ԹՇՆԱՄՈՒ ՃԱՄԲԱՐՈՒՄ
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՆ-Ը ՕԳՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԱՄՆ կառավարությունը որոշել է 10 մլն դոլարի ֆինանսական օգնություն հատկացնել Ադրբեջանին: Գումարը ծախսվելու է Ադրբեջանի ռազմածովային ուժերը հզորացնելու և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա. Ամերիկան միշտ էլ օգնել է Ադրբեջանին: Բայց արի ու տես, որ այնտեղ զարմացել են: «Այն պահին, երբ երկկողմ հարաբերությունների մթնոլորտում սառնություն էր հաստատվել, ոչինչ չէր կանխորոշում իրադարձությունների նման շրջադարձը»,- գրում է «Զերկալոն»: Իհարկե, Ադրբեջանին «սիրաշահել» պետք է. նրա տարածքով ռազմական հանդերձանք է մատակարարվում Աֆղանստան, նրա օդային տարածքով իրականացվում են հազարավոր ռազմական ու կոմերցիոն չվերթներ:
Բայց ի՞նչ է 10 մլն դոլարը Ադրբեջանի համար. մի կաթիլ՝ օվկիանոսում: Մի՞թե Ադրբեջանը դրա կարիքն ուներ: 2010թ. Բաքուն ինքը կես միլիոն դոլարի օգնություն հատկացրեց Հաիթիի երկրաշարժից տուժածներին, 350 հազար դոլար՝ Պակիստանում ջրհեղեղից տուժածներին (բայց ոչ՝ ջրհեղեղից տուժած իր քաղաքացիներին), 1 մլն դոլար՝ Ճապոնիային, 100 հազար՝ Սոմալիին: Եւ հիմա ի՞նքն է 10 մլն վերցնում:
«Ադրբեջանն այսօր բավականին կենսունակ է՝ իր խնդիրները սեփական ռեսուրսների հաշվին լուծելու համար, -գրում է «Զերկալոն» և շարունակում:- Անվճար պանիրը միայն թակարդում է: Արդյոք Պենտագոնի այս նախաձեռնությանը չե՞ն հետևի նոր պահանջներ»:
Պահանջներ, թերևս, չեն հետևի: Բայց այն հարցը, թե այդ 10 մլն դոլարի ո՞ր մասը կհայտնվի Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների գրպանում, ամերիկացիներին անկասկած կհետաքրքրի:
Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՅՆ ՈՒ ԹՈՒՐՔԸ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑԵԼ
Եթե հայերս Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի մասին խորհելիս հաղթանակից բացի այլ ելք չենք էլ կարող քննարկել, ապա նույնը չի կարելի ասել օտարերկրյա փորձագետների մասին. նրանք պարտավոր են վերլուծել տեսականում հնարավոր բոլոր տարբերակները:
«Եկեք ենթադրենք մի պահ, որ Ադրբեջանը պարտության մատնեց հայկական բանակը և ղարաբաղյան ուժերին,- ասում է ամերիկացի վերլուծաբան Բրայան Ուլրիխը:- Ինչպե՞ս է նա կառավարելու մի ժողովրդի, որի հետ ոչ մի շփում չի եղել համարյա 20 տարի: Ղարաբաղի հայերի մի զգալի մասը ծնվել է պատերազմից հետո և չի հիշում, որ տարածաշրջանը եղել է Ադրբեջանի կազմում»:
Ահա օրինակ, թե ինչպես կարելի է ճիշտ փաստարկով սխալ դատողություն անել: Ուլրիխի ասածից բխում է, որ արցախցիների այն մասը, որը հիշում է Ադրբեջանի տիրապետության տակ եղած տարիները, Ադրբեջանը կարող է կառավարել: Իրականում նրանք, ովքեր ապրել են Ադրբեջանի լծի տակ, առավել ևս կընդվզեն և չեն ցանկանա նորից հայտնվել նրա կազմում:
«Ես չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել առանց Բաքվի և տարածաշրջանի բնակչության միջև շփումներ հաստատելու: Ժողովուրդների միջև հաշտության բացակայությունը հոռետեսության լուրջ պատճառ է»,- շարունակում է ամերիկացի վերլուծաբանը:
Օտարի համար այս մի սխալն էլ է ներելի. նա կարծում է, թե հայերն ու ադրբեջանցիները կարող են «շփումների միջոցով բարեկամանալ»: Նա չի հասկանում, որ հայն ու թուրքը կարող են խաղաղ գոյակցել միայն մի դեպքում, երբ թուրքը վախենում է հայի ձեռքում եղած «մահակից»:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Էյնուլլա Ֆատուլաևը բանտում անցկացրած տարիների վերաբերյալ իր հուշերում գրում է, որ ծնունդով աղդամցի ոստիկանը (կոչումով մայոր) իր հետ զրույցի ժամանակ հարցրել է.
– Իսկ հայերը չե՞ն վերադարձնի մեր հողերը: Վերջապես ե՞րբ մենք կվերադառնանք մեր Աղդամ:
– Ինչքա՞ն կարելի է ճամարտակել Ղարաբաղի մասին,- պատասխանել է Ֆատուլաևը:- Ինչքա՞ն կարելի է քայլել նույն փոցխի վրա: Հետևանքը նույնն է՝ արնաշաղախ ոտք, գումարած՝ ճակատին հասցրած մուշտի:
Ադրբեջանում բոլորն էլ սա գիտեն, թեպետ բարձրաձայնել համարձակվում է միայն Ֆատուլաևը: Նշանակում է՝ հայ-ադրբեջանական ջերմ հարաբերությունների համար այսօր ստեղծված են հիանալի նախադրյալներ: Եւ ինչքան հզոր լինի հայոց բանակը, այնքան ավելի բարեկամական կլինեն այդ հարաբերությունները:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՇԽԱՏԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
Ադրբեջանցի տնտեսագետ, նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանին իր համաքաղաքացիները հաճախ են հարցնում՝ իրակա՞ն են արդյոք Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումները նավթի արտահանումից ակնկալվող եկամտի վերաբերյալ, բավակա՞ն են արդյոք այդ միջոցները՝ Ադրբեջանի քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակն ապահովելու համար, ի՞նչ կլինի, երբ ադրբեջանական նավթը վերջանա: Այս հարցերը հուզում են ադրբեջանական հասարակությանը:
Որպես դրանց պատասխան՝ ադրբեջանցի տնտեսագետը հիշեցնում է նավթ արտահանող երկրներին բնորոշ արատները, որոնք ստացել են «հոլանդական ախտանիշ» անվանումը: Ահա դրանք.
– «Նավթային փողի» մեծ հոսքի պատճառով կառավարությունն անցնում է աշխատանքի անարդյունավետ ռեժիմի, ավելացնում է ավելորդ ծախսերը:
– Ազգային դրամի թանկացման պատճառով տեղի արտադրանքը դառնում է անմրցունակ (ինքնարժեքը ավելանում է):
– Քաղաքական բարեփոխումները մղվում են հետին պլան:
– «Խմբակային» (կորպորատիվ) շահերը գերակա են դառնում հասարակական շահերի նկատմամբ:
Այս արատները ամենացայտուն ձևով դրսևորվել են Նիգերիայում ու Անգոլայում, և դրսևորվում են նաև Ադրբեջանում: Միակ երկիրը, որը կարողացել է խուսափել տնտեսական այդ հիվանդությունից, Նորվեգիան է:
Որպես կանոն, նավթ արտահանող երկրներում տեղի բնակչությունը վարժվում է ծուլության և չի ցանկանում աշխատել: Սաուդյան Արաբիայում, օրինակ, կար մի ժամանակաշրջան, երբ երկրի բնակչության մեկ երրորդը օտարերկրացիներ էին, որոնք եկել էին աշխատելու: Պաշտոնական տվյալներով` այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ Ադրբեջանում աշխատանք փնտրող ներգաղթյալների (միգրանտների) թիվը հասնում է 400-440 հազարի (!): (Ի դեպ՝ նրանցից ընդամենը 11 հազարն ունի աշխատելու թույլտվություն): Սա նշանակում է, որ ադրբեջանցիներն էլ են արդեն ծուլացել և չեն ուզում աշխատել:
Նավթ արտահանող երկրների մյուս խնդիրը բնակչության շեշտակի աճն է: Օրինակ` Սաուդյան Արաբիայի բնակչությունը 1970թ. 4 միլիոնի չէր հասնում, իսկ 2000թ. արդեն 22 միլիոն էր. 30 տարում աճը կազմել է համարյա 400% (!): Բնականաբար, բնակչության քանակի ավելացումն ուղեկցվում է սոցիալապես անապահով մարդկանց թվի է՛լ ավելի շեշտակի աճով, ինչը ներքաղաքական անկայունության նախադրյալ է: Ադրբեջանի բնակչության քանակը վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է 11.2%-ով: Իհարկե, մեծ է նաև արտագաղթողների թիվը:
Նավթ ունեցող երկրներում, որպես կանոն, տնտեսության մյուս ճյուղերը չեն զարգանում: Սաուդյան Արաբիայից արտահանվող ապրանքի 95%-ը նավթ է: Այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանից արտահանվող ապրանքների 86%-ը նույնպես եղել է հում նավթը:
«ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒՆ ԱՆՍԱՀՄԱՆ ՀԱՐՈՒՍՏ Է»
Ճոխության հանդեպ մոլուցքը նավթային եկամտի մյուս կողմն է: Երբ փողը թափվում է ասես «առատության եղջյուրից», երկրի ղեկավարությունը նախաձեռնում է անիմաստ ու ծախսատար շինարարություն, փորձում իրականացնել խելահեղ մտահղացումներ: Սաուդյան Արաբիայի թագավորները 30 տարվա ընթացքում երկրում կառուցել են 205 (!) օդանավակայան, որոնց կարիքն այսօր էլ դեռ չկա և հայտնի չէ՝ երբևէ կլինի՞: Թագավորական ընտանիքը 3-4 տարին մեկ նոր ինքնաթիռ է ձեռք բերում՝ առանց անհրաժեշտության: Արքայազն Վալիդ բեն Թալալը վերջերս իր համար գնել է 320 միլիոն դոլարանոց «Aerobus A380» ինքնաթիռ, որը նախատեսված է… 550 մարդու համար (!): Ադրբեջանում նույնը չէ՞. վիթխարի հրապարակ ու վիթխարի դրոշ կառուցելու համար ծախսվեցին հարյուր միլիոնավոր դոլարներ, հիմա էլ երկրորդ հրապարակն են կառուցում: Էլ չասած՝ իշխանավորների անձնական հարստության մասին:
Օրերս հանրահայտ «WikiLeaks» կայքը գաղտնազերծեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Դոնալդ Լուի՝ իր կառավարությանն ուղղված ևս մի տեղեկագիր, որում ամերիկացի դիվանագետը նկարագրում է Իլհամ Ալիևի՝ Բաքվի մերձակայքում գտնվող դղյակում հանդիսավոր ընդունելությունից ստացած տպավորությունը: Դիվանագետի խոսքով, դղյակում կային մի քանի ստորգետնյա սաունաներ, վիթխարի փակ լողավազան և նույնիսկ… ոսկեզօծ շատրվան: 4-ժամյա ընդունելության ընթացքում օտարերկրյա հյուրերին մատուցել են բազմաթիվ ուտեստներ, այդ թվում՝ սև խավիար, թառափ և գինիներ: «Իլհամ Ալիևն ուրախ էր, որ կարողացել է զարմացնել իր հյուրերին»,- նշվում է դիվանագետի տեղեկագրում:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսահման հարուստ է,- շարունակում է Դոնալդ Լուն:- Հասկանալի չէ միայն, անհանգստացնո՞ւմ է նրան իր անձնական ճոխության և Ադրբեջանի հասարակ քաղաքացիների կյանքի միջև եղած խիստ հակադրությունը»:
Արևմտյան վերլուծաբանները միանգամայն իրավացիորեն ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ վերջին 30 տարում արաբական (մահմեդական) երկրներից ոչ մեկին չի հաջողվել ստեղծել արդյունավետ տնտեսություն՝ բացի նավթային ոլորտից: Հաշվի առնելով այս ամենը՝ տնտեսագետ Իլհամ Շաբանը եզրակացնում է.
«Ավանդական (տրադիցիոն) հասարակության մեջ նավթի արտահանումից ստացված մեծ եկամուտը չի կարող վերածվել արդյունավետ ներդրումի, տնտեսության և լիբերալ հաստատությունների: Ընդհակառակը, այդ եկամուտը կաթվածահար է անում հարմարվողականության ուժեղ համակարգերը, որոնք նախատեսված են տնտեսական զարգացումը խթանելու համար:
Եւ ուրեմն՝ անհնար է փողի և նույնիսկ խոշոր կապիտալի միջոցով ապահովել հզոր տնտեսության զարգացումը: Ադրբեջանը ծրագրում է 2015թ. նավթի արդյունահանումը հասցնել 60 մլն տոննայի: Պետք է նկատի առնել նաև այն, որ դրանից հետո նավթի պաշարները կսկսեն սպառվել: Մեր իշխանությունները կարող են նավթի փողերը աջ ու ձախ ցփնել ամենաշատը ևս 5-6 տարի (շարունակելով կառուցել ոչ եկամտաբեր օբյեկտներ), իսկ դրանից հետո հարկ կլինի «գոտիները ձգել»» (http://www.radioazadlyg.org/content/article/2179041.html):
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ