Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԶԻԿ-ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԶԻԿ-ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆՀոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ս.թ. մայիս ամսին Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկ-զինծառայողներին և թիմի մարզիչներին:

Զրույցի ընթացքում մարզիկներն ու նրանց մարզիչները ներկայացրել են զինծառայություն անցնող և միջազգային հեղինակավոր մրցաշարերում աչքի ընկած մարզիկների ներուժն արդյունավետ օգտագործելու խնդրի վերաբերյալ իրենց տեսակետները:

Կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտային հաջողությունների շնորհիվ մեր երկրի և զինված ուժերի հեղինակության շարունակական բարձրացումը՝ Դավիթ Տոնոյանը պատկան մարմիններին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման աշխատանքները:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԱՐԶԻԿ-ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆՀանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ռազմական սպորտի միջազգային խորհրդի անցկացրած առաջնությանը մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար պարգևատրել է ՀՀ ՊՆ հավաքական թիմի անդամներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը մասնակցել են 22 պետությունների 153 մարզիկներ, այդ թվում` օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին կարգի միջազգային մրցավար Գուրգեն Սահակյանն էլ արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

 

Խորագիր՝ Նորություններ


22/10/2018