ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՍՏԱՊԱՀԱՆՋՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Մուտք ենք գործում առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող զորամաս: Շտաբի շենքում, ինչպես եւ պայմանավորվել էինք, մեզ ընդունեց հրթիռային զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանը: Նրա ուղեկցությամբ շրջեցինք զորամասի տարածքով: Հպարտությամբ ներկայացնում էր գերհզոր հրթիռային տեխնիկան՝ «Սմերչ» կայանքը եւ «Տոչկա» համալիրը, դրանց շահագործան առանձնահատկությունները: Շուտով մոտիկից տեսնելու էինք նաեւ երկաթյա այդ «տիտաններին», որոնք խաղաղ բազմել էին բացազատման շրջանում:
Հընթացս փոխգնդապետ Նարեկ Պետրոսյանի հետ զրուցում էինք նաև նրա՝ կենսակերպ դարձած 21 տարվա զինվորական ծառայությունից, մարտավարական կարևոր զինտեխնիկա սպասարկող զորամասի խնդիրներից: Նրան լսելիս՝ թվում էր՝ շատ հեշտ խնդիր է կազմակերպչական հարցեր իրականացնելը: Ինձ հետ զրուցելու հետ մեկտեղ` նա հաջողում էր հրահանգավորել անձնակազմին՝ միաժամանակ մի քանի խնդիր լուծելով և անգամ կազմակերպելով հզոր զինտեխնիկայի տեղաշարժը:
Ծնվել է Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Չիվա գյուղում: 1997թ. ավարտելով համայնքի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Օրինակ է ծառայել եղբոր համար, որն այժմ նույնպես զորքերում է: Դժվարանում է բացատրել, թե ինչպես կամ որ պահին այս մտադրությունը վերջնական որոշում դարձավ. «Միշտ սիրել եմ զինվորական համազգեստը, զինվորականներին ակնածանքով եմ նայել: Ձգել է այս գործը: 2001-ին ավարտեցի համալսարանը, նշանակվեցի դասակի հրամանատար»:
Փոխգնդապետ Պետրոսյանն անցել է հրամանատարական տարբեր օղակներով: 2012թ. ավարտել է Ս.Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմական հրետանային ակադեմիան և վերադառնալով՝ նշանակվել սահմանապահ զորամասերից մեկի հրետանու պետ: Ծառայության ընդամենը երեք տարիներն են անցել թիկունքային զորամասում. նա մարտական ծառայության 14 տարվա փորձառություն ունի ՀՀ տարբեր սահմանամերձ զորամասերում:
-Մասնագիտական կայացման հարցում Ձեր ծառայության փուլերից ո՞րն է եղել ամենակարևորը:
-Սպայի կայացման համար կարևոր են ղեկավար բոլոր պաշտոնները: Եղել եմ մարտկոցի, դասակի, դիվիզիոնի հրամանատար, զորամասերի հրետանու պետ, հրետանային զորամասի շտաբի պետ, այժմ՝ հրթիռային զորամասի շտաբի պետն եմ: Բոլորն էլ պատասխանատու պաշտոններ են, որոնք ինձ կատարելագործվելու հնարավորություն են տվել: Ամենաուրախ և ամենադժվար, երբեմն էլ` դաժան օրերը դիվիզիոնի հրամանատարի պաշտոնավարման շրջանում են եղել: Դիվիզիոնը հասցրել եմ իմ ուզած մակարդակին: Տարիներ շարունակ լավագույն դիվիզիոնի կոչմանն ենք արժանացել, պատվոգրեր, մեդալներ… Գնահատված զգալը լավագույն խրախուսանքն է, ջանքերիդ լավագույն փոխհատուցումը:
-Պարո՛ն փոխգնդապետ, հրետանուց, փաստորեն, անցում եք կատարել հրթիռային զինատեսակին: Այս առումով դժվարություններ չե՞ն եղել:
-Հրթիռային զինատեսակները շատ ավելի մեքենայացված են: Բայց դժվարություններ չեն եղել: Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ է. ամեն օր զորամասից դուրս գալով էլ չեմ դադարում մտածել այս կամ այն խնդրի համար նոր լուծումներ գտնելու ուղղությամբ, իսկ առավոտյան մի նոր փաստաթուղթ է ծնվում:
Մեր անձնակազմը, առանց վերապահումների, հանձնառու, ուսյալ, խելացի ու պատասխանատու զինվորականներով է համալրված: Հրթիռահրետանային զորքերի առանձնահատկությունն է նման պահանջ դնում զինծառայողների առջև: Հաճույք է նման անձնակազմ ղեկավարելը:
-Մարդկային և մասնագիտական առումներով ո՞ր որակներն են կարևոր Ձեր գործում:
-Ընդհանրապես, ցանկացած ղեկավար պաշտոնի համար շատ կարևոր են դիմացինին լսելու, հասկանալու, ենթակաների խնդիրները քոնը համարելու կարողությունը: Պետք է վերաբերվես այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեին:
Շատ կարևոր է անցածդ ճանապարհը, փորձառությունը: Գոհ եմ, որ տարբեր պաշտոններով ծառայել եմ մեր երկրի տարբեր զորամասերում, տարբեր տեղանքներում: Ամեն զորամասից վերցնում ես միայն լավագույնը և հաջորդ զորամասում ներդնում փորձդ:
Առաջնագծում երկար տարիների ծառայությունը նույնպես շատ կարևոր փորձառություն էր: «Հենակետային» ծառայությունը ցանկացած զինծառայողի մեջ նախ և առաջ շրջապատողների հանդեպ հոգատարություն է ձևավորում, ծառայությանն ի սրտե «կպչելու» հակում, սրտացավություն և դիմացկունություն: Եթե խնդիրը դրված է, այն անկախ ամեն ինչից իրագործելը պատվի հարց է:
Շատ պահանջկոտ եմ: Որոշ դեպքերում սա կարող է հաճելի չլինել, բայց ինքս այդ սկզբունքին հավատարիմ եմ և նույնը պահանջում եմ իմ ենթականերից: Մեծ տարածությունների վրա «Սմերչի» և «Տոչկայի» ստորաբաժանումներով կատարում ենք ռազմերթեր, որոնք կազմակերպչական մեծ ճշգրտություն են պահանջում: Բացի այդ, տեխնիկան պետք է մշտապես մարտունակ վիճակում լինի: Եթե այս կարևոր գործը, կարևոր զորատեսակը մեզ է վստահված, իրավունք չունենք ոչ մի պահ թուլանալու: Մեկ տարի է, ինչ այս զորամասում եմ ծառայում, և չի եղել մի դեպք, որ առաջադրված խնդիրը դժվարանանք կատարել: Այս իմաստով շատ պատրաստված ու հմուտ անձնակազմ ունենք: Մասնակցել ենք մարտկոցային, դիվիզիոնային զորավարժությունների՝ մարտական հրաձգությամբ, նաև՝ զորամասի մարտավարական զորավարժության:
-Այս պահին ի՞նչ կարևոր խնդիրներ են դրված Ձեր առջև:
-Մեր կարևորագույն խնդիրը 2019թ. պլանավորումն է: Հաջորդ տարվա համար նախատեսված են հրամանատարաշտաբային զորավարժություն, ճամբարային հավաքներ, մարտական արձակումով մարտավարական զորավարժություններ և բազմաթիվ այլ մեծ ու փոքր միջոցառումներ, որոնք մշտապես բարձր են պահում զորատեսակի մարտունակությունը:
-Ձեր ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է:
-Ընտանիքս: Ամուսնացած եմ, ունեմ հրաշալի կին, երկու հրաշալի զավակներ՝ 12-ամյա որդի և 7-ամյա դուստր: Երկուսն էլ գերազանցիկ են: Ընտանիքիս շնորհիվ է, որ ծառայողական կյանքս անցնում է անխափան, անխնդիր. լիովին կարողանում եմ նվիրվել աշխատանքիս: Կինս իմ հավատարիմ զինակիցն է: Նա իր վրա է վերցրել տան հոգսերի մեծ մասը՝ ինձ թողնելով միայն կարևոր որոշումներ ընդունելը: Առավոտյան վաղ գալիս եմ զորամաս ու 20:00-ից շուտ դուրս չեմ գալիս: Շատ ծառայավայրերով եմ անցել, և կինս ու երեխաներս միշտ ինձ հետ են եղել: Որդիս, որ 6-րդ դասարանում է սովորում, հասցրել է 6 դպրոց փոխել:
-Ձեզ միայն զորքերո՞ւմ եք պատկերացնում:
-Էլ ուրիշ որտե՞ղ կարող եմ պատկերացնել: Իհարկե, միշտ զորքերում, անձնակազմի հետ: Դժվարությունները միշտ էլ կան: Բայց սա է իմ կյանքը: Զինվորական համազգեստն իմ ամենօրյա հագուստն է: Զորքերում 25-30 տարի ծառայած, այժմ տարիքի բերումով զորացրված ընկերներ ունեմ: Երբ խոսում ենք, ասում են, որ նորմալ է, գոհ են, որ հանգստի են գնացել, բայց զգում եմ, որ ներքին մի խռովություն կա նրանց մեջ:
-Իսկ ի՞նչն է, որ ձեզ բոլորիդ այդպես ամուր կապում է բանակին:
-Գուցե շատերի կողմից սրանք զուտ խոսքեր ընկալվեն, բայց, առաջին հերթին, հենց զինվորական գործի հանդեպ մեծ սերն է: Սա է մեր կյանքը, մեր արհեստը, որում հմուտ ենք: Սա է մեր երեկը, այսօրն ու վաղը:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Ազգային բանակ