարած հիրավի փառահեղ հաղթանակը ոչ միայն մեծ արձագանք է ստանում, այլև արմատապես փոխում հայերի նկատմամբ թուրք ամբոխի տածած նախկին վերաբերմունքը:
Բիթլիսի նահանգապետը հասկանալով, որ նշանավոր անհաղթ հայդուկապետի հետ հերթական անգամ ընդհարվելը կարող է նոր խայտառակության ու իր դիրքը վտանգելու տեղիք տալ, նրա մտադրություններն ու տրամադրվածությունը պարզելու նպատակով Աղբյուր Սերոբին հրավիրում է տեսակցության: Սակայն նա մերժում է հրավերը, իսկ պատասխանը լինում է ֆիդայուն վայել արժանապատվությամբ՝ կտրուկ ու հասկանալի. «Թողեք, որ մենք հանգիստ ապրինք»:
Բաբշենի կռվից երկու շաբաթ անց Սերոբը Նեմրութից իջնում է Մշո դաշտ, ապա անցնում Սասուն, ուր պետք է կենտրոնանային Հայոց ազատամարտի մարտական խմբերը:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Պատմության էջերից