ՀՐԹԻՌԱՎՈՐՆԵՐԻ ԱՀԵՂ ԶԻՆԱՆՈՑԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ը ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է
Հայկական բանակի հրթիռային զորքերն իրենց ամբողջ ծավալով մարտական գործողությունների երբեք չեն մասնակցել: Եվ փառք Աստծո: Ռազմավարական նշանակության եւ ճշգրտության հրթիռային զենքերի կրակը ազդանշան է՝ պատերազմը թեւակոխել է ավերիչ փուլ: Սակայն վերոնշյալը ամենեւին չի նշանակում, թե զորամասերը, որտեղ պահվում են մեր զինված ուժերի զինանոցի ահեղ անվանումներով զինատեսակները, մեկ րոպե անգամ կարող են թուլացնել զգոնությունը:
-Մեր հնարավորություններն ու պայմանները պետք է կատարյալ լինեն, որովհետև զորամասը մշտապես մարտական պատրաստականության բարձր աստիճանում է,- պարզաբանում է հրթիռային զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Պետրոսյանը: -Զորամասը կոչված է լուծելու մարտավարական խնդիր այն ուղղություններում, որտեղից կբխի սպառնալիքը: Հարկ եղած դեպքում՝ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգերը եւ «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրները կարող են հարյուրավոր կիլոմետր ռազմերթ կատարել, սեղմ ժամկետում հասնել կիրառման շրջաններ: Ամեն ինչ արված է, որ հրթիռակիր մեքենաները մշտապես, ամբողջությամբ պատրաստ լինեն թշնամուն արժանի հակահարված տալու:
Որ այս հրթիռային զորամասը ի վիճակի է ամենաբարձր մակարդակով կատարելու մարտական խնդիրը, համոզվեցինք 2018թ. ապրիլին անցկացված բրիգադային մարտավարական զորավարժության ժամանակ: Ռազմական տեխնիկան եւ անձնակազմերը նախ երկար շարասյուներով մեծ տարածության վրա ռազմերթ կատարեցին, ապա Հայաստանում առաջին անգամ «Սմերչը» հրթիռներ արձակեց:
-Քանի որ «Սմերչի» հրթիռը բավականին թանկ է, մենք չենք կարող անընդհատ կրակային վարժանքներ իրականացնել: Հրթիռավորների գործնական հմտությունները ամրապնդելու համար ձեռք է բերվել ներդիր փող, որը թույլ է տալիս «Սմերչից» մարտական հրաձգություն կատարել 100 մմ տրամաչափի արկերով: Ճամբարային հավաքների ժամանակ այն արդեն կիրառվել է, անձնակազմը բարձր գնահատական է ստացել,-ասում է փոխգնդապետ Պետրոսյանը:
Զորամասի շտաբի պետը կարեւորում է նաեւ կիրառման շրջաններում կատարված ծավալուն ինժեներական աշխատանքները. մարտական խնդիր կատարելիս ամենահզոր զինատեսակներն ու դրանք աշխատեցնող անձնակազմերը պաշտպանված են հակառակորդի հարվածներից:
«ՍՄԵՐՉ». ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԵՐԻՑ ՄԵԿԸ
Երբ մայոր Արթուր Հովսեփյանին տեղեկացրին, որ պետք է փոխի ծառայության վայրը, հրաժարվեց: Որպես հրետանավոր միշտ առաջնագծում էր հերթապահել եւ զինվորական կյանքի ռիթմը փոխելու ցանկություն ամենեւին չուներ: Կարդաց հրամանը, նորից կարդաց՝ նշանակվել էր «Սմերչ» ՀԿՌՀ-ի դիվիզիոնի շտաբի պետ: Տեխնիկայի անվանումը մտափոխեց փորձառու հրետանավորին: Հետո մասնակցեց «Սմերչի» մարտական հրաձգությանը. պատասխանատու էր դիվիզիոնին առաջադրված թիրախների հաշվարկների համար եւ վերջնականապես հրթիռավոր դարձավ. «Իմ մարտական մկրտությունն էր: Մեզ կրակոց էր վստահված: Զենքից սպասելիքները մեծ էին, եւ պետք է ապացուցեինք, որ ունակ ենք օգտագործելու ընձեռած հնարավորությունները: Արկի թռիչքը մի ամբողջ հավիտենություն թվաց, բայց արդյունքն արդարացրեց բոլոր ապրումներս»,-ասում է մայոր Հովսեփյանը:
Մարտկոցների հրամանատարներին գործողության հրաման է տալիս՝ զբաղեցնել մեկնարկային դիրք: Մարտավարական պարապմունքներն այստեղ պարբերական են՝ այդպես են ստուգվում տեխնիկայի աշխատունակությունն ու անձնակազմի պատրաստությունը: «Ցանկացած պահի կարող ենք ստանալ տագնապ ազդանշանը: Պետք է պատրաստ լինենք խնդիրը կատարելու ըստ մարտկոցների, ինչը, հաշվի առնելով ժամանակակից պատերազմների բնույթը, ավելի հավանական է»,-բացատրում է դիվիզիոնի շտաբի պետը: Մինչ 43 տոննայանոց «Սմերչը», դեղին փոշի բարձրացնելով, առաջանում է, մայորը զինատեսակի նշանակետերից է խոսում: Ասում է՝ յուրահատուկ են. «Զինատեսակը նախատեսված է հեռվում գտնվող ցանկացած խմբակային թիրախների, այդ թվում՝ հակառակորդի բաց եւ ծածկված կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, հրետանու, մարտավարական հրթիռների, զենիթային համալիրների, կայանատեղիում գտնվող ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, օդանավակայանների, ռազմարդյունաբերական օբյեկտների ոչնչացման համար: Հավանական հակառակորդի տարածքը հետախուզված է, նշանակետերի կոորդինատները հաշվարկված: Հրամանի դեպքում կգործենք անվրեպ»:
Տեխնիկան ռազմերթային վիճակից բերվում է մարտական վիճակի: Հրթիռակիր մեքենան քողարկվում է. սա պարտադիր պահանջ է: Այս ամենը անձնակազմը կատարում է րոպեների ընթացքում: «Գերազանց արդյունք է». -մայոր Հովսեփյանն ակնհայտորեն գոհ է:
Մարտկոցի հրամանատար, կապիտան Հովհաննես Դանիելյանն էլ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է զինատեսակի բնութագրերը. «Ընդամենը 40 վայրկյան է պետք, որ բոլոր 12 փողերից կրակ արձակվի: «Սմերչի» 300 մմ տրամաչափի արկը կարող է թռչել 90 կիլոմետր եւ հողին հավասարեցնել 67 հա տարածքում գտնվող ամեն ինչ: «Սմերչի» հրթիռներն ունեն թռիչքի հետագծի ավտոմատ ճշգրտման համակարգ, որի գլխավոր տարրը հիրոսկոպն է: Սա մեծացնում է խոցման դիպուկությունը: Հզոր միջոց է. նույնիսկ երկու մարտական մեքենաները կարող են փոխել պատերազմի ընթացքը»: Համազարկից հետո «Սմերչը» կրակային դիրքից հեռանալու համար ունի ընդամենը 1-2 րոպե. նույն կետից երկու անգամ կրակ վարելը նպատակահարմար չէ: Հաշվարկի վարորդ Վասիլ Մաթեւոսյանը վստահեցնում է. «Խնդիր չէ. էնպես արագ մի կետից մյուսը տեղափոխեմ, որ հակառակորդը չհասցնի աչք թարթել»: Նրա խոսքով՝ իր վարած բոլոր մեքենաներից այս մեկն ամենալավն է. «Անիվներն ավտոմատ, մի կոճակի սեղմումով փչվում են: Հրաշք չի՞»:
«Սմերչի» մարտկոցի սահուն ղեկավարումն ապահովելու համար Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում վերջերս արդիականացվեց կառավարման շարժական կայանը: Կապիտան Դանիելյանը հարկ եղած դեպքում հենց այս մեքենայից է կրակային խնդիրը փոխանցելու իր ստորաբաժանումին: Բազմազան կապի միջոցները ապահովում են մեծ ընդգրկույթ, իսկ գերճշգրիտ սարքերը կարող են որոշել տեղանքի կոորդինատները, դիրեկցիոն անկյունները, ինչպես նաեւ կողմնորոշել նշանառման սարքավորումները:
«ՏՈՉԿԱ». ԱՅՍԻՆՔՆ՝ ՎԵՐՋԱԿԵՏ
«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Կրիմլյանի ժամկետային ծառայությունը հրթիռային զորամասում է անցել: Այդ երկու տարիներն էլ բավարար էին, որ հասկանար՝ ուզում է հրթիռավոր դառնալ: Մասնագիտության նրբությունները յուրացրեց նախ ՌԴ Սարատովի հրթիռային զորքերի բարձրագույն զինվորական հրամանատարական ինժեներական ուսումնարանում, ապա՝ Միխայլովի անվան ռազմահրետանային ակադեմիայում: Երբ 2011 թ. Հայաստանը ձեռք բերեց «Տոչկա» համալիրները, նրա ոգեւորությանը չափ չկար: «Աչքի լույսի պես ենք պահում,-նկատում է դիվիզիոնի հրամանատարը: -Բայց չմտածեք, թե շվաքարաններից չենք հանում (ժպտում է): Շաբաթը մի քանի անգամ տեխնիկան աշխատեցնում ենք: Շահագործման բարդություն չկա, դժվարը երեւի նման գերճշգրիտ համակարգ ստեղծելն էր»:
Փոխգնդապետ Կրիմլյանը դեղին ու կարմիր դրոշներով համապատասխան ազդանշան է տալիս, եւ անձնակազմը վայրկյանների ընթացքում տեղավորվում է համալիրի խցիկում: Համալիրը պետք է մեկնարկային դիրք զբաղեցնի: Կապիտան Եղիշե Ալոյանն է ղեկավարում մարտկոցը: Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, ընդունվել է Միխայլովի անվան ռազմահրետանային ակադեմիա. «2008 թ. սեպտեմբերի 15-ն էր՝ առաջին անգամ մոտիկից տեսա «Տոչկան»: Աննկարագրելի, անբացատրելի զգացողություններ էին: Այն ժամանակ նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ մի օր մեր զինված ուժերի հավաքակայանում նույնից կունենանք: Ուսումնառության ժամանակ մեզ հնարավորություն ընձեռվեց կրակ վարել թե՛ «Սմերչից», թե՛ «Տոչկայից»: Երկուսն էլ ճշգրիտ էին, ինչպես Ռոբին Հուդի նետը»:
«Տոչկա» համալիրը նախատեսված է հակառակորդի խոր թիկունքում տեղակայված թիրախների խոցման համար, այդ թվում՝ հետախուզական համակարգերի, զորքերի կառավարման կետերի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների կայանատեղիների: Առավելագույն հեռահարությունը 70 կմ է, հրթիռի արագությունը՝ 300-500 մ/վ, հարվածները՝ գերճշգրիտ: «Եթե հաշվարկը ճիշտ է, հրթիռը շեղում չի ունենում, մեխում է ուղիղ նշանակետը, այսինքն՝ տոչկա, վերջակետ: 1993 թ. Աբու Դաբիում առաջին անգամ չորս հրթիռ արձակվեց: Մեկը խրվեց հենց մազութի տակառի մեջ»,- պատմում է փոխգնդապետ Կրիմլյանը: «Տոչկայի» կենսագրության այս դրվագը, ըստ դիվիզիոնի հրամանատարի, լավագույնս է ներկայացնում համալիրի մարտավարատեխնիկական հնարավորությունները:
Արձակման կայանքները զբաղեցնում են մեկնարկային դիրքեր: Հրթիռների տեղափոխման եւ փոխաբեռնման դասակի հրամանատար, լեյտենանտ Արշավիր Սահակյանը արհեստավարժ դիրիժորի նման հատուկ շարժումներով կառավարում է հրթիռի տեղափոխումը լիցքավորման մեքենայից արձակման կայանք: Սովորաբար այս գործողությունը կատարվում է տեխնիկական դիրքում: Սակայն, երբեմն ուսումնական վարժանքների ժամանակ անձնակազմը նույնը իրականացնում է մեկնարկային դիրքում. պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
Վերջին շտրիխը՝ իջեցվում են համալիրի հենոցները: Եվ հրթիռը պատրաստ է թռիչքի: Երկու կոճակների միաժամանակյա սեղմում, եւ 121 վայրկյան անց այն կարձակվի:
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Ե՛վ «Սմերչի», ե՛ւ «Տոչկայի» ընթացիկ սպասարկման համար պատասխանատու է հրթիռահավաքակայանային դիվիզիոնը: Փոխգնդապետ Վլադիմիր Եպիսկոպոսյանն ուղեկցում է իրենց աշխատանքային կետ: Հենց այստեղ են անհրաժեշտության դեպքում նորոգվում արձակման կայանքները, վերահսկվում դրանց գործարկումն ու աշխատունակությունը, ստուգվում հրթիռների ու ռեակտիվ արկերի մարտունակությունը: Թերությունների շտկումը վստահված է վերապատրաստում անցած անձնակազմին, որ աշխատում է հատուկ հանդերձանքով. «Պատահել է՝ փոխադրման ժամանակ հրթիռի հիրոսկոպը շարքից դուրս է եկել, փոխարինել ենք: Հայտնաբերել եւ վերացրել ենք արձակման կայանքի կարեւոր մասնիկի գործարանային թերությունը: Դիվիզիոնում ծառայում են բարձրակարգ մասնագետներ, որոնք սրտացավորեն են սպասարկում տեխնիկան: Ինչ խոսք, բծախնդիր միջոցներ են, հատկապես «Տոչկան». անգամ փոշու հատիկը կարող է վտանգել մարտունակությունը»:
Դիվիզիոնն ապահովված է հատուկ տեխնիկայով՝ ամբարձիչներ, քարշակներ, լաբորատոր մեքենաներ: Իսկ սպիտակ սավանի տակ ռեգլամենտային հարթակն է, որի վրա ստացիոնար եղանակով ստուգվում է «Սմերչի» հրթիռը: Բազում դարակներում էլ պահվում են մանր ու մեծ անհրաժեշտ դետալներ: «Որոշ մասեր արտադրվում են հայրենական գործարաններում: Օրինակ՝ հրթիռի հիրոսկոպային սարքի խոշորացույցը»,-ասում է փոխգնդապետ Եպիսկոպոսյանը, ապա բացում երկարուկ արկղերը: Աշխատանքային տարբեր գործիքներ են, յուրահատուկ բանալիների մի մեծ հավաքածու, որոնցից ամեն մեկն իր գործառույթն ունի:
Զորամասից հեռանում ենք համոզված՝ հրթիռահրետանային զորքերը եղել ու մնում են ճակատամարտերի վճռորոշ գործոն եւ դեռ երկար կպահպանեն պատերազմի աստծո տիտղոսը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և
ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում