Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆ



ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆ«Ժամանակը կանգնեցնողը, Ստամբուլի աչք, Ստամբուլի լուսանկարիչ, կենդանի լեգենդ…» Այսպես են նրան կոչել ժամանակակիցները:

Արա Գյուլերը կյանքի 90 տարիներից 68-ը նվիրել է լուսանկարչությանը։ Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։

 

♦♦♦

 

Արա Գյուլերը սկզբնական կրթությունն ստացել է Պոլսի Մխիթարյան վարժարանում:

1950թ. թղթակցել է Yeni Asia պարբերականին։

1950թ. թղթակցել է «Նոր Ստամբուլ» և «Հյուրիեթ» թերթերին՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

1951թ. ավարտել է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։

1958 թ. դարձել է ամերիկյան «Թայմ Լայֆ» հանդեսի թուրքական մասնաճյուղի` Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ ֆրանսիական «Paris Match», գերմանական «Stern» և բրիտանական «Sunday Times»:

1961 թ. ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը: Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում:

1962թ. արժանացել է  Master of Leica տիտղոսին։

Գյուլերը բազմաթիվ այլ մրցանակներ էլ է ստացել  աշխարհի տարբեր կազմակերպություններից։

1960-ականերից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքերը և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում՝ Կանադայում՝ «Համաշխարհային առկայծումներ», Նյու Յորքի ժամանակակից արվեստի պատկերասրահում «Գունավոր լուսանկարչության տասը վարպետները», Քյոլնում՝ «Լուսանկարչական կայծ» և այլն:

Ստամբուլում գտնվող նրա հայրական տունը վերածվել է տուն-թանգարանի, իսկ առաջին հարկում գտնվող «Արա» սրճարանը նշանավոր արվեստագետների հավաքատեղին է:

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐԸ, ինչպես մեր մյուս աշխարհահռչակ լուսանկարիչ ՀՈՎՍԵՓ ՔԱՐՇԸ, լուսանկարել է համաշխարհային մեծության դեմքերի, ինչպիսիք են Բերտրան Ռասսելը, Առնոլդ Թոյնբին, Ուինսթոն Չերչիլը, Պիկասոն, Սալվադոր Դալին, Արամ Խաչատրյանը, Սոֆի Լորենը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Վիլյամ Սարոյանը, Փարաջանովը, Ինդիրա Գանդին, Մարիա Կալասը եւ այլք։

 

 

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆԱրամ Խաչատրյանին լուսանկարելու պատմությունը

 

Աշխարհահռչակ կոմպոզիտորին լուսանկարելու պատմության հետ կապված դիպվածը Արա Գյուլերը հիշում է ջերմորեն: Նա Խաչատրյանին լուսանկարել է կոմպոզիտորի մոսկովյան բնակարանում:

Կոմպոզիտորը բավականին լարված է նստել լուսանկարչի առջեւ, արհեստական կեցվածք ընդունել: «Ես ադանք պատկեր չեմ քաշեր»,- ասել է Գյուլերը:

Լարվածության մթնոլորտն ավելի է թեժացրել այն հանգամանքը, որ չեն կարողացել շփվել մեկ լեզվով՝ Գյուլերը խոսել է արեւմտահայերեն, Խաչատրյանը՝ ռուսերեն:

Կոմպոզիտորին լարվածությունից հանելու համար Գյուլերը որոշել է մի փոքր դադար վերցնել: Ժամանակ շահելու համար լուսանկարիչը փոխել է լույսերի դիրքը, մոտեցրել էլեկտրական վարդակին եւ բարձր լարման լույսերը միացրել վարդակին:

«Ամբողջ շենքի լուսեր գնացին: Հիմա մենք Խաչատուրյանի հետ մնացել ենք մութին մեջ: Արամ Խաչատուրյանը մեկ բառ չիդե, միայն ռուսերեն՝ ուրիշ լեզու չիդե: Հիմա ինչերե՞ն պիտի խոսենք մարդու հետ, մթին մեջ ենք մնացել երկուքս»,- պատմել է Գյուլերը:

 

Սոֆի Լորենին լուսանկարելու պատմությունը

«Մի անգամ տեսա, որ նա վերելակ է նստում, ես շտապեցի նրա հետեւից։ Միասին վերեւ բարձրացանք։ Նա հոգնած էր, հանեց կոշիկները եւ պառկեց մահճակալին։ Հարցրի, թե կարող եմ նրան այդ դիրքով լուսանկարել, նա դրական պատասխանեց։ Նկարեցի եւ ուղարկեցի լուսանկարները մեր թերթին, որտեղ իմ արած լուսանկարները տպագրվեցին «Արա Գյուլերը՝ Սոֆի Լորենի ննջարանում» վերնագրով»։

 

Հայտնի լուսանկարչի հանդիպումը Պիկասոյի հետ

 

«Երբ Պիկասոյի հետ հանդիպեցինք, ինքն ինձ շատ էր հավանել։ Նա ասաց. «Դու ինձ այդքան շատ լուսանկարում ես, սպասիր ես էլ քեզ նկարեմ»։

 

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆ2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվեց Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ  աշխարհահռչակ լուսանկարիչը ժամանել էր Երևան:

Ցուցահանդեսի համար Արա Գյուլերը Ստամբուլից բերել էր ավելի քան 130 լուսանկարներ, որոնք արվել էին տարբեր ժամանակներում` աշխարհի տարբեր անկյուններում:

Արա Գյուլերը մերժել է լուսանկարչության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, հատկապես դեմ է արտահայտվել «ֆոտոշոփի» կիրառմանը:

 

 

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ

ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՆ

«Ժամանակակից լուսանկարիչները, արհեստական էֆեկտներն օգտագործելով, խաբում են դիտողին: Բնութեան մեջ չիկան լուսեր, դուն ան լուսերը կդնես ու սուտ կխոսիս: Իրականությունն ան չէր…»:

 

«Լուսանկարչությունը արվեստ չէ»:

 

«Լուսանկարչության մեջ, ինչպես ամեն տեղ, առանցքային նշանակություն ունի մարդը, անհատը: Առանց մարդու փերսոնալիթեի ռեակցիա չի կրնա ըլլար»:

 

Իր ներդրած ավանդի համար նա տարբեր ժամանակներում թուրքական կառավարության եւ երկրի տարբեր նախագահների կողմից ստացել է բոլոր հնարավոր բարձրագույն պարգեւները, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»:

 

Գյուլերի լուսանկարչական աշխատանքները աշխարհի մի շարք թանգարաններում են, մասնավոր եւ ազգային հավաքածուներում, մի պատկառելի հավաքածու էլ կենտրոնացած է Ստամբուլի նրա հայրական տանը, որը մի քանի տարի առաջ վերածվեց տուն-թանգարանի:

Խորագիր՝ #17 (1264) 24.10.2018 - 30.10.2018, Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


25/10/2018