ՄԻԱՑՅԱԼ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 8-ից 13-ը անցկացվեց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունը՝ մարտական հրաձգությամբ: Հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական համատեղ զորավարժության նպատակը համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները կատարելագործելն էր, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ անձնակազմի գործողությունների ներդաշնակումն ապահովելը: Հոկտեմբերի 8-ին մեկնարկած զորավարժության թեման էր՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:
Զորավարժության մեկնարկից առաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց տեղազննություն, հստակեցվեցին միասնական գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները, ճշգրտվեցին համապատասխան աշխատանքային խմբերի կազմերը:
Նախանշված օրը համապատասխան ստորաբաժանումները «Տագնապ» ազդանշանից հետո կցված ռազմական տեխնիկայով ռազմերթ կատարեցին դեպի պայմանական մարտական կիրառման շրջան և նախապատրաստվեցին մարտական գործողությունների վարման: Մարտականին մոտ դաշտային իրադրությունում անձնակազմին առաջադրվեցին տարաբնույթ ուսումնական խնդիրներ:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ մարշալ «Բաղրամյան» զորավարժարան այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսեց հրամանատարական կազմի զեկույցները զորավարժության մտահղացման, տարբեր փուլերի նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին: Համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին ծանոթանալուց հետո Դավիթ Տոնոյանը առաջադրված խնդիրների վերաբերյալ որոշակի ճշտումներ կատարեց: Այնուհետև նախարարը հետևեց պայմանական հակառակորդի ոչնչացման նպատակով զորավարժության սցենարով խաղարկվող մասնակից ստորաբաժանումների ուսումնական գործողություններին:
Հոկտեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հայ-ռուսական միացյալ խմբավորման կազմով մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը: Լայնածավալ կրակային վարժանքին ներգավված էին անօդաչու թռչող սարքեր, հետախուզության, հատուկ նշանակության խմբեր, կրակային տարբեր միջոցներ, ինքնագնաց հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա և ավիացիա: Մարտական հրաձգության փուլում խաղարկվեցին պայմանական հակառակորդին ոչնչացնելու տարբեր դրվագներ:
Պայմանական հակառակորդը խախտել է ՀՀ պետական սահմանը, դիվերսիոն-հետախուզական խումբը փորձում է ամրապնդվել և որոշակի գործողություններ կատարել. այսպես է սկսվում զորավարժության կրակային փուլը: Անօդաչու թռչող սարքերով շրջակայքը հետախուզելուց հետո անհրաժեշտ ուժերի ներգրավմամբ իրականացվում է դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացում: Քիչ անց հետախուզությունը զեկուցում է հակառակորդի խոշոր ուժերի առաջխաղացման մասին: Նախանշված վայրում Մի-8 ուղղաթիռով Մի-24 ուղղաթիռի կրակային աջակցությամբ դեսանտավորվում է հատուկ նշանակության ստորաբաժանումը: Րոպեներ անց պայթեցվում է կամուրջը` հակառակորդի ուժերի գետնանցումն ու արագ տեղաշարժը դժվարացնելու նպատակով: Միաժամանակ ստեղծվում են կրակային դարաններ, որոնք նախատեսված են հակառակորդին անսպասելի կրակով առավելագույն վնաս հասցնելու համար: Դարանակալած տանկերը, ՀՄՄ-ներն ու հետևակը գերազանց են կատարում իրենց խնդիրը՝ հնարավորություն տալով մեր հիմնական ուժերին դիրքավորվել: Կատարելով խնդիրը՝ մեր առաջնային ուժերը մարտական կրակով նահանջում են հիմնական դիրք: Նրանց աջակցում է Սու-25 գրոհային ինքնաթիռների մարտական զույգը: Այնուհետև ինտենսիվ արգելափակիչ կրակ են վարում հրետանային միջոցները: Այդուհանդերձ, հակառակորդի խոշոր ուժերին հաջողվում է առաջ շարժվել: Փոխադարձ հակագրոհներ, ստորաբաժանումների տեղաշարժեր՝ մասնակիցները հընթացս կատարում են մարտավարական տարբեր առաջադրանքներ:
Ուժերի կենտրոնացումից հետո հայ-ռուսական զորախմբի հրամանատարությունը որոշում է ընդունում հակառակորդի ջախջախումն սկսելու վերաբերյալ: Համատարած կրակ է բացվում բոլոր ուժերով՝ հրետանի, տանկեր, խոցման այլ միջոցներ: Հրետանին թիրախային հարվածներ է հասցնում հակառակորդի թիկունքում ուժերի բացազատման շրջանում: Մարտական թռիչքներ են կատարում նաև Միգ-29 կործանիչները: Ուղղաթիռների ևս մեկ գրոհից հետո տանկային ստորաբաժանումները թևանցումներ են կատարում և ոչնչացնում հակառակորդի նահանջող ուժերին՝ թույլ չտալով ամրապնդվել նպաստավոր բնագծերում: Պետական սահմանը վերականգնված է:
Հրամանատարական դիտակետում փաստում են՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդը հետ է շպրտվել, առաջնագիծը վերականգնվել է: Պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով:
Ինչպես նշեց գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը` տվյալ փուլը յուրահատուկ էր նրանով, որ հատուկ սցենար չի կազմվել, եղել է թեմա, որի շուրջ էլ զարգացել են գործողությունները, զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ: Զորավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը մարտունակ է և պատրաստ է իր խնդիրը կատարելու: Կրակային խոցման արդյունքները և վերահսկիչ խմբերի զեկույցները համադրելուց հետո կտրվի մասնակից ստորաբաժանումների վերջնական գնահատականը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում